«Ես էլ եմ նույն հարցը տալիս՝ Փաշինյան, ո՞վ ես դու, որ մեր փոխարեն որոշում կայացնես, ո՞վ». Մարտին Եսայան
Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հուլիսի 25-ին, հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանում պաշտոնական և փորձագիտական մակարդակում շատ է խոսվում Արցախի ուղղությամբ հնարավոր ռազմական գործողությունների, Արցախում «հայկական զինված խմբավորումները չեզոքացնելու մասին»՝ նկատի ունենալով Պաշտպանության բանակը, պատրա՞ստ են ՀՀ զինված ուժերը հնարավոր պատերազմի դեպքում պաշտպանել արցախահայությանը, պատասխանել էր՝ ոչ։
«Հայաստանի Հանրապետության խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է, և մնալու են այս տրամաբանության մեջ։
Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար կա Պաշտպանության բանակ։ Բայց ես կարծում եմ, որ ԼՂ անվտանգությունն ապահովելու համար դիվանագիտական ճանապարհներ պետք է օգտագործվեն: Ասեմ ավելին, որ Լեռնային Ղարաբաղի՝ Պաշտպանության բանակ ունենալն ինքնանպատակ չէ, քանի որ Ադրբեջանն անընդհատ ագրեսիվ, սպառնալից քաղաքականություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Բա մենք ինչի՞ ենք ասում՝ ԼՂ ժողովրդի անվտանգություն և իրավունքներ, անվտանգությունը բանալի բառն է: Մենք չենք ասում, որ անվտանգությունը պետք է ապահովվի հատկապես հենց այս մի ձևով: Մենք ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը պետք է ապահովվի այնպիսի ձևով, որը վստահելի կթվա առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում Արցախյան երեք պատերազմների մասնակից, ռազմական փորձագետ Մարտին Եսայանը կարճ պատասխանեց Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը։
«Նիկոլ Փաշինյանը որ այդպես խոսում է, չի՞ տեսել՝ թշնամին որտեղ է գտնվում՝ մոտ 220 կմ սահմանը հատել ու մտել է ՀՀ սահման, իսկ ի՞նչ քայլեր է անում։ Նիկոլ Փաշինյանն է հրաման տվել Սև լճի տարածքից, Կապանից ու այլ վայրերից հայկական զորքը հետ քաշվի, որից հետո թշնամին մխրճվել է հայկական գյուղերի մեջ։
Այն քաղաքականությունը, որն այսօր վարում է Փաշինյանը, «քարտ-բլանշ» է թշնամու ձեռքին, այն ատելությունը, որով նա լցված է Արցախի նկատմամբ, նույն ատելությունն ունի Սյունիքի, Գեղարքունիքի և առհասարակ ողջ Հայաստանի նկատմամբ»,- նշեց Մարտին Եսայանը։
Ազատամարտիկի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանն այսպես է տրամադրված հայկականության նկատմամբ, ինչպե՞ս են պահելու պետականությունը։
«Մեկ պարզ հարց տամ իմ հայ ժողովրդին՝ որքա՞ն բնակիչ է եղել Արևմտյան Հայաստանում, հիմա որտե՞ղ են, չե՞ն կարողանում պահել այս փոքր Արցախը, որ չարժանանա Արևմտյան Հայաստանի ճակատագրին։ Նիկոլը Մաշտոցի գրերը դրել է ոտքերի տակ, Մաշտոցի, որի հիմնած դպրոցը Արցախի Ամարաս վանքում է։
Միքայել Առաքելյանին, որը երեկ իրեն հարց էր ուղղել, ճանաչո՞ւմ է, նա Շուշիից է, իմ մարտական ընկերներից, հողի համար կռվածներից։ Հետևաբար, ես նույնպես պետք է կրկնեմ նրա հարցը՝ Փաշինյան, ո՞վ ես դու, որ մեր փոխարեն որոշում կայացնես, ո՞վ։ Արցախի համար որքան տղաներ են նահատակվել, սա սուրբ հող է։
Մայիսին ադրբեջանական կողմը կրկին ակտիվացել էր, Նիկոլը հրամայել էր չգործել, ինչո՞ւ, ընտրել է Արևմուտքի ճանապարհը ու տանում է կործանման։ Նիկոլ, հայ ժողովրդի գլխավոր արմատն ապրում է Արցախում, եթե կտրես այդ արմատը, դու էլ ես չորանալու ու կուլ ես տալու ամբողջ Հայաստանը։ Ոչ, չպետք է այդպես լինի, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի հեռնացնի Նիկոլին ու փրկի հայրենիքը»,- եզրափակեց Մարտին Եսայանը։