Սնուփ դոգեր, օփիում, անվտանգության ձախողում, Արցախի հանձնում և Հայաստանի գաղութացում, կործանում՝ Նիկոլ-Ալիև տանդեմի խաղը. ելքն իշխանափոխությունն է. Հովհաննես Ավետիսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

• Ցանկացած պետության գոյության հիմքն անվտանգային համակարգն է։ Երբ ձախողվում է անվտանգության ապահովումը, իսկ մեր դեպքում դա շարունակաբար է տեղի ունենում, իրականանում է իշխանափոխություն։ Հետամնաց կամ զարգացող պետություններում նման դեպքերում տեղի է ունենում իշխանափոխություն․սրա վերջին օրինակը Նիգերի օրինակն էր, երբ բանակը, իշխանությանը մեղադրելով պետության անվտագությունը ապահովել չկարողանալու մեջ, հեռացրեց իշխանությանը ու ղեկը վերցրեց իր ձեռքը։ Մեզ մոտ չի ստացվում, որովհետև իշխանությունը մարդկանց բաժանելու տարբեր գործիքակազմեր է կիրառում, որ չկարողանան իշխանափոխություն անել։

Կարդացեք նաև

Հայաստանում ապահով վայր գոյություն չունի։ Վկան՝ Երասխի գործարանի օրինակը։

• Նիկոլ Փաշինյանի՝ 2018թ.-ից մինչ այսօր արած հայտարարություններից ես ինքս հանգում եմ այն եզրակացության, որ նա խրոնիկ ստախոս է։Իր քաղաքական ողջ կարիերայի ընթացքում Դուք չեք տեսնի որևէ օրինակ, երբ ինքը հետևողական է իր հայտարարությունների բովանդակության մեջ:

Երբ մարդ լինում է այդպիսին՝ սկզբունքային չէ, թուլակամ, թուլամորթ է, նման մարդկանց հեշտէբերել գաղափարական այնպիսի վիճակի, երբ նրանք դառնում են դավաճան։Նա հրաժարվում է տվյալ դեպքում հայ ժողովրդի տեսակից՝ ուրանում է մեր ազգային ու պատմական արժեքները: Նա մարդկանց հիմարի տեղ է դրել՝ «կադաստրի թուղթ» ու նման հիմարություններ ներարկելով։

Վերջին սուտը, որ նա տարածեց իր մամուլի ասուլիսի ժամանակ, այն էր, որ ասաց՝ Արցախի ինքնորոշում ասելով՝ միջազգային հանրությունը հասկանում էր՝ Արցախն Ադրբեջանի կազմում։ Այս ամենից կարելի է եզրակացնել, որ նա դավաճան է։ Եթե չենք ուզում դա տեսնել, կարող ենք ասել՝ ապիկար անձնավորություն է, ունակ չէ կառավարել։ Երկու դեպքում էլ նա չի կարող լինել պետության ղեկին։ Դրա համար եմ ասել՝ տվեք Փաշինյանին նույնիսկ ԱՄՆ բանակը, ու նա կպարտվի նույնիսկ Ադրբեջանի բանակին։

• Այնպես չէ, որ Ադրբեջանն ունի շատ ուժեղ բանակ, դիկտատուրայով կառավարվող երկիր է, երկիրը կոռուպցիայի մեջ է, նրա ժողովուրդը նույնպես անազատության մեջ է, 20-30 տարի կառավարվում է մի ընտանիքի կողմից, որ կեղեքում, մսխում է Ադրբեջանի ռեսուրսները մեկ ընտանիքի համար, և Ադրբեջանի, Ալիևի ընտանիքի համար Հայաստանի դեմ արշավը չի դադարելու, որովհետև դա նաև իր իշխանության պահպանման աղբյուրն է: Նա Հայաստանի դեմ անընդհատ թշնամանք սերմանելով՝ Ադրբեջանի ժողովրդին անընդհատ պայքարի մեջ է պահում մեր դեմ, որպեսզի շեղի իր ռեժիմի, իշխանության շարունակականությունից:

• Նիկոլն ու Ալիևը հիմա միմյանց շատ պետք են:

• Հայաստանի դեմ թշնամանք սերմանելն Ալիևի համար իշխանության պահպանման աղբյուր է, և հակառակը՝ Ալիևը Նիկոլի իշխանության պահպանման հիմնական հենարանն է:

• Նիկոլին իշխանությունից հեռացնելու համար մեծ համախմբում ու ջանքեր են պետք, որովհետև Փաշինյանին սատարում է Ալիևը։ Հայաստանում երբևէ չի եղել նման անձնավորություն, որը նման աջակցություն ունենա։

Նախորդ իշխանություններին կարելի է քննադատել ամեն ինչի համար, բայց երբևիցե չենք կարող ասել, որ երբևէ մենք ունեցել ենք իշխանություն, որը տեսակով ուրացող է։

• Ստիպված ենք լինելու ևս մեկ սերունդ կորցնել, որպեսզի վերացնենք Փաշինյանի հասցրած վնասների հետևանքները։• 2018 թվականին Նիկոլ Փաշինյանն ուզուրպացրեց իշխանությունը՝ փողոցով ստիպելով, որ իրեն դարձնեն վարչապետ:

• Փաշինյանը ստեղծել է գոյաբանական խնդիրներ։ Շատերը դա չեն գիտակցում։ Մարդիկ մինչև չտեսնեն այդ «խաղաղության համաձայնագիր» ասված թուղթը, չեն հասկանա՝ ինչեր է սա բերելու մեր գլխին։

• «Խաղաղության պայմանագիր» կոչված փաստաթղթի հրապարակումը լինելու է շրջադարձային կետ:

• Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը շարունակաբար անկում է ապրելու։ Նրան բացարձակ չի հետաքրքրում Հայաստանը։

• Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր է թե կենսական, թե գոյաբանական տեսանկյունից։ Ով սա չի հասկանում՝ կա՛մ դավաճան է, կա՛մ հիմար։

• Հայաստանը մատաղ է լինելու, երբ իր իրավունքներից հրաժարվի, իսկ Արցախի համար պայքարը մեր իրավունքն է։ Մենք բոլորս պետք է ունենանք մեկ նպատակ՝ ազատություն, պետություն, որտեղ բոլորս պետք է ապրենք՝ իրար հարգելով։

• Քաղաքականությունով չհետաքրքրվել՝ նշանակում է համաձայնել, որ քո փոխարեն որոշեն քո ճակատագիրը։

• Երբ երկրի ղեկավարը զորակոչ է անում, հազարներով տանում է, մարդիկ զոհվում են, հետո ասում է՝ զոհվել են հանուն ոչնչի, դա ուղիղ ինքնախոստովանություն է հանցագործության ու դավաճանության մասին։

• Հանրությունը պետք է համախմբվի քաղաքական որևէ օրակարգի շուրջ ու հեռացնի այս իշխանությանը։

• Դասական կանոն է․ երբ իշխանություն պահելու խնդիր կա, ռեպրեսիաները մեծանում են։

• Եթե Նիկոլ Փաշինյանի թիմը ռեսուրս չի կուտակել ու չի պատրաստվում փախչել այստեղից ու ուզումէ ապրել Հայաստանում, ուրեմն պետք է գիտակցի, որ Նիկոլ Փաշինյանը մի օր փախչելու է Հայաստանից։ Այդ դեպքում իրենց հարցեր են տալու՝ ինչո՞ւ էիք սատարում մի մարդու, ով ակնհայտ ապազգային էր։ Իրենք այս հարցի պատասխանն ունե՞ն։

• Արմեն Աշոտյանի տեղը 4 տարի առաջ էլ գիտեր, ինչո՞ւ է հիմա կալանավորում։ Ինչի՞ց է Փաշինյանն անհանգստանում:

• Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ որդեգրել է Իսրայելի քաղաքականությունը, որը մաս-մաս զավթում է Պաղեստինի տարածքները:

• Պատմությունից հայտնի է՝ երբ անգլիացիները փորձում էին Չինաստանը գրավել, ամեն ինչ անում էին այդ հանրությանը ներսից փչացնելու համար՝ օփիում տարածելով և փչացնելով հասարակությանը, որպեսզի այդ հանրությանը այնպես փչացնեն, թուլացնեն, որ գրավեն այդ պետությունը, տարածքները: Երբ դու նպատակ ունես որևէ հանրություն կառավարելի դարձնել՝ պետք է ներսից փչացնես, թուլացնես: Այսօր նման դասական գործիքներ են կիրառվում մեր հասարակության դեմ: Մտածե՞լ եք՝ ինչպե՞ս կարողացան տոննաներով թմրանյութ բերել Հայաստան… Թմրանյութերի տարածման գործընթացը վերջին տարիներին շատ ակտիվ է մեր երկրում, և ես դրանում հստակ քաղաքականություն, միտում եմ տեսնում: Ինչպես արդեն նշեցի՝ երբ ուզում են որևէ երկիր գաղութացնեն, ստրկացնեն՝ այդ պետության մեջ տարածում են թմրամոլությունը, որպեսզի կարողանան հանրությանը ավելի թույլ, անպաշտպան դարձնեն: Հիմա մենք դրա ականատեսն ենք մեր երկրում:Թմրանյութերի տարածումը, մարդկանց թմրեցնելը գաղութացման գործիքներից է։

• Ցանկացած ներդրման համար կարևոր պայման է սոցիալ-տնտեսական կայունությունը։ Երբ անվտանգային համակարգի խնդիր կա, տնտեսություն զարգանալ չի կարող։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն իշխանության ղեկին են, սոցիալ-տնտեսական կայունության մասին խոսելն անհնարին է։

• Մենք պետք է ունենանք մեր ազային շահերի ու նպատակների օրակարգ ու պետք է համախմբվել դրա շուրջ, հեռացնել Փաշինյանին։ Դրա այլընտրանքը ստրկությունն է։ Նա հայ ժողովրդին տանում է ստրկության: Ժողովուրդը սա չի՞ հասկանում:

• Պետք է օգտագործել նաև նախորդ իշխանությունների ռեսուրսը, որովհետև մենք չենք կարող մեզ շռայլություն թույլ տալ ու չօգտագործել կարող մարդկային ռեսուրսը։

• Այս պետությունը քանդվել է այն պահից, երբ հայկական անձնագիր ունեցող մարդը ձերբակալվում է Ադրբեջանի կողմից, ու պետությունը ոչինչ չի անում։ Մեր անձնագրի հետևում գրված է՝ անձնագրի տերը գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո։

• Ես չեմ հեռանալու իմ երկրից։ Ունենալով բազում հնարավորություններ դրսում ապրելու՝ մնալու եմ ու պայքարելու եմ մեր պետության համար։ Ես պատերազմի կոչեր չեմ անում։ Ընդամենն ասում եմ՝ ես մեր իրավունքներից, այդ թվում՝ Արցախից, չեմ հրաժարվելու։

Եթե մեր իրավունքից հրաժարվելը նշանակելու է պատերազմ, այդ պատերազմը այս կամ այն դեպքում մեզ պարտադրվելու է։ Ուրեմն ինչո՞ւ թույլ տալ թմրեցնել մեզ, որ արագ ու հեշտ սատկացնեն։

• Շինարարությամբ ու առևտրով աճող տնտեսությունը տնտեսական աճի ու զարգացման մասին չէ։ Մենք գիտելիքի հիմքով որևէ ոլորտ չենք զարգացնում։ Չունենք մեքենաշինություն, արդյունաբերություն, բարձր տեխնոլոգիական արտադրություն։

• Ես նախորդ իշխանությունների ժամանակ դեմ եմ եղել ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ համակարգային խնդիրներին, որոնք չէին լուծվում:

• Չկա ոլորտ, որին ձեռք տված լինի Փաշինյանը, ու փչացրած չլինի։

• Եթե չկարողանանք քաղաքական օրակարգ ու նոր առաջնորդություն բերել, Փաշինյանը շարունակելու է «նախկիններ, նախկիններ» ասելով՝ նսեմացնել մեր ազգային շահերը։

• Կոռուպցիան հիմա ունի նոր դրսևորումներ։ Մասնավորապես,երբ լինելով պետական պաշտոնյա՝ բախտդ բերում է, ու չգիտեմ՝ ոնց, մի միլիոն դոլարանոց տունն առնում ես 100 000 դոլարով։ Կամ այնպիսի վարկային պատմություն ունես, որ քո անունով 1 միլիոն դոլարի վարկային գիծ են բացում…

• Փաշինյանն աթոռից աթոռն է թռչկոտում. Այդ խաղեր տալն է պատճառը, որ մենք կորցնում ենք թե Արևմուտքին, թե Ռուսաստանը, և թե հատկապես Իրանը։

Նիկոլից հետո չի լինելու իշխանություն, որը այս ձևով ու այդչափ կատարելու է Ալիևի ցանկությունները։ Նիկոլի իշխանությունը երազանք է Ալիևի համար։

• Պետք է հասկանալ ու քննարկել՝ ինչ է լինելու Նիկոլից հետո, ու կատարել դերաբաշխում՝ ով ինչ պետք է անի։

• Առաջնորդության մեջ մարդիկ պետք է տեսնեն անձնազոհություն։ Երբ 50 000 դոլարանոց ժամացույցով ու 100 000 դոլարանոց կոստյումով գնում ես քարոզարշավի, քո կողքին ոչ ոք չի համախմբվելու։

• Հաջորդ իշխանությունը պետք է պատասխանատվություն կրի մարդկանց համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս