«Սա Արցախի բնակչությանն ահաբեկելու սխեմաներից մեկն է. վերադարձնելու մեխանիզմներ միշտ էլ կան». Արա Ղազարյան

Հուլիսի 29-ին ադրբեջանական կողմը Հակարիի կամրջի մոտ տեղադրված ապօրինի անցակետից առևանգել է Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով Կարմիր խաչի ուղեկցությամբ գալիս էր Երևան՝ սրտի անհետաձգելի վիրահատության ենթարկվելու համար։

Ադրբեջանի ոստիկանությունը  Վագիֆ Խաչատրյանին առևանգելուց հետո նրան տարել է անհայտ ուղղությամբ՝ արգելելով, որպեսզի Կարմիր խաչի որևէ ներկայացուցիչ կամ նրա դուստրը, ով նույնպես ուղեկցում էր հորը, գնան նրա հետ: Կարմիր խաչի ներկայացուցչին, ով փորձել էր խոչընդոտել Խաչատրյանին, ըստ էության, ապօրինաբար  տեղափոխել՝ սպառնացել են  ուժ գործադրել։

168.am հետ զրույցում միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանն անդրադառնալով այս միջադեպին, նախ ասաց, որ եթե Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարած լիներ Ադրբեջանը, ապա նրա առևանգումն ինչ-որ տեղ միջազգային իրավունքի մեջ տեղավորվում է, սա սովորական պրակտիկա է, սակայն տվյալ պարագայում Ադրբեջանի գործողություններն ապօրինի են։

«Մենք այս ամենն ավելի լայն կոնտեքստում ենք դիտում, ոչ թե սովորական քրեական գործ կամ հետախուզվող, որը հայտնաբերվել է։ Այսինքն՝ սա Արցախի բնակչությանը ահաբեկելու սխեմաներից մեկն է, որն իրենք պլանավորել են և այժմ նորից կիրառում են։ Մնացածը կախված է այս ամենի ընթացքից, բնականաբար, մենք կարող ենք տասը րոպե հետո հանկարծ լսել, որ Վագիֆ Խաչատրյանը կատարել է այդ «դեպքերը», սակայն լավ հասկանում ենք, որ այդ ամենը կլինի ադրբեջանական մեծ ճնշման տակ, քանի որ նմանատիպ դեպքեր հայերի հետ շատ է եղել, այսինքն՝ արդեն պրակտիկա է Ադրբեջանում»,- նշեց Արա Ղազարյանը։

Կարդացեք նաև

Իրավաբանի խոսքով՝ այս ամենն Ադրբեջանը միագամից տարավ քրեական դատավարության դաշտ, որպեսզի իբրև կարողանան բացատրել, թե իրականացնում է քրեական դատավարություն, այլ ոչ թե առևանգում, բայց սա հարցի ձևական կողմն է։

«Եթե հրապարակային դատավարություն տեղի ունենա, և Վագիֆ Խաչատրյանն իրավունք ունենա մեղադրանքներից պաշտպանվելու տարբեր միջոցների դիմելու՝ իր նախընտրած փաստաբանի կողմից պաշտպանվելու համար, կամ հարազատների հետ շարունակական կապի մեջ լինի, ապա այդ ամենը ջրի երես դուրս կգա։ Ջրի երես դուրս կգա, որ կալանավորման որոշում նախկինում չի եղել, որ միջազգային հետախուզում չկա, որ վաղեմության ժամկետները վաղուց աշխատում են, իսկ իրենց նշած «դեպքը» տեղի է ունեցել ավելի քան 30 տարի առաջ։ Վստահ եմ, որ Ադրբեջանում, քանի որ նրանց հետ երկար ժամանակ դատավարության մեջ եմ, կարող են ցանկացած դատական ակտ, հետախուզում հետին թվով կազմակերպել, քանի որ այդ ամբողջ պրոցեսը հրապարակային չէ։ Ես իմ պրակտիկայում ունեցել եմ դեպքեր, նույնիսկ Եվրոպական դատարանին ապացուցել եմ, որ՝ այ այս ապացույցը կեղծված է»,- հավելեց Արա Ղազարյանը։

Հարցին՝ հաշվի առնելով իր նախկին փորձը, իրատեսակա՞ն է համարում միջազգային իրավունքի մասնագետը, որ դատական գործընթացով հնարավոր կլինի Վագիֆ Խաչատրյանին վերադարձնել հայրենիք, Արա Ղազարյանը պատասխանեց.

«Իհարկե իրատեսական չէ, որ դատավարությունն արդար կլինի, այն, որ կվերադարձնեն՝ կախված է հետագա քաղաքական զարգացումներից։ Վերադարձնելու մեխանիզմներ միշտ էլ կան, և նման դեպք եղել է։ Օրինակ, Կարեն Ղազարյանը դատապարտվեց 25 տարվա ազատազրկման, սակայն 2 տարի անց վերադարձվեց, քանի որ այդ պահին քաղաքական հրամայական կար։ Բացի այդ, այստեղ նաև այլ խնդիրներ կային։ Այնպես որ, վերադարձն իրատեսական համարում եմ, բայց ոչ մոտ ապագայում, այդ թվում՝ առողջական վիճակից, տարիքից ելնելով և այլն։ Բայց այն, որ կարող ենք ունենալ արդար դատական պրոցես, բացառվում է, քանի որ Ադրբեջանն այդ պոտենցիալը չունի՝ ապահովելու արդարացի գործընթաց, նույնիսկ այնտեղ մոռացել են, թե դա ինչ է նշանակում»,- եզրափակեց Արա Ղազարյանը։

Տեսանյութեր

Լրահոս