
«1,5 ամիս առաջ ենք խոսել հայրիկիս հետ, նույն բաներն է ասում. օրը 6 անգամ դեղեր է խմում». Վերա Խաչատրյան

Բաքվում 15 տարվա ազատազրկման դատապարտված 69-ամյա Վագիֆ Խաչատրյանը Բաքվի բանտից ամիսը մեկ անգամ հեռախոսազանգ է ունենում ընտանիքի անդամների հետ։
Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը, հոր հետ հեռախոսազանգերի ընթացքում նրանից բողոքներ չի ստանում, միայն ասում է՝ ամեն ինչ նորմալ է։ Իսկ թե ինչ է կատարվում իրականում՝ դժվարանում է ասել։
«1,5 ամիս առաջ ենք խոսել հայրիկիս հետ, նույն բաներն է ասում՝ լավ է։ Ասում է՝ լավ կլինի։ Հայրիկը օրը 6 անգամ դեղեր է խմում, դեղերը տալիս են, նաև հետազոտում են, հեռախոսազանգով այսպես է ներկայացնում մեզ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Վերա Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե միջազգային փաստաբան վարձելու հնարավորություն ունե՞ն՝ Բաքվի դատարանի որոշման դեմ բողոք ներկայացնելու համար, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Տեսնում եք՝ ինչ է կատարվում, դա որևէ օգուտ չի տալու»։
Նշենք, որ 2023 թվականի հուլիսին Հակարիի կամրջից ադրբեջանական կողմն առևանգել էր նաև Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։ Նա Կարմիր խաչի միջոցով Երևան էր գալիս սրտի վիրահատության նպատակով՝ աղջկա ուղեկցությամբ։
Առևանգելուց հետո Վագիֆ Խաչատրյանին տարել էին անհայտ ուղղությամբ, այնուհետև ադրբեջանական կողմը հայտարարեց, որ նրան Բաքվում մեղադրանք է առաջադրվել, իբրև թե «ցեղասպանություն» իրականացնելու համար։
Ամիսներ տևած կեղծ դատավարական նիստերից հետո Բաքվի դատարանը որոշում կայացրեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման, որից 5 տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացածը՝ խիստ ռեժիմի գաղութում։
Հիշեցնենք նաև, որ այս պահին Բաքվի ռազմական դատարանում ընթանում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարությունը։
Արցախի նախկին 3 նախագահներին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին ներկայացվել են մի քանի հոդվածներով ծանր մեղադրանքներ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հետ միասին, Բաքուն մեղադրում է նաև Արցախի մի քանի քաղաքացիների՝ կրկին ներկայացնելով շինծու մեղադրանքներ։