Հայաստանի ժողովուրդը մեզ հետ է, Հայաստանի իշխանությունները՝ ոչ. Արցախցի Աննա Մանգասարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Ստեփանակերտից Արցախի քաղաքացի Աննա Մանգասարյանն է։
Զրույցը տեղի է ունեցել հեռավար կապի միջոցով, սակայն Արցախում հովհարային անջատումների պատճառով այն ընդհատվել է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Արցախցիները չեն սիրում խոսել այն մասին, թե ինչի կարիք ունեն։ Վիճակն իրոք անտանելի է։ Վերջին օրերին հացի խնդիրն ահավոր է։ Մարդիկ ժամերով փռերի դիմաց հերթ են կանգնում, որ կարողանան հաց գնել։ Մայր գիտեմ, որ գիշերը երեխաներին քնեցրել է, 6 ժամ հացի հերթ կանգնել։ Ուտելու այլ բան չկա։ Հիմնական սննդատեսակը հացն է մնացել։
- Գյուղերում ավելի բարվոք է վիճակը, քան քաղաքում։ Փոքր աղջիկս 13 տարեկան է, գյուղում է, տատիկի մոտ. մի քանի օրով եկավ քաղաք, երեկոյան քայլեց հրապարակով, ասաց՝ գյուղում ավելի հեշտ է։ Գյուղում գյուղացու սնվելու պրոցեսն ավելի հեշտ է հաղթահարվում, քան քաղաքում։
- Ավագ դուստրս Երևանի ֆիզմաթ դպրոցում է սովորում։ Հունվարի 19-ից հետո երեխայիս չեմ տեսել, ու դա ամենադժվարն է…
- Շատ ծանոթներ ունեմ, որ ընտանիքի մի մասը Երևանում է։ Հիմնականում ուսանողներ են։ Սփոփում է այն, որ Երևանում հանդիպում են, իրար նեցուկ լինում։
- Դեղատները հիմնականում դատարկ են․ ցավազրկողներ չկան։ Մի երկու անուն դեղորայք է մնացել, որոնք հատուկ կարևորություն չունեն։
- 5 ծայրահեղ հիվանդ կա, որոնք շտապ տեղափոխման կարիք ունեն, բայց վերջին դեպքերից հետո անգամ Կարմիր խաչին չեն վստահում, գերադասում են այստեղ մահանալ։
- Սպառվում է 44 դիալիզով հիվանդներին օգնելու հնարավորությունը։ 10 օրվա դեղորայք է մնացել:
- Նույն ծայրահեղ վատ վիճակն է մանկական հիվանդանոցում, ծննդատներում։
- Վերջին շրջանում 3 անգամ ավելացել է վաղ շրջանում պտղի կորուստների թիվը։ Չկան վիտամիններ, հղիների թերսնման հետևանքով խնդիրներ են առաջ գալիս։
- Հիմա քաղաքում մի երկու էլեկտրոմոբիլ կա․ որոշակի ժամերի տրամադրում են հղիներին հիվանդանոցներ տեղափոխելուն։
- Օրեր առաջ 85 տարեկան մի պապիկ 5 ժամ հերթ էր կանգնել, գնել մի թթվասեր ու մի կաթնաշոռ ու հեռանալիս ուշագնաց եղել խանութի աստիճանների վրա…
- Հոգեբանորեն շատ ծանր վիճակ է, երբ կանգնում ես ընտրության առաջ, ու դա է հենց մարդկանց կոտրում։
- Երեխաների ուշագնացության դեպքերը բազմաթիվ են… 5-6 ժամ հերթ կանգնելուց հետո ուժասպառ են լինում, ուշագնաց լինում…
- Օրը 3 անգամ երկու ժամով լույսերն անջատում են։ Ցերեկային ժամերին են անջատում, երեկոյան ունենում ենք։ Չգիտենք՝ ձմեռն ինչ կլինի։ Եթե սենց էլ մնա, գոհ կլինենք։
- Արցախի իշխանությունները տարբեր բաներ են ասում։ Նախագահականում աշխատող Տիգրան Պետրոսյանն ամերիկացիների հետ է հույս կապում, նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ռուսների։
- Հասարակ մարդիկ հիմնականում, անկեղծ լինեմ, Հայաստանի իշխանություններին տանել չեն կարողանում։ Մենք տարանջատում ենք «Հայաստան» և «Հայաստանի իշխանություններ» գաղափարները։ Հայաստանի ժողովուրդը մեզ հետ է, Հայաստանի իշխանությունները՝ ոչ։
- Այնպես չէ, որ այստեղ հակառուսական ակցիաներ են տեղի ունենում, ինչպես որ ներկայացվում է։ Մարդիկ գնացել էին, որ ռուսներից հասկանան՝ ինչ է մեզ սպասվում։
- Արցախի քաղաքացիների մեծամասնությունը միանշանակ, անգամ այս ծանր իրավիճակում երբեք չի համաձայնի, որ ինչ-որ բեռ տեղափոխվի Ակնայից (Աղդամից) Ստեփանակերտ կամ մնացած շրջաններ։
- Եթե Հայաստանը դոտացիա է տալիս Արցախին, դա Նիկոլ Փաշինյանը չի տալիս, այլ Հայաստանի բյուջեն։
- Ինչո՞ւ 19 բեռնատար մեքենաները հենց Փաշինյանի ասուլիսի հաջորդ օրը դուրս եկան՝ հումանիտար բեռներ բերելու, առավել ևս, եթե ռուսների հետ համաձայնություն ձեռք չէին բերել։ Կամ ուզում էին ռուսներին վարկաբեկել, կամ ուզում էին այնպես անել, որ բեռներն Ակնայով բերեն։ Այս երկու վարկածն է Արցախում։
Մանրամասները՝ տեսանյութում: