
Մինսկի խումբը կլուծարվի, Իրանը կստանա երկաթուղային հնարավորություն Պարսից ծոցից մինչև Սև ծով. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստորագրած հռչակագրով Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։
Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետը շեշտել է, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն առանցքային իրադարձություն է և շատ էական քայլ դեպի վերջնական ստորագրում և վավերացում։
«Ընդհանրապես հռչակագիրը նրա մասին է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվում է խաղաղություն։ Հռչակագրում հստակ գրված է, որ մենք փակում ենք թշնամանքի էջը, բացառում ենք ուժի կիրառումը և հարաբերությունները կառուցում ենք ՄԱԿ-ի կանոնադրության, Ալմաթիի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Խորհրդային Հայաստանի տարածքը ճշգտրի նույնական է Հայաստանի Հանրապետության տարածքի հետ, Խորհրդային Ադրբեջանի տարածքը ճշգրիտ նույնական է Ադրբեջանի Հանրապետության տարածքի հետ։ Մենք փոխադարձաբար ճանաչում ենք միմյանց անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը, և հաստատվում է խաղաղություն»,- ասել է Փաշինյանը։