«Գիտակցում ենք՝ ուրիշ Արցախ այլևս չենք կարող ունենալ, ինչպես որ՝ ոչ մի բան չի կարողանալու փոխարինել Սյունիքին, Գեղարքունիքին, Երևանին, Հայաստանին». Ներսես քահանա Ասրյան
Այսօր Արցախի Հանրապետության Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի ապաշրջափակման համաժողովրդական շարժումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ներկաները հարգեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար նահատակվածների հիշատակը։
Այնուհետև ներկաները միացան Շոշկավանքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Ներսես Գարեգին Ասրյանի միասնական աղոթքին, որից հետո Տեր Ներսեսը ներկաներին ուղղեց իր խոսքը։
«Խոսքս պետք է սկսեմ առանց նախաբանի՝ մեր պատմությանը հետադարձ հայացքով, հատկապես՝ վերջին հազարամյակներին, որին ինչ-որ առումով կարելի է բնորոշել՝ որպես կորուստների մի պատմություն։
Ժամանակ առ ժամանակ մեր հսկայական հայրենիքից մենք պարբերաբար հատվածներ ենք կորցնում, մեզ համար նվիրական հայրենիքի մասեր։ Որոշ մասը կորցրել ենք ծանր պայքարի մեջ, բայց երբեմն այն զիջել ենք ինչ-որ առումով՝ հուսալով, որ մեզ հանգիստ կթողնեն, վերջապես խաղաղություն կունենանք։ Եվ հետո սկսել ենք մեր կորցրած հայրենիքի տեղանուններով, իբրև սփոփանք՝ խանութներ, հացատներ, փողոցներ և այլ օբյեկտներ անվանակոչել, կարոտաբաղձ երգեր հորինել՝ սա ինքնախաբեություն է»,- նշեց Ներսես քահանա Ասրյանը։
Նրա խոսքով՝ այսօր Արցախն ու արցախահայությունը կանգնած է ճակատագրական մի պահի, երբ կարծես այդ ճակատագրին ցանկանում են արժանացնել նաև Արցախը։
«Մենք պիտի գիտակցենք և, անշուշտ, գիտակցում ու հասկանում ենք, որ ուրիշ Արցախ այլևս չենք կարող ունենալ, ոչ մի բան չի կարող փոխարինել մեր հայրենիքին, ինչպես որ վաղը ոչ մի բան չի կարողանալու փոխարինել Սյունիքին, Գեղարքունիքին, Երևանին, Հայաստանին։
Այսօր մենք վերջապես պետք է հասկանանք, որ մեր թշնամու համար բացարձակապես նշանակություն չունեն մեր քաղաքական նախասիրությունները, կուսակցական պատկանելությունը, կրոնական ու դավանական հայացքները, ընդհանրապես ոչ մի բան նշանակություն չունի։ Մեզ ցանկանում են վերացնել որպես տեսակ և բռնազավթել մեր հայրենիքը, իսկ մեր մնացորդը լավագույն դեպքում պիտի վերածվի աշխարհով մեկ սփռված նորօրյա գնչուների՝զուրկ արմատներից, հայրենիքից և ազգային արժանապատվությունից։ Սուրբ Գիրքն ասում է, որ ամեն ինչ ունի իր ժամանակը, այսօր ժամանակն է, որ վերջապես բոլորս հասկանանք այս իրողությունը»,- եզրափակեց քահանան։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում