Ոչ մի պետություն այլ պետության համար իր շահը չի զոհի. պատրանք է, որ ՆԱՏՕ-ական թուրքական զորքը կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը. Վազրիկ Բազիլ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Գերմանիայի քաղաքական, դաշնային և նահանգային պետական կառույցներում հանրային կապերի խորհրդատու, դասախոս, դոկտոր, PR մասնագետ, ճառագիր (speechmaker), Սաքսոնիայի թագավորական ընտանիքի Սբ. Հայնրիհ Ուխտի ասպետ Վազրիկ Բազիլն է:
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- 2018թ․հեղափոխությամբ թե՛ տեղացիները, թե՛ սփյուռքահայերը ոգևորված էին, բայց հատկապես 44-օրյա պատերազմից հետո թավշյա հեղափոխության պողպատյա ավարտը տեսնում ենք՝ ինչ վնասներ հասցրեց Հայաստանին։
- Ամբողջ ԽՍՀՄ նախկին հանրապետությունները գրեթե նույն ախտերով են տառապում՝ կաշառակերություն, զեղծարարություն։ Դա մեկ հեղափոխությամբ չի շտկվում, անձեր փոխելով՝ համակարգեր չեն փոխվում։ Արհեստավարժ անձինք են պետք համակարգ փոխելու համար։
- Հայաստանն իր լուծումները պետք է գտնի, իր յուրովի ուղին, և դրա համար պետք է համարձակություն և ուշիմություն։ Նախընտրելի է, որ Հայաստանը շատ ավելի քիչ ճարպիկ լինի, ավելի շատ՝ ուշիմ։
- Շատ տարօրինակ է, որ պարտված ղեկավարը շարունակում է կառավարել, այլ հարց է, որ քաղաքացիները նրան ընտրեցին։ Պարտված ղեկավարը չի կարող ղեկն իր ձեռքը վերցնել։ Պարտված ղեկավարով պետությունը, պարտված պետությունն արժեզրկվում է ամբողջովին, և պետք է փոփոխություն լինի, որ նաև խորհրդանիշ դառնա, որ մենք փոխում ենք մեր քաղաքականությունը։
- Կառավարությունը պետք է ծառայի պետությանը և ոչ թե պետությունը՝ կառավարությանը։
- Մակնիշը, բրենդը պետք է տարբեր լինի բոլորից։ Տարօրինակ է լսել «ժողովրդավարությունը մեր բրենդն է» նախադասությունը։ Ես առաջին անգամ եմ լսում նման բան, մանավանդ դա ասելիս պետք է հասկանալ՝ ինչ է ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունը միայն քվեարկությունը չէ, այլ իշխանության երեք մարմինների տարանջատումն է։ Եթե գործադիր, օրենսդիր և դատական թևերը միմյանց գործերի չեն խառնվում, դա է ժողովրդավարությունը։ Գերմանիայում լրիվ անթույլատրելի է, որ գործադիրը խառնվի դատական իշխանության գործունեությանը։
- Անկարելի է Գերմանիայում լսել պետության ղեկավարի կողմից նման բառապաշար։ Մամուլը շատ ուժեղ հարձակման պետք է ենթարկեր նրան այս բառապաշարի համար, նրա թիրախում հայտնված մարդիկ դատի պիտի տային նրան… Սա երկրում քաղաքական մշակույթի հարց է։ Եթե նման բաներն ընդունվում են Հայաստանում, ուրեմն այստեղ քաղաքական մշակույթը փոխելու խնդիր կա։
- Մամուլի, լրագրողների ու դատական համակարգի նկատմամբ նման վերաբերմունքը լրիվ խորթ է ինձ։ Այս քաղաքական մշակույթը հանրային քննարկման նյութ պիտի դառնա։ Ի՞նչ քաղաքական մշակույթի մեջ ենք մենք ուզում ապրել՝ հայհոյախոսությո՞ւն, զեղծարարությո՞ւն, թե՞ թափանցիկություն, դաստիարակվածություն։
- Հայաստանում «ժողովուրդ» բառը շատ են սիրում, բայց պետք է խոսել քաղաքացու մասին։ Որովհետև քաղաքացին է պատասխանատվություն կրողը:
- Գերմանիայում հանրային կապերի բաժինները նպաստում են, որ լրագրողների հետ հարաբերությունները գնալով սերտանան։ Եթե գրավոր հարցումների պատասխաններն ուշանում են, որևէ նախարարարության մամլո խոսնակ կարող է ստանալ, օրինակ, «Թթված լոլիկ» մրցանակ, կարող է նաև հեռացվել աշխատանքից։ Լրագրողների ընկերակցությունը շատ հզոր է Գերմանիայում։
- Գերմանական քաղաքական գործիչները, բնականաբար, ունեն սոցցանցեր, բայց պետական պաշտոնական հաղորդումները ֆեյսբուքներով չեն տրվում, այլ մամլո պաշտոնական հաղորդագրություններով։
- Հիմա Գերմանիայում խոսվում է սոցհարթակների բացասական ազդեցության մասին, հատկապես՝ երեխաների դաստիարակության վրա։ Գերմանիայում էլ կան հայհոյախոս գրառումներ, սակայն պաշտոնյան իրեն թույլ չի տա պատասխանել նման կերպ, նման բառապաշարով։ Գերմանացի պաշտոնյան երբեք չի կարող իր անձնական կարծիքը հայտնել։ Դա պետք է անի տվյալ նախարարության մամլո խոսնակը։
- Ամեն ինչ պետք է ձև, կերպ ունենա։ Մենք ձև չունենք, ձև թափել, դերասանություն անել ունենք։ Ձևը մշակույթի արգասիք է։ Պետք է ձև ունենալ։
- Ընտանիքով նստած են. մայրն իր բջջայինի մեջ է, հայրը՝ իր, երեխան երբ հանգիստ չի պահում իրեն, մի բջջային հեռախոս էլ նրան են տալիս։ Եվ երեք հոգուց բաղկացած ընտանիքը լուռ ապրում է իրար հետ։ Ընտանիք հասկացությունը վերանում է։ Չպետք է ամեն ինչ կառավարվի ձեռքի մի երկու շարժումներով: Ձեռքը կապված է բանականության հետ։ Մարդ պետք է վերապահ լինի այս բոլոր էլեկտրոնային միջոցների նկատմամբ, և ոչ թե մոլուցքի վերածվի։ Սա մոլուցք է, և Գերմանիայում միջոցներ են հատկացնում այն բուժելու համար։
- Թղթի գործածությունը Եվրոպայում քառապատկվել է։ Հիմա թղթին ավելի շատ տեղ են տալիս, քան էլեկտրոնային միջոցներին, էլեկտրոնային միջոցներով տարածվող տեղեկատվությանը։ Գերմանիայում ավելի մեծ վստահություն կա տպագիր խոսքի նկատմամբ։ Շվեդիայում ուսումնասիրություն են արել ու պարզել, որ թղթով ուսուցումն ավելի արդյունավետ է, քան բջջայիններով:
- Արցախի հարցը հանրային ուշադրության կիզակետից գրեթե դուրս է։ Եթե ուժից հրաժարվում ես, միջազգային օրենքները մնում են թղթի վրա։ Պետք է զենքի, քարոզչական և թվայնացման դաշտերում ուժ ցույց տալ։ Եթե դու վախենում ես, չի կարելի ակնկալել, որ ուրիշ պետություններ կգան ու Արցախի հարցը կլուծեն։ Հայաստանի կառավարությունը պետք է ուժ ցույց տա։
- Եթե Հայաստանի կառավարությունը հրաժարվում է Արցախից, միջազգային հանրությունը ոչինչ չի կարող անել։ Ի վերջո, դա Հայաստանի պատասխանատվությունն է։ Ակնկալել, որ դա կանեն այլ երկրներ, պատրանք է։ Հայաստանն ինքը պետք է հետամուտ լինի հարցի լուծմանը, այլապես կկորցնենք ամեն ինչ։ Հրաժարվելով Արցախից՝ կճեղքվի Հայաստանը, կբաժանվի մասերի։
- Ցեղասպանության ճանաչումից հրաժարվել, նշանակում է Արցախից հրաժարվել, ինչից հետո գալու է Հայաստանից հրաժարումը։ Հայաստանին պետք է ուժ, հարձակողական կեցվածք։
- 44-օրյա պատերազմի պարտությունը Սփյուռքում մեծ հիասթափություն առաջացրեց։ Մարդիկ մտածում էին՝ 30 տարիների աշխատանքի արդյունքը պարտությո՞ւնն էր։ Մարդիկ կային, որ պարտությունից հետո Հայաստանի անունը չէին ուզում լսել։ Մարդիկ էլ կային, որ իրենց մոտ արյան կանչն արթնացավ։
- Ցեղասպանությունն էական հարց է Սփյուռքի համար։ Սփյուռքն այսօր բավականին թուլացել է, հյուծվել։ Հին ու նորի ստորոգությունը (այդ թվում՝ հին ու նոր հայերենի), դժբախտաբար, շարունակվում է։ Նորը միայն լավ է հնչում, բայց ամեն նոր չէ, որ լավ է, և ամեն հին չէ, որ լավ է։ Պետք է տեսնել՝ հնչողականությունից զատ, ի՞նչ կա տակը։ Սփյուռքը միահամուռ միավոր չէ, բազմապիսի խմորումներ ու խմբակներ կան։
- Պատերազմի ժամանակ «Հայաստան համահայկական հիմնադրամի» արարքը բարկացրեց շատերին։
- Սփյուռքը հիմա պետք է զբաղվի ինքն իրենով, որովհետև միայն ուժեղ Սփյուռքը կարող է օգտակար լինել Հայաստանին։ Սփյուռքում ձուլումները շատ են, պետք է մարդկանց բնական աճը բարձրացնելու մասին մտածել։ Հայաստանում ևս պետք է մտածել բնակչության աճը մեծացնելու մասին:
- Հայաստանում պետք է ապակենտրոնացում լինի։ Ամեն ինչ չպետք է միայն քաղաքամայր Երևանում կենտրոնացած լինի։ Մարզերը պետք է զարգանան։
- Փոքր երկրները պետք է ոչ թե քանակով, այլ որակով մրցունակ լինեն։
- Ժողովրդավարությունից անբաժան է ժողովրդապաշտությունը կամ պոպուլիզմը, մանիպուլյացիան։ Երկիրը պետք է դիմադրողականություն ունենա, որ կարողանան դիմագրավել պոպուլիզմին։ Սա էլ քաղաքական մշակույթի, կրթության, դատողության հարց է, որ քաղաքացին չընկնի թակարդը, կարողանա տարբերել ձեռնածությունը՝ մանիպուլյացիան՝ ճշտից, սուտը, կեղծիքը՝ ճշմարտությունից։ Մարդ էակն ազատ է, ճշմարտության կարիք ունի, ու, ի վերջո, մարդը կկարողանա տարբերել մանիպուլյացիան ճշմարտությունից։ Մարդը մի օր ազատվելու է այդ պոպուլիզմից և մանիպուլյացիաներից:
- Իշխանությունները ժամանակավոր են, մարդը պետք է հեռատես լինի, աչքի առաջ ունենա պետության շահը։ Սա է պատասխանատու քաղաքական գործչի կեցվածքը։
- Եվրոպայում ժողովրդավարության հարստությունը երփներանգության մեջ է, բայց այստեղ էլ կան տարբեր կարծիքներ ու բախումներ։ Հիմա որ ես Հայաստան եմ գալիս, նկատում եմ, որ Եվրոպայի «լուսաստղը» նոր է այստեղ հասնում, մինչդեռ դա արդեն Եվրոպայում խամրել է: Շատ գաղափարներ այստեղ նոր են թափ առնում, երբ Եվրոպայում դրանք արդեն անցյալ են։
- Ճիշտ կրթական համակարգը խորհրդային և եվրոպական կրթական համակարգերի միաձուլումն է՝ բովանդակություն և ունակություն։
- Հայաստանի քաղաքացին ներքուստ պետք է ազատ լինի, որ ինքը որոշի՝ որն է ճիշտ, որը՝ սխալ։ Ազգայինի, ազգային ինքնության հարցը շատ կարևոր է: Հիմա Գերմանիայում մշակվում է ազգային անվտանգության ռազմավարություն, թե ինչպես պետք է պաշտպանվել արտաքին հարձակման դեպքում։ Այսպիսի խոսք կա՝ հուսա՛ ամենալավի մասին, բայց պատրաստվի՛ր վատին։ Ամբողջ պետական կառույցներն են պատրաստվում։
- Գերմանիայում, որը կրում է երկու աշխարհամարտերի բեռը, վերադարձ կա «ազգային» բառին, հայրենասիրությանը։ Եթե մարդ հրաժարվում է ազգայինից, վնասում է նաև համամարդկային արժեքները։ Ո՞վ ես դու… Եթե դու ազգային դիմագիծ չունես, համամարդկայինը քեզ ոչինչ չի տա։ Դու պետք է բնօրինակը լինես, քո դիմագծով ու ինքնությամբ զարգացնես համամարդկայինը։
- Կառավարությունը պետք է հաղթելու կամք ունենա, որ փոխանցի քաղաքացիներին։ Ցավոք, մենք տեսնում ենք, որ քաղաքացիների զգալի մասը թմրած վիճակում է, անտարբեր։ Սա հոգեբանական հարց է, բայց կառավարության պարտականությունն է՝ քաղաքացուն թմրած վիճակից դուրս բերել, եթե դրա ցանկությունը կա։ Բայց եթե քաղաքացիների թմրած վիճակը ձեռնտու է կառավարությանը, այդտեղ գործ ունի անելու ընդդիմությունը, որ կրկին զարթոնք լինի։ Գիտակից քաղաքացիներն ընդդիմության կամ նույնիսկ քաղաքական շարժումների հետ պետք է կրկին ոտքի ելնեն։
- Եթե մեծամասնության մոտ կա գիտակցություն, որ Հայաստանը կորցնում է իր պետականությունը, պետք է քաղաքացիներն իրենց ձայնը բարձրացնեն, և եթե երկիրը ժողովրդավարական է, նրանց ձայնը պետք է լսելի դառնա։
- Սփյուռքում շատերի մոտ հայրենասիրությունը սահմանափակվում է արձակուրդին Հայաստան այցելելով, Էջմիածնով, նռով, Սասունցի Դավթի արձանով, Հայաստանի նկարներն իրենց սենյակներում կախելով, բայց ոմանց մոտ տագնապի, պետականություն կորցնելու վախի իրական զգացողություն կա։
- Եթե չլինի Հայաստան պետություն և Արցախ, դա լրիվ հուսալքություն է։ Երբեմն ինձ մոտ ծագում է այն գաղափարը՝ երանի՜ շարունակվեր Սովետական Հայաստանը, չփլուզվեր. երկիր էր, կար մտավորականություն, մակարդակ, բայց հետո ասում եմ՝ չէ, անկախ լինել, պետություն ունենալ էր պետք։ Բայց, անշուշտ, հիմա ողբերգական շրջան ենք ապրում։ Երազում եմ, որ ողջամտությունը կրկին տեղ գտնի մեր հոգիներում ու ուղեղներում։
- Քաղաքականության մեջ բացարձակ բարեկամներ և թշնամիներ չկան։ Հայաստանը պետք է իր ռազմավարությունը մշակի ու ըստ այդմ ընտրի իր դաշնակիցներին։ Որոշ լարախաղացություն անհրաժեշտ է։ Չպետք է մարդ իր ճակատագիրը միայն մեկին լիովին հանձնի։ Պատրանք է, որ ՆԱՏՕ-ական թուրքական զորքը կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Պետք չէ սնվել նման գաղափարներով։ Ոչ մի պետություն այլ պետության համար իր շահը չի զոհի, և սա նորմալ է, պախարակելի չէ։ Քաղաքականության մեջ չկա ընկերություն, կան շահեր։
Մանրամասները՝ տեսանյութում: