Այն, ինչ արվում է այս իշխանության կողմից, կարող է բերել պատերազմի. հրաժարակա՛ն տվեք. Վարդան Օսկանյան

«Այն, ինչ այսօր արվում է Հայաստանի իշխանությունների կողմից, կարող է բերել պատերազմի,- առկա գործընթացների այլընտրանքի մասին իր հերթական  տեսաուղերձում նշել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ մանրամասնելով,- Հայաստանից տրվում են անկլավներ՝ տարածքներ, որոնք էապես ազդելու են մեր անվտանգության վրա։ 85-100 հազար ադրբեջանցիներ բնակեցվելու են այդ տարածքներում. սրանք լրջագույն խնդիրներ են։

Փաստորեն, Արցախն իր բնակչությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ, իսկ 100 հազար ադրբեջանցի, որոնք գալու են Հայաստան, նրանք ոչ թե լուծարվելու են մեր մեջ, այլ, հավանաբար, նրանք լուծարելու են այդ շրջանների հայ բնակչությունն իրենց մեջ։ Ես քսենոֆոբիայով չեմ տառապում, բայց սա բոլորովին այլ խնդիր է:

Այսինքն՝ երկարատև հակամարտությունից, 44-օրյա պատերազմից հետո հապճեպ գնալ նման լուծման, հավատացեք, սա նոր հակամարտության դուռ է բացելու. սա հարցի լուծում չէ»:

Դիվանագետը պնդեց՝ այն, ինչ անում է Հայաստանի իշխանությունը, իրատեսական չէ և կարող է բերել պատերազմի:

Կարդացեք նաև

«44-օրյա պատերազմի պատճառներից մեկը նաև սա էր. դուք անիրատեսական ակնկալիքներ առաջացրեցիք հակառակորդի մոտ, իսկ երբ դա տեղի չունեցավ, նրանք ստիպված էին գնալ պատերազմի, ու այս պարագայում միջնորդները ոչինչ չեն կարող անել, որովհետև դու հրապարակային դրա մասին խոսում ես՝ ամեն հանդիպման, ամեն ասուլիսում: Դրա համար է, որ ես ասում եմ՝ խնդրում եմ, մի քիչ լռեք. այս հարցը մոտ չէ իր հանգուցալուծմանը. այլընտրանքներ կան,- նշեց Վարդան Օսկանյանը՝ հանրության համար դարձյալ պարզաբանելով, թե որն է այլընտրանքը,- 2 օր առաջ Մոսկվայում եռակողմ բանակցություններից հետո, երբ Լավրովը պատրաստվում էր ասուլիսին, 4-րդ դեպարտամենտի ղեկավարը մոտենում է Լավրովին և ինչ-որ բան հուշում, որը լսվում է:

Ուրեմն, 4-րդ դեպարտամենտի ղեկավարը Լավրովին ասում է՝ մի խոսիր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի մասին, որովհետև ադրբեջանցիները դրանից նեղանում են, դեմ են:

Գիտեք, ադրբեջանցիները ոչ թե այդ թեմայի բարձրացումից նեղանում են կամ դրան դեմ են, հավատացեք, դրանից սարսափում են:

Երբ ես այս թեման բարձրացրի, ասացի՝ ես գիտեմ, թե ինչ եմ ասում՝ բարձրացրե՛ք այդ թեման: Հայաստանի իշխանությունները պետք է փորձեն բերել բանակցային օրակարգ. Ադրբեջանն իսկապես այդ մտքից սարսափում է, որովհետև դա Ադրբեջանին դնում է լրջագույն դիլեմայի առաջ. նա, եթե ընդունի, որ դա մտնի օրակարգ, փաստորեն ինքնաբերաբար օրակարգ են գալիս Շուշիի ու Հադրութի հարցը, որոնք գտնվում են ԼՂԻՄ սահմաններում:

Երկրորդ՝ Ադրբեջանը գիտի, որ եթե այդ հարցը մտավ օրակարգ, բանակցությունների ողջ փիլիսոփայությունն ու նարատիվը փոխվելու է, գլխիվայր է փոխվելու: Մի բան, որից նրանք սարսափում են. պատկերացրեք՝ այսքանից հետո, որ Փաշինյանը համաձայնել է, ասել է, հօդս է ցնդում, ու սեղանի վրա գալիս է շատ ավելի ռեալ խնդիր:

Ադրբեջանը կատաղի դեմ է լինելու դրան, բայց դիլեման նրանում է, որ նա չի էլ կարող մերժել՝ եթե կողմ է լինում, իր համար լուրջ խնդիրներ են առաջ գալիս՝ Շուշի ու Հադրութն են գալիս օրակարգ, իսկ եթե դեմ է լինում, նրա՝ անկլավների ամբողջ պահանջը հօդս է ցնդում»:

Նա վստահ է՝ միայն այդ հարցի արտաքին քննարկումն արդեն իսկ իր էֆեկտն ունենալու է գործընթացի վրա, և սա ռեալ այլընտրանքն է նրա, ինչն այսօր արվում է ՀՀ իշխանությունների կողմից:

Նախկին արտգործնախարարը շեշտեց՝ և՛ անկլավները, և՛ ԼՂԻՄ-ը սովետական շրջանի ժառանգություն են, ու չի կարելի ընտրողաբար վերցնել մեկը՝ անտեսելով մյուսը:

Վարդան Օսկանյանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի կողմից ասուլիսում իր հասցեին հնչեցված դիտարկումներին, թե՝ «եթե պետք էր բեկում մտցնել, կարծում եմ՝ պարոն Օսկանյանն իր պաշտոնավարման ընթացքում կարող էր բեկում մտցնել և մեզ բոլորիս տեսանելի դարձնել այդ բեկումը»:

«Հենց խնդիրն այն է, որ իմ ժամանակ մի այնպիսի բեկում է մտցվել, որ էապես իրավիճակ է փոխել բանակցություններում. Լիսաբոնյան՝ «Արցախի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում» տրամաբանությունից՝ բերել-հասցրել եմ Մադրիդյան փաստաթղթին, որտեղ միջազգային հանրությունն ասում է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր ճակատագիրը պետք է որոշի հանրաքվեի միջոցով,- Նիկոլ Փաշինյանին հակադարձեց Վարդան Օսկանյանը և հավելեց,- Երբ ես հաճախ խոսել եմ Մադրիդյան փաստաթղթի մասին, միշտ համեստ եմ խոսել՝ ասել եմ, որ դա դիվանագիտական լուրջ ձեռքբերում է, հաջողություն է, բայց այսօրվա այս դիվանագիտական անմեղսունակության, այսօր ստեղծված վիճակի ֆոնի վրա, Մադրիդյան փաստաթուղթը դիվանագիտական շեդեվր է»:

Ըստ նրա՝ Փաշինյանը փոշիացրեց այդ դիվանագիտական շեդեվրը, գցեց աղբամանը, սկսեց իր զրոյական կետից:

«Բայց նորից եմ ասում. այսօր կտրուկ իրավիճակ փոխելու հնարավորություն կա՝ բարձրացրե՛ք Արցախի՝ սովետական շրջանում ինքնավար կարգավիճակ ունենալու հարցը, փորձեք օրակարգ բերել, դա հրապարակային արեք, ու տեսեք՝ ինչպես է իրավիճակ փոխվելու: Ադրբեջանը սարսափում է դրանից:

Ի՞նչ խնդիր ունեք, ինչի՞ չեք անում, ինչի՞ց եք վախենում. եթե դա անելու օգնության կարիք ունեք, ասեք՝ գանք-օգնենք, եթե գտնում եք՝ ի վիճակի չեք, չեք կարող անել, տվեք մեզ՝ դիվանագետների մի խմբի. ես պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել, իսկ եթե ընդհանրապես չեք ուզում դրա պատասխանատվությունը վերցնել, հրաժարական տվեք: Այսօր Արցախի, Հայաստանի ճակատագիրն է որոշվում. դա ավելի կարևոր հարց է, քան ձեր աթոռը»,- եզրափակեց դիվանագետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս