ՄԱԿ-ից մինչև Սնուփ Դոգ․ Փաշինյանն Ալիևի համար զբաղեցնում է հայկական ու միջազգային հանրությանը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր արտակարգ նիստ է հրավիրել՝ արձագանքելով Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Հայաստանի ահազանգին:
Ինչ ընթացք ու ամենակարևորը՝ ինչ արդյունքներ կունենա այդ նիստը և որքանով կնպաստի արդեն իններորդ ամիսը շրջափակման մեջ գտնվող Արցախի կյանքի ճանապարհի բացմանը, դժվար է ասել, թեև լավատեսության հիմքերն առանձնապես շատ չեն:
Եթե ավելի ուղիղ, ապա ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստի արդյունքներ չարձանագրելու հավանականությունը հարաբերականորեն ավելի բարձր է, քան հնարավորությունը, որ նիստի շնորհիվ Արցախը կապաշրջափակվի: Բանն այն է, որ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստերն արտահայտում են այդ պահին աշխարհաքաղաքական հիմնական խաղացողների շահերն ու մոտեցումները: Պետությունները, որոնք այս կամ այն կերպ քվեարկությամբ կարող են նպաստել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը, ունեն Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու բավարար գործիքակազմ, և եթե Արցախի ապաշրջափակումը բխի նրանց այս պահի շահերից, դա կարող էին/են անել նաև առանց ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստի:
Մյուս կողմից, եթե անգամ ՄԱԿ անվտանգության խորհուրդն ընդունի ընդհուպ Արցախն ապաշրջափակելու պահանջ պարունակող բանաձև, չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանն այն կատարելու է, հատկապես այն դեպքում, երբ վերջինս ուղղակի թքած ունի միջազգային իրավունքի աշխարհում, մոտավորապես ՄԱԿ-ի կարգավիճակն ունեցող Արդարադատության միջազգային դատարանի երկու վճիռների վրա։
Այս իրողություններից, բնականաբար, չի բխում, թե Հայաստանը չպետք է դիմեր ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, և, որ այդ քայլը որևէ օգուտ չի կարող տալ։ Ամենևին, ստեղծված իրավիճակում դա անհրաժեշտ քայլերից մեկն էր, որի նշանակությունը, սակայն, չպետք է գերագնահատել։ Իսկ որ գերագնահատման փորձեր կատարվում են, արդեն իսկ տեսանելի է իշխանական քարոզչության շեշտադրումներից։
Այդ քարոզչությունն ավելի կսաստկանա առաջիկա օրերին՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստն ինքնին ու դրա այս կամ այն արդյունքը ծառայեցնելով Հայաստանի իշխանության մանր շահերին:
Նախ, արդեն իսկ մինչև նիստի անցկացման օրվա հայտարարումը Հայաստանի իշխանության ուղղակի քարոզիչներն ու անուղղակի սպասավորները միայն ՄԱԿ անվտանգության խորհրդին դիմելու քայլը որակում են՝ որպես հայկական դիվանագիտության մեծագույն ձեռքբերում: Իրականում, սակայն, ՄԱԿ Անվտանգության խորհուրդ դիմելու քայլը Նիկոլ Փաշինյանի համար ունի շատ ավելի մեծ քարոզչական, քան իրական քաղաքական նշանակություն, ու այդ նիստի այս կամ այն արդյունքն էլ օգտագործվելու է հենց քարոզչական նպատակներով:
Եթե Տա Աստված, ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով Արցախն ապաշրջափակվեց, ապա դա Նիկոլ Փաշինյանի ու նրա քարոզչության կողմից ներկայացվելու է՝ որպես դարակազմիկ հաղթանակ, դիվանագիտական մտքի ու փաշինյանական տաղանդի փայլատակում և անձնազոհություն հանուն Արցախի: Հակառակ դեպքում, այդ նիստի կողմից իրական արդյունք չարձանագրելու պարագայում, նույն այդ քարոզչությունը ներկայացնելու է, որ չնայած Նիկոլ Փաշինյանի ու հայկական դիվանագիտության անդուլ ջանքերին, աշխարհը, միջազգային հանրությունը հերթական անգամ տմարդի գտնվեց ու բավարար ջանք չգործադրեց Արցախը հումանիտար աղետից փրկելու համար:
Այս՝ ոչ հայանպաստ սցենարը Նիկոլ Փաշինյանը կօգտագործի՝ ցույց տալու համար, որ արեց իրենից կախված հնարավոր առավելագույնը, սպառեց դիվանագիտական գործիքակազմը և Արցախի հարցով այլևս ըստ էության անելիք չունի ու կարող է հանգիստ պատրաստվել Սնուփ Դոգի համերգին:
Արցախի շրջափակումը, այնտեղ հաստատված հումանիտար աղետը՝ կենսական կարևորություն ունեցող խնդիրներ լինելով, այդուհանդերձ ածանցյալ իրողություններ են։
Այն, ինչ կատարվում է Արցախում, Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հակահայկական քայլի ուղղակի հետևանքն է։
Եվ եթե անգամ ամենալավատեսական սցենարի դեպքում ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստի արդյունքում Արցախն ապաշրջափակվի, դա լինելու է սոսկ միջանկյալ, խիստ ժամանակավոր լուծում՝ մինչև հաջորդ ադրբեջանական արհավիրքը, որը կարող է տեղի ունենալ հաշված օրերի ընթացքում։
Արցախի ներառմամբ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով՝ Նիկոլ Փաշինյանն ամենամեծ նպաստն է բերել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանացմանը։ Նա դրել է այդ գործընթացի իրավական հիմքը, Ալիևը հիմա՝ Արցախը սովամահության մատնելով, իրականացնում է Արցախի ադրբեջանացման «տեխնիկական» գործողությունները։ Այդ տեսանկյունից, իրականում Նիկոլ Փաշինյանը զբաղված է Ալիևի համար ժամանակը երկարաձգելով, որին ծառայում են, օրինակ, Հրազդան մարզադաշտը՝ Երևանում, և ՄԱԿ կենտրոնակայանը՝ Նյու Յորքում։
Երկուսի արդյունքն էլ, ընդ որում, մոտավորապես նույնն է՝ Երևանում տժժալու են Սնուփ Դոգի թմրահնչյունների ռիթմերի հանգույն, Նյու Յորքում՝ Հայաստանի վրա, որը սեփական ու միջազգային հանրությանը զբաղեցնում է՝ մինչև Ալիևն Արցախում ավարտին կհասցնի ադրբեջանացման այն գործընթացը, որի հիմնաքարը դրել է Նիկոլ Փաշինյանը։
Եվ ամենևին զարմանալի չի լինի, եթե երբևէ պարզվի, որ Սնուփ Դոգի համերգի 6 միլիոն դոլարը և, ասենք, Արարատ Միրզոյանի՝ Նյու Յորքի օդանավի տոմսը վճարվել է Ալիևի կողմից։
Ծաղրածուները բարձր են վարձատրվել բոլոր ժամանակներում։
Հարություն Ավետիսյան