«Դա առնչություն ունի Շառլ Միշելի նման ցինիկ և անբարոյական անձնավարության հետ». Լարիա Ալավերդյան

Արցախի ապաշրջափակման պահանջով Հայաստանում Միացյալ Ազգերի կազմակերպության գրասենյակի առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն արձանագրեց՝ Հայաստանի այսօրվա վարչակազմը հրաժարվում է զբաղվել Արցախի հիմնահարցով՝ ոչ միայն որպես կոնֆլիկտի կողմ, այլև՝ որպես բանակցային կողմ:

Իրավապաշտպանը հիշեցրեց, որ Հայաստանը բոլոր տարիներին ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում մասնակցել է՝ որպես բանակցային կողմ, իսկ այժմ հրաժարվում է, և ավելին՝ անում է այն, ինչ կարող է անել մեկ այլ պետություն.

«Ասում է՝ ճանաչում եմ Ադրբեջանի կազմում. շատ կներեք, Զիմբաբվեն էլ կարող է ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում՝ դա ի՞նչ նշանակություն ունի և ի՞նչ առնչություն ունի իրավական հարցերի հետ: Դա առնչություն ունի միայն քաղաքական քմահաճույքների հետ և, մասնավորապես, Շառլ Միշելի նման ցինիկ և անբարոյական անձնավորության հետ, որն ուղղակի պահը որսում է, որ անի ցինիկ հայտարարությունը, թե Ադրբեջանն Աղդամով պատրաստ է հումանիտար մատակարարում իրականացնել»:

Լարիսա Ալավերդյանի համոզմամբ՝ այսօր իշխանությունները ոչ լեգիտիմ ձևով պահպանում են իրենց իշխանությունը, իսկ ժողովրդի մի մասը, որը հասկանում է, որ խոսքը միայն Արցախի հարցի մասին չէ, այլ հայոց հարցի, հայկական պետականության գոյության, շարունակում է պայքարել:

Կարդացեք նաև

Նա սխալ է համարում այն մոտեցումը, որն ուզում են այսօր հայերին ներարկել, որ  եթե ՀՀ իշխանությունը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, ապա ի՞նչ անի միջազգային հանրությունը՝ պարզաբանելով. «Ով ուզում է ճանաչի. Միջազգային հանրությունը փորձ ունի: Ժամանակին Պոլ Պոտը Կամբոջայում եղել է ընտրված ղեկավար և կոտորել է իր ժողովրդին: Այդ ժամանակ միջազգային հանրությունը չի ասել՝ Պոլ Պոտն ընտրված է, մենք ի՞նչ գործ ունենք, հակառակը՝ դա կոչվել է դեմոցիդ, որովհետև սեփական ժողովրդի դեմ ցեղասպանություն է իրականացրել, և դադարեցվել է:

Բա միջազգային ամբողջ պարտականություններն ո՞ւր մնացին. մենք եկել ենք այստեղ՝ դա արտահայտենք: Ուզում է՝ Նիկոլ Փաշինյանը, ուզում է՝ իր ողջ թիմը ճանաչի, դա ի՞նչ կապ ունի: Բա միջազգային իրավունքը, հարաբերությունները, մարդու իրավունքներն ո՞ւր մնացին»:

Անդրադառնալով Աղդամով հումանիտար օգնության մատակարարման մասին Շառլ Միշելի հայտարարությանը՝ իրավապաշտպանը շեշտեց, որ այդ կերպ արդեն ապացուցվում է, որ Արցախը Ադրբեջանի ոչ թե կազմի մեջ է, այլ անքակտելի մասը:

«Դա նշանակում է, որ Ադրբեջանն է տերը, և ինքը կարող է օգտակար լինել, ու որևէ մարդասիրական աղետ չկա, ուղղակի կա արցախցիների համառություն, որ իրենք չեն ուզում արդեն իսկ իրենց պետությունից ստանալ այդ օգնությունը: Դա սրիկայություն է,- մանրամասնեց նա, ապա հավելեց,- Մենք ինչո՞ւ ենք եկել ՄԱԿ. չհասկացանք՝ հիմա ո՞վ է գերակա, ՄԱ՞Կ-ը, թե՞ եվրոպական հանրությունը. ՄԱ՛Կ-ն է գերակա, և ՄԱԿ-ից ենք պահանջում, որ իրականացնի արցախցիների իրավացի պահանջները, իսկ պահանջները պարզ են. Արցախը չճանաչված պետություն է, 50-ից ավելի չճանաչված պետություն կա աշխարհում, ի՞նչ է եղել՝ սա էլ մեկն է:

Այն, որ այսօրվա վարչակազմն ասում է, թե ինքը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, ի՞նչ կա, որ՝ Մեծ Բրիտանիան էլ 1991 թվականին է ճանաչել. կարող ես ճանաչել, բայց դու ի՞նչ կապ ունես այն տարածքների հետ, որի վրա ՀՀ ինքնիշխանությունը չի տարածվում:

Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ներքո օրինական չէ, որովհետև ՀՀ սուվերենությունը չի տարածվում այն տարածքների վրա, որոնց մասին ստորագրել է»:

Հիշեցնենք, որ այսօր ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը տեղեկացրել էր՝ Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումն այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում։

«Առավոտյան ժամը 11։00-ից ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության և Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համակարգմամբ կկազմակերպվեն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրազեկման ակցիաներ»,- նշել էր նա:

Ի դեպ, այսօր ՄԱԿ-ի գրասենյակի առջև «Կանայք հանուն Արցախի» խորագրով մեկօրյա խորհրդանշական հացադուլ են իրականացնում քաղաքագետ Անուշ Սեդրակյանը և բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս