Հարկերի հավաքագրումը խնդիրների առաջ է. մուտքերի աճը գրեթե դադարել է

Այն, որ վերջին շրջանի Հայաստանի տնտեսության, այդ թվում՝ բյուջեի հարկային եկամուտների բարձր աճերը հիմնականում արտաքին գործոնների ազդեցության արդյունք էին, հայտնի իրողություն է։ Պատահական չէ, որ ինչքան թուլանում են այդ ազդեցությունները, այնքան խամրում են նաև աճերը։

Դա ակնհայտ է ոչ միայն տնտեսության, այլև բյուջեի հարկային եկամուտների ցուցանիշներում։

Հիշեցնենք, որ հունիսին, նախորդ տարվա հունիսի նկատմամբ, արձանագրվեց տնտեսական ակտիվության աճի տեմպի կրկնակի դանդաղում։ Նախկին երկնիշ աճերի փոխարեն՝ այն կազմեց ընդամենը 6,8 տոկոս։

Արտաքին գործոնների ազդեցության թուլացումը շատ ավելի ցայտուն է արտահայտվել հատկապես բյուջեի հարկային եկամուտների վրա։

Կարդացեք նաև

Հուլիսին մուտքերի աճը գրեթե դադարել է։ Թերևս դա է պատճառը, որ իր սովորության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն այս անգամ խուսափեց խոսել հարկային եկամուտների «աննախադեպ» աճերի ու «պատմական ռեկորդների» մասին, ինչը նախկինում անում էր՝ նույնիսկ ամիսը չփակված։

Նիկոլ Փաշինյանի լռության պատճառը բացահայտեց Պետեկամուտների կոմիտեն՝ հրապարակելով տարեսկզբի յոթ ամիսների բյուջեի հարկային մուտքերի կատարողականը։

«2023 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել են 1 տրիլիոն 265 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 178,4 մլրդ դրամով կամ 16,4 տոկոսով,- ամփոփելով յոթ ամիսների արդյունքները՝ հայտարարեց Պետեկամուտների կոմիտեն։

Առաջին տպավորությամբ՝ հարկային եկամուտները նախկինի պես շարունակում են բարձր տեմպերով աճել։ Բայց այդ տպավորությունը խաբուսիկ է։

Յոթ ամիսների արդյունքում հարկային եկամուտների աճի տեմպը բավական կտրուկ ընկել է։ Կիսամյակի տվյալներով՝ մուտքերն ավելացել էին 19 տոկոսով կամ 176 մլրդ դրամով։ Արդեն յոթ ամիսներին աճն իջել է 16,4 տոկոսի։

Նախորդ տարվա համեմատ՝ յոթ ամսում ավել է հավաքվել 178,4 մլրդ դրամ։

Մինչդեռ կիսամյակի ավել հավաքագրումը 176 միլիարդ էր։

Սա նշանակում է, որ հուլիսին մուտքերն ավելացել են ընդամենը 2,4 միլիարդով։ Նախկին որևէ ամսում մուտքերի այսպիսի չնչին աճ չէր արձանագրվել։

Դատելով հրապարակված ցուցանիշներից՝ հուլիսին ՊԵԿ-ին հաջողվել է հավաքել 161,1 մլրդ դրամ։

Պատկերացնելու համար, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել մուտքերում, համեմատենք նախորդ տարվա հետ։

Նախորդ տարվա հուլիսին հավաքվել էր 158,7 մլրդ դրամի հարկ ու տուրք։ Այս տարի հավաքվել է 161,1 միլիարդի։ Տարբերությունը 2,4 միլիարդ է։

Հուլիսին, նախորդ տարվա համեմատ, բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են ընդամենը 1,5 տոկոսով։

Կարելի է ասել, աճը գրեթե կանգ է առել։ Հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի աճեր էին արձանագրվում նախորդ շրջանում։ Առաջին եռամսյակում մուտքերն աճել էին 15,2 տոկոսով։ Ապրիլին նույնիսկ անցնում էին 28 տոկոսից՝ պայմանավորված հատկապես բանկային համակարգում նախորդ տարվա ընթացքում գեներացված բարձր շահույթներով ու շահութահարկի վճարներով։ Մայիսին հարկային եկամուտներն ավելացել էին 18,5 տոկոսով։ Հունիսին մուտքերի աճի տեմպը որոշ չափով նվազեց, բայց շարունակեց մնալ բավական բարձր՝ կազմեց 15,5 տոկոս։

Արդեն հուլիսին արձանագրվեց աճի տեմպի կտրուկ անկում։ Քանի որ ՊԵԿ-ը դեռևս չի հրապարակել հուլիսի հարկային մուտքերի կառուցվածքը, առայժմ դժվար է ասել, թե նման կտրուկ փոփոխությունը հատկապես ո՞ր հարկատեսակների գծով է եղել։ Բայց ենթադրվում է, որ զգացնել են տվել արտաքին այն հիմնական գործոնները, որոնք վերջին շրջանում նպաստել էին հարկային եկամուտների բարձր աճերի ձևավորմանը։

Խոսքն առաջին հերթին ներմուծում-վերարտահանումներին է վերաբերում, որի արդյունքում բավական մեծ քանակի հարկային մուտքեր էին գոյանում բյուջեի հաշվին։ Դա տեսնում ենք նաև որոշ ընկերությունների վճարած հարկերում, որոնք զբաղվում են մի շարք ապրանքների վերարտահանումներով։ Այդպիսի առանձին ընկերությունների մոտ վճարած հարկերն այս տարվա առաջին կեսին անգամներով ավելացել են։

Վերջին շրջանում, սակայն, վերարտահանումների աճի տեմպն էապես ընկել է։

Այս պահին հայտնի են հունիսի տվյալները, որոնց համաձայն՝ այդ ամսին արտահանման աճը գրեթե դադարել է։ Նախկին կրկնակի, երբեմն՝ եռակի աճերի փոխարեն՝ այն կազմել է ընդամենը 2,5 տոկոս։ Դրամով արտահայտված նույնիսկ անկում է տեղի ունեցել։

Թեև դեռևս շարունակել է բավական բարձր մնալ ներմուծումների աճը, այնուհանդերձ, նախորդ շրջանի համեմատ տեմպն էապես կրճատվել է։

Հունիսին այն կազմել է 33,8 տոկոս։ Մինչդեռ, ասենք, մարտին՝ նախորդ տարվա մարտի համեմատ, 2,5 անգամ էր։ Ներմուծում ու վերարտահանումները բյուջեի հարկային եկամուտների ավելացման համար բավական լուրջ աղբյուր էին։ Բայց դրանք աստիճանաբար թուլանում են։

Հարկային մուտքերի աճի տեմպի կտրուկ անկումը հավանաբար նաև այլ գործոնների, այդ թվում՝ նաև գնաճի անկման հետևանք է։ Վերջին մեկ-երկու ամիսներին Հայաստանում գնաճը բացասական նշանով է։

Նախկինում բարձր գնաճը նպաստում էր բարձր հարկերի գեներացմանը, թեև այդ մասին կառավարությունում հիմնականում խուսափում էին խոսել։ Միայն պլպլան թվերն էին սիրում հրապարակել, իսկ թե ինչ կար թաքնված դրանց տակ, ինչպես մյուս դեպքերում, գերադասում էին թաքցնել։

Հիմա իրականությունն աստիճանաբար դուրս է գալիս ջրի երես։ Ինչպես տնտեսության, այնպես էլ հարկային եկամուտների նախկին բարձր աճերի վրա ազդող արտաքին գործոններն աստիճանաբար թուլանում են՝ թուլացնելով նաև ներքին տնտեսության ու հարկային մուտքերի աճը։ Այդպես է, որովհետև ներքին տնտեսության իրական զարգացումներն այդ աճերի հետ կապ չունեին։

Դա տեսնում ենք նաև ավելացված արժեքի հարկի կառուցվածքում, ինչն առավել լավ է բնութագրում մեր տնտեսական իրավիճակը, չնայած կառավարությունում ոչ մի անգամ դրան նույնիսկ չեն էլ փորձել անդրադառնալ։

ԱԱՀ-ն, որի հաշվին ապահովվում է բյուջեի հարկային եկամուտների գրեթե մեկ երրորդը, այս տարվա առաջին կեսին շարունակել է բարձր տեմպով ավելանալ։ Վեց ամսում նախորդ տարվանից ավելի է հավաքվել 58,2 մլրդ դրամ։ Բայց դա եղել է բացառապես ներմուծումներից գանձված ԱԱՀ-ի հաշվին։ Ներքին տնտեսությունից հավաքված ԱԱՀ մուտքերը նույնիսկ կրճատվել են։ Անցած տարվա առաջին կեսին կազմել էին 114,5 մլրդ դրամ, այս տարի կազմել են 100,1 միլիարդ։ 14,4 միլիարդի անկում կա։

Սա է մինչև այժմ արձանագրված երկնիշ տնտեսական աճերի բնութագիրը, որը շատ ավելի հարցեր է առաջացնում, քան կարող էին առաջանալ առանց դրանց։

Երկարաժամկետում, երբ արտաքին ազդակները դադարեն, շատ ավելի լուրջ խնդիրների ենք բախվելու նաև հարկային եկամուտների առումով։

Հուլիսին միտումներն արդեն խիստ մտահոգիչ են։ Եթե դրանք պահպանվեն, ապա անհնարին կլինի խուսափել տարվա համար նախատեսված մուտքերի թերակատարումից, թեև մինչև վերջերս ՊԵԿ-ն ու Նիկոլ Փաշինյանը գերակատարումներից էին խոսում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս