Արայիկ Հարությունյանի ծայրահեղ երկընտրանքը Փաշինյանի ու Ալիևի միջև
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին միանալու մասին, իր աշխատասենյակը տեղափոխել է հատուկ այդ նպատակով կահավորված վրան և սպառնացել է, որ մեկ շաբաթ անց դիմելու է ծայրահեղ քայլերի: Էմոցիոնալ մակարդակում ոմանք դրական են գնահատել Արցախի նախագահի այս քայլը, ավելի իրատեսները հասկացել են դրա վտանգավորությունը, իսկ արկածների սիրահարները սպասում են մեկ շաբաթ հետո նրա կողմից իրականացվելիք ծայրահեղ քայլերին:
Իրականում Արայիկ Հարությունյանի այդ քայլն արդեն իսկ ծայրահեղ է, և ոչ միայն նրանով, որ վրանում նախագահի աշխատանքն էականորեն պակաս հարմարավետ է կոմֆորտի սիրահար այդ պարոնի համար: Շատ ավելի վտանգավոր է այդ քայլի ենթատեքստը, որը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի պահանջների առնվազն մասնակի բավարարում: Հայտնի է, որ Ադրբեջանի հիմնական պահանջներից մեկն Արցախի պետական համակարգի կազմալուծումն է ու դրա գոյության դադարեցումը: Եվ Արայիկ Հարությունյանը, ահա, Արցախի նախագահի աշխատասենյակը նախագահական նստավայրից իջեցնում է փողոց, որտեղ շարունակելու է աշխատել:
Խորհրդանիշների սիրահար Ադրբեջանի համար սա բավական ոգևորիչ քայլ կլինի, նրանք կարձանագրեն, որ այս փուլում Արցախի պետական կառավարման համակարգն առնվազն աշխարհագրական իմաստով գրեթե կազմալուծվել է, և հաջորդիվ կսպասեն ավելի բովանդակային գործողությունների: Սա թույլ է տալիս ենթադրել, որ Արայիկ Հարությունյանի «ինքնաբուխ» ակցիան գուցե այնքան էլ ինքնաբուխ չէ և առնվազն համաձայնեցվել է, իսկ որ ավելի հավանական է՝ հրահանգվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, բացառված չէ՝ որպես Արցախի նախագահի նամակը Շառլ Միշելին փոխանցելու նախապայման: Բացառելի չէ նաև, որ Արայիկ Հարությունյանի աշխատասենյակի տեղափոխությունը Բրյուսելում շաբաթ օրը կայացած Փաշինյան-Ալիև բանակցությունների արդյունքներից մեկն է, վրանի հովանավորն էլ՝ անձամբ Շառլ Միշելը:
Այս և բազմաթիվ այլ ենթադրություններ ու կասկածներ փարատելու համար Արայիկ Հարությունյանը պետք է դիմի իր անձի համար իսկապես ծայրահեղ քայլի, որը որևէ կապ չունի նրա գտնվելու վայրի հետ:
Հարությունյանի միակ ծայրահեղ քայլը կլինի, եթե նա համարձակություն ունենա ի լուր աշխարհի, բայց առաջին հերթին՝ ի լուր սեփական և ՀՀ քաղաքացիների, բացահայտել, հրապարակել բոլոր այն գաղտնի պայմանավորվածությունները, հանձնարարականներն ու հրահանգները, որ արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ու դրան հաջորդած երկուսուկես տարիներին կայացվել ու փոխանակվել են իր և Նիկոլ Փաշինյանի միջև: Այդ դեպքում միայն հասարակությունը կարող է հավատալ Արայիկ Հարությունյանի գործողությունների անկեղծությանը և նրանից իրական քայլեր ակնկալել: Հակառակ պարագայում, հայտարարելով, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, բայց ուշիմ ենթակայի կարգավիճակով հետևելով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանի հրահանգներին, Արայիկ Հարությունյանը հետևողականորեն մոտեցնում է հանգրվանը, երբ հաջորդիվ ոչ թե ինքն է տեղափոխելու սեփական աշխատասենյակը, այլ իրեն են տեղափոխելու Բաքվի բանտ՝ հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագրի» շրջանակներում:
Արայիկ Հարությունյանի վիճակն անձնապես նախանձելի չէ: Որպես կալվածատեր ու գործարար՝ նա կանգնած է ունեցվածքը կորցնելու սպառնալիքի առաջ (չնայած, ըստ օդում կախված լուրերի՝ նա վաղուց էր այդ ունեցվածքի, բիզնեսի մի մասը տեղափոխել Արցախից): Նիկոլ Փաշինյանի մասին ճշմարտությունը հայտարարելու դեպքում այդ ունեցվածքը կարող է կորսվել «ներհայկական ընթացակարգերով», լռելու պարագայում՝ այն ամբողջությամբ կարող է անցնել ադրբեջանական տիրապետությանը:
Իհարկե, գուցե լավատեսությունն Արայիկ Հարությունյանին ստիպում է հույս ունենալ, որ Ալիևն Արցախի իշխանություններին խոստացած «գործուն զղջման»՝ «համաներման» շրջանակներում իրեն թույլ կտա շարունակել սեփական բիզնես գործունեությունն արդեն «Ադրբեջանի Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում» և շարունակել վրանային պայքարի իմիտացիան, բայց դա կարող է ողբերգական հուսախաբությամբ ավարտվել ոչ միայն նրա, այլ նաև Արցախի ժողովրդի համար, որոնք Արայիկ Հարությունյանին հանդուրժում են այնպես, ինչպես հայ հասարակությունը՝ նրա պարընկեր Նիկոլ Փաշինյանին:
Հարություն Ավետիսյան