Բաժիններ՝

Մանկամկրտություն. փրկությունը բոլորի համար է

Որոշ ծնողների մոտ այսօր տարածված մտայնություն կա, որ երեխան կմեծանա, լիովին կգիտակցի, թե ինչ է մկրտությունը և ապա կմկրտվի, կամ որոշներն էլ ասում են՝ երկրորդն ու երրորդն էլ կծնվեն, հետո միայն բոլորին միասին կմկրտենք: Այս նույն ծնողները, ովքեր այս կերպ են մտածում, մի՞թե սպասում են, որ երեխան գիտակցի, թե երբ է իրեն անհրաժեշտ դպրոց գնալ, ապա նոր միայն դպրոց են տանում: Կամ երբ հիվանդ է երեխան, մի՞թե սպասում են, որ նա գիտակցի իրեն անհրաժեշտ դեղորայքի կամ բժշկական օգնության մասին, ապա միայն դիմում են անհրաժեշտ քայլերի:

Իսկ այն ծնողները, ովքեր սպասում են երկրորդ, երրորդ զավակների ծնվելուն և հետո միայն բոլորին միասին մկրտելուն, դա նման է նրան, որ իրենք իրենց առաջին զավակին չկերակրեն՝ սպասելով երկրորդ կամ երրորդ զավակների ծնվելուն: Երեխայի մկրտությունն ուշացնելը մեկ այլ վտանգավոր հանգամանք ունի. միգուցե երեխան չապրի մինչև գիտակից տարիքը և զրկվի փրկության հնարավորությունից, որ ուներ մկրտության շնորհիվ, իսկ այս դեպքում ծնողները պատասխանատու են լինելու Աստծու առջև՝ իրենց երեխայի հոգու հանդեպ անտարբեր գտնվելու համար: Մարդը կազմված է մարմնից և հոգուց, ուստի անհրաժեշտ է խնամել, հոգ տանել երեխայի ոչ միայն մարմինը, այլև՝ հոգին: Իսկ հոգին խնամելու առաջին պայմանը երեխային մկրտելն է, որդեգրելը Հայր Աստծուն, Քրիստոսով զգեստավորելը:

Մկրտվելով՝ երեխան ընդունում է Սուրբ Հոգին՝ դառնալով մարմինը և անդամը սուրբ Եկեղեցու: Դառնում է նոր մարդ՝ սրբված, վերածնված: Երեխան, վերստին ծնվելով, մտնում է նոր կյանք: Երեխաների մկրտության ժամանակն ութ օրականն է: Մահվան վտանգի դեպքում կարելի է ավելի շուտ կատարել:

Մկրտությունը չի կարելի նորից կատարել, որովհետև այն հոգևոր ծնունդ է. «Մեկ է Տերը, մեկ՝ հավատը, մեկ է և մկրտությունը» (Եփես․ 4:5): Կրկնել մկրտությունը նշանակում է մի այլ Երրորդություն դավանել, ըստ որում և մի այլ Քրիստոս, փրկչական մի այլ մահ, կրկնակի վերածնություն և մի այլ Սբ. Հոգու, իսկ այսպես դավանելը հերձվածողություն է:

Կարդացեք նաև

Աստված անսահման է, իսկ աստվածային խորհուրդները՝ խորը և անպարփակ: Այն ծնողները, ովքեր սպասում են, որ երեխան մեծանալով լիովին կգիտակցի մկրտության խորհուրդը, սխալվում են: Որովհետև անգամ չափահաս տարիքում, միևնույն է, մենք չենք կարող լիովին, կատարյալ կերպով, ամբողջովին գիտակցել աստվածային խորհուրդները, աստվածաբանական սկզբունքները: Սակայն այս ամենին զուգահեռ շատ հաճախ հենց երեխաները կարող են զգալ այն, ինչ չափահաս և գիտակից մարդիկ չեն կարող կռահել կամ տեսնել, քանի որ հասուն մարդը շատ հաճախ իր դատողություններով կարող է երկմտել և կասկածի տակ դնել հավատքի էությունը:

Մկրտությունն անհրաժեշտ է և կարևոր, քանի որ. «Ջրից և հոգուց չծնվածները չեն մտնի Աստծու Թագավորությունը» (Հովհան․ 3:3-5): Ինչպես Հովհաննես Երզնկացին է ասում. «Այս ծննդյան հայրը Աստվածն է, մայրը՝ եկեղեցին, արգանդը՝ Ավազանը, որը ծնում է մանկանը ջրով և Հոգով»: Այս խորհուրդն անհրաժեշտ է՝ համաձայն Տիրոջ խոսքի և Նրա օրինակի. «Գնացեք և աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով» (Մատթ․ 28:19): Մեր Տերը, երբ սա պատվիրեց, չառանձնացրեց չափահասների և երեխաների մկրտությունը: Ընդունելով մանուկների մկրտությունը՝ Հայ Առաքելական Սբ. Եկեղեցին ոչ մի խտրություն չի դնում մեծ ու փոքրի միջջ: Առաքյալները, երբ մկրտում էին ընտանիքներին, բնականաբար, նրանց մեջ կային մանուկներ (Ա Կորնթ․ 1:14-16; Գործք Առ․16:15): Ինչպես մանուկը պետք է ճանաչի իր մարմնավոր ծնողին, որ իրեն մարմնապես կերակրողն է, նմանապես պետք է ճանաչի նաև հոգևոր ծնողին, որ իրեն հոգեպես սնուցողն է ընդմիշտ:

Մանկան փոխարեն նրա հավատքի պատասխանատվությունը ստանձնում է կնքահայրը, քանզի անգիտության պատճառով երեխան խորհուրդն ընդունելու անհրաժեշտ հավատ չունի: Արշակ Տեր-Միքելյանը իր «Հայաստանյայց Սբ. Եկեղեցու Քրիստոնեականը» ձեռնարկ-դավանաբանության մեջ նշում է, որ Սբ. Հոգին զարթեցնում է նորածին մանկան միամիտ հոգու մեջ տրամադրություն դեպի փրկություն, քրիստոնյա և ուսյալ կնքահայրն էլ երաշխավորում է նրա հավատքի ապագա դաստիարակությունն, և մանուկն էլ մկրտվում է իր ծնողների հավատքով: Ապա շարունակության մեջ նշում է, որ հավատքի ճանաչողությունն ու փրկության գիտակցությունը պահանջվում է չափահաս ու հասունացած մկրտվածից, որպեսզի նա ձգտի և միանա իր Փրկչի հետ, իսկ մանուկից այդ չէ պահանջվում, այլ քանի որ մկրտությունը նոր գիտակցության հիմնադրություն է, նոր ստեղծագործություն է և նոր անձի սկզբնավորումն է, մանուկը մկրտվում է ծնողների հավատքով, նրա կամքի տեղը բռնում է ծնողների կամքը, և ուրեմն նրա վրա է ընկնում նաև հավատքի բոլոր պահանջները:

Մկրտությամբ մենք մտնում ենք Աստծու ընտանիքի մեջ: Իսկ երբ ծնողը զրկում է երեխային մկրտվելուց, զրկում է նրան այդ ընտանիքի՝ Եկեղեցու լիիրավ անդամը լինելուց, Քրիստոսի հետ հաղորդվելուց՝ Տիրոջ Մարմինն ու Արյունը ճաշակելուց: Զրկում է նրան աստվածային օրհնությունից, որ ստանում է մկրտվողը մկրտությունից անմիջապես հետո կատարվող դրոշմի խորհրդի միջոցով: Իսկ երեխան դրոշմի միջոցով ստանում է մտքի արթնություն, աչքերի լուսավորություն դեպի փրկություն, ականջներով՝ Աստծու պատվիրանների լսողություն, հավիտենական կյանքի հոտառություն, բերանի պահպանություն, ձեռքի բարեգործություն, սրտի սրբություն և հոգու ուղղություն, մեջքի ամրություն չարի դեմ և ոտքերի ուղիղ ընթացք դեպի հավիտենական կյանք: Հետևաբար ծնողը զրկում է երեխային նաև փրկության հնարավորությունից: Քանի որ Տերն ասել է. «Նա, ով հավատա և մկրտվի, կփրկվի» (Մարկոս 16:16): Շենուդա Գ պատրիարքը նշել է, որ երեխաներին մկրտելը համահունչ է «Փրկությունը բոլորի համար է» սկզբունքին:

Ուրեմն, Տիրոջ խոսքի համաձայն, թույլ տանք երեխաներին գնալ դեպի Աստված և չարգելենք, քանի որ նրանցն է Երկնքի Արքայությունը (Մատթ․ 19:14):

Կազմեց Գայանե Սուգիկյանը

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս