
«Տեղի ունեցավ Հայաստանի կապիտուլյացիայի և հայկական Արցախի հանձնման եռակողմ վավերացումը». Մերի Հարությունյան

Մերի Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Տեղի ունեցավ Հայաստանի կապիտուլյացիայի և հայկական Արցախի հանձնման, ըստ էության, եռակողմ վավերացումը: Ճռճռան խոսքեր, փոխադարձ գովասանք, Ադրբեջանի (Թուրքիայի) և ԱՄՆ-ի համար մի քանի կետերով՝ տնտեսական,քաղաքական, ռազմական, շահերի հստակ ամրագրում՝ որոշակի պայմանավորվածությունների շրջանակներում, որոնց մասին հայտարարվեց: Իսկ հայկական կողմի շահերն անտեսվեցին այնպես, ինչպես արցախցիների վերադարձի մասին լրագրողի անպատասխան թողնված հարցը:
Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքների վերադարձի մասին ոչ մի խոսք, Բաքվում հայ գերիների ու պատանդների վերադարձի մասին ոչ մի խոսք, Արցախի պատմամշակութային կոթողների ոչնչացման դեմն առնելու մասին ոչ մի խոսք և հանձնառություն, Սյունիքով խայտառակ գործարքի՝ թուրքական մեծ երազանքի իրականացման պարագայում ՀՀ ինքնիշխանության երաշխավորման, անվտանգության ապահովման, ՀՀ-ի համար տնտեսական շահավետության մասին ոչ մի խոսք…
Ի՞նչ է շահում այս ամենից Հայաստանը, ի՞նչ: Այսպիսի խաղաղություն ստանալը ոչնչով չի տարբերվում ստրուկին չսպանելու դիմաց նրան հավերժ շահագործելու խոստումը որպես հումանիզմի բարձրագույն դրսևորում ներկայացնելուց: Հրճվեք, հոգով ստրուկնե՛ր, ձեզ նետված ոսկորից: Ինչպես Վազգենն էր ասում՝ դուք մեռոնին թույն կխառնեք. «Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը:
Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում…!!! «Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ հող չէ: Մեղրին քո տան դուռն է, հայ: Մեղրին քո հացի մայան է: Եվ երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տան դուռը փակում ես քեզ վրա: Չգիտեմ՝ ներսից, չգիտեմ՝ դրսից, ու բանալին կախում ես կրծքիցդ: Քանի բանալի կար կախված 1915 թվից: Քանիսը կորավ:
Քանիսը մնաց: Իսկ դռները՝ բաց… Տանը հայ չկա: Թուրք-մուրք չգիտեմ, պատերազմ-մատերազմ չգիտեմ՝ համաշխարհային-մամաշխարհային՝ արդարացում հնարեցինք, թիկունքում պահվեցինք, որ չխոստովանենք՝ 1915 թ. առաջ ու հետո ու հիմա տեր չէինք, չեղանք, տեր չենք դառնում մեր տանը: Մենք վախենում ենք մեր ուժից: Մեզ վարժեցրել են ուրիշի ուժին: Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ: Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես: Եթե տաք Մեղրին, ձեր արյանը խառնում եք այն բենզինը, որը չի թունավորելու, պայթեցնելու ձեր գանգը: Ես զգուշացնում եմ՝ Մեղրին մի օր պայթելու է հենց Երևանի կենտրոնում: Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը: Ես ձեզ չեմ հասկանում: Ես ձեզնից վախենում եմ, դուք կգնաք ու ձեր զավակների վզից կկախեք Մեղրիի ձեր տան բանալիները, լաց կլինեք, կենաց կխմեք ու կսատկեք կարոտից, բայց զենք չեք վերցնի: Ես ձեզնից վախենում եմ, դուք մեռոնին թույն կխառնեք…» Վազգեն Սարգսյան