Վարդան Օսկանյանի հայտարարություններում օգտակար բան չեմ տեսել. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական ասուլիսն է հրավիրել, և աշխարհաքաղաքական մտահոգիչ իրավիճակի ու դրանից բխող սպառնալիքների մասին հերթական արձանագրումներից հետո՝ անդրադարձավ լրագրողների հարցերին:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը շարունակում է կաշկանդված չլինել Արցախի հարցով ՀՀ նախկին նախագահների հետ նույն սեղանի շուրջ նստելու հանգամանքով և պատրա՞ստ է արդյոք ի շահ Արցախի թույլ տալ, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը բեկում մտցնի բանակցային գործընթացում՝ հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց.

«Ես ասել եմ, որ կաշկանդածություն չունեմ, և գիտեք, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում նման նախաձեռնություն եղել է ԼՂ պաշտոնաթող նախագահների կողմից, բայց հետագայում նրանք հրաժարվել են այդ նախաձեռնությանը մասնակցությունից»:

Նա հավելեց, որ մանրամասներ չգիտի՝ ով, երբ, ինչու է հրաժարվել, բայց գիտի՝ եթե նոր նախաձեռնություն լինի, այդ նախաձեռնության նկատմամբ վերաբերմունք կարտահայտի:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ՀՀ նախկին ԱԳ նախարարի հայտարարություններին, ապա ըստ Փաշինյանի՝ նման հայտարարություններ կարող են ՀՀ բոլոր ԱԳ նախկին նախարարներն անել:

«Բայց եթե պետք էր բեկում մտցնել, կարծում եմ՝ պարոն Օսկանյանն իր պաշտոնավարման ընթացում կարող էր բեկում մտցնել և մեզ բոլորիս տեսանելի դարձնել այդ բեկումը,- նշեց նա՝ նկատելով, որ Քննիչ հանձնաժողովում իր ելույթի շրջանակներում մանրամասնորեն անդրադարձել է Վարդան Օսկանյանի պաշտոնավարման շրջանին, և գնահատականները չեն փոխվել,- Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանի հայտարարություններին, ես բոլոր հայտարարություններին ուշադիր հետևում եմ, և, եթե անկեղծ ասեմ, որևէ օգտակար բան չեմ տեսնում դրանցում՝ առնվազն այնպիսի, որ իրագործված չէ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս