Անիմաստ մահ ու կյանք՝ առանց իմաստի. սատանայական ծրագրի վերջին արարը
Արդյոք 2018 թվականի իրադարձությունները, իշխանափոխությունը դավադրությո՞ւն էր Արցախի ու Հայաստանի նկատմամբ, արդյոք այն ծրագրվա՞ծ էր այս կամ այն երկրի հատուկ ծառայությունների կողմից և արդյոք այդ նպատակով Հայաստանում հավաքագրվե՞լ էին կոնկրետ դերակատարներ: Այս և նմանատիպ բազմաթիվ հարցադրումներ արդեն հինգ տարի կասկածի որդի նման կրծում են հայ հասարակության բավական մեծ մասի գիտակցությունը:
Նիկոլ Փաշինյանն անցած 5 տարիներին հնարավորություն ուներ իր գործողություններով փարատել կամ հաստատել այս կասկածները: Բայց կյանքը ոչ միայն չփարատեց, այլ ավելի հիմնավոր դարձրեց դրանք, ընդ որում, այդ կասկածների հաստատմանն ամենաշատը նպաստեց և նպաստում է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:
Երբ 2019 թվականին Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարում էր, որ «մեր տղաները զոհաբերվել են հանուն ոչնչի», շատերը դա վերագրում էին նրա մակերեսայնությանն ու ինքնատիպ հայտարարություն անելու կոկետ ցանկությանը: Բայց հետագա ողբերգական իրադարձությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի ողջ գործունեության, քաղաքականության նպատակը ոչ միայն արցախյան առաջին պատերազմում զոհված նահատակների մահը, այլ ընդհանրապես մեր հաղթանակն իմաստազրկելն էր, որի համար նա սատանայաբար զոհաբերեց ևս հինգ հազար երիտասարդների՝ հանձնելով իր կողմից անիմաստ դարձված Արցախի մեծ մասը (հենց այնպես չէր նա Շուշին «դժգույն ու դժբախտ» որակել): Իսկ դրանից առաջ, դեռ իշխանությունը զավթելու արշալույսին արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից Սասուն Միքայելյանի շուրթերով (դա ևս պատահական չէր) պատերազմում տարած հաղթանակը ստորադասվել էր «թավշյա հեղափոխությանը»:
Հանրային գիտակցության ու հոգեբանության մեջ արցախյան պատերազմում տարած հաղթանակի արժեզրկումն ու զոհերի իմաստազրկումը տեխնոլոգիապես հող էր նախապատրաստում, որպեսզի հասարակությունը հաշտվի Արցախի կորստի հետ: Եվ մեծ հաշվով հաշտվեց: Ու հիմա, թերևս, իր առաքելությունը կատարած համարելով կամ մոտեցած համարելով դրա վերջին, եզրափակիչ արարը, Նիկոլ Փաշինյանը խաղում է ավելի բաց խաղաքարտերով՝ ձերբազատվելով ձևականություններից, խոսելով ավելի ուղիղ ու միանշանակ: «Շատ դժվար է երբեմն ընդհուպ գնալ այնպիսի լուծումների, զիջումների, որոշումների, որոնք խորքում կարող են նշանակել, որ նախկինում զոհված մարդիկ իզուր են զոհվել»,- իր վերջին հարցազրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Այսպիսով, նա ազդարարում է, որ պատրատվում է գնալ այնպիսի «դժվար լուծումների», որոնց արդյունքում պարզվելու է, որ նախկինում զոհված մարդիկ իզուր են զոհվել:
Նույնիսկ դավադրապաշտության երդվյալ թշնամիների համար անհնար է ժխտել, որ այս ընտանիքի երկու անդամների՝ նախկին ու ներկա հայտարարությունների միջև կա ուղղակի, պատճառահետևանքային կապ: Կինը 4 տարի առաջ հայտարարում է, որ մեր տղաները զոհվել են հանուն ոչնչի, ամուսինն էլ նախկին զոհերին ավելացրած լինելով ևս 5000 զոհեր, ազդարարում է՝ գնալու է ընդհուպ այնպիսի լուծումների, որոնք կարող են նշանակել, որ նախկինում մարդիկ իզուր են զոհվել:
Նիկոլ Փաշինյանն Արցախին ու Հայաստանին հասցրել է անչափելի, ողբերգական վնասներ: Դրանք հաշվվում են հազարավոր մարդկային կյանքերով, խեղված ճակատագրերով, անօթևան դարձած ընտանիքներով, հազարավոր քառակուսի կիլոմետր հայրենիքի տարածքներով: Այս ամենից բացի ու դրան զուգահեռ՝ նա հայկականությանը, հայկական ինքնությանը հասցրել է նաև խորքային, հիմնարար մեկ այլ հարված. Նիկոլ Փաշինյանը հայկականությանը զրկել է իմաստից, ընդ որում, ավարտված համարելով զոհվածների նահատակությունն իմաստազրկելու դիվային ծրագիրը, նա արդեն անցել է կյանքն անիմաստ դարձնելու հրեշավոր ծրագրին:
Հարություն Ավետիսյան