Դավիթ Տոնոյանը պատրաստ է Քննիչ հանձնաժողովում միանձնյա հրապարակային ելույթի և հարցուպատասխանի. կտա՞ իշխանությունը նման հնարավորություն

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրերս լրագրողներին հայտնել է, որ եթե դատարանը դրական արձագանքի Դավիթ Տոնոյանի միջնորդությանը, ապա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ  հանձնաժողովը պատրաստ է օգոստոսի 1-ին նիստ հրավիրել:

Հուլիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նպատակների և աշխատաոճի հանդեպ ունեցած բոլոր վերապահումներով հանդերձ՝ որոշել է ներկայանալ այդ մարմին՝ բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու նպատակով:

«Նման որոշման հիմք են հանդիսացել հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը և դրան հաջորդած ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, ինչպես նաև հանրային պահանջը»,- հայտնել էր Տոնոյանը:

Հրթիռների գործով կալանավորված պաշտպանության նախկին նախարարի հայտարարությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 4-ին միջնորդություն է ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ. Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր:

Կարդացեք նաև

168.am-ի տեղեկություններով, նախքան միջնորդությունը՝ հունիսի 27-ին, Դավիթ Տոնոյանը հարցում էր ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պարզելու, թե գործող օրենսդրական իրավակարգավորումների շրջանակում հնարավո՞ր է ապահովել կալանավորված անձի մասնակցությունը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, և եթե այո՝ ինչ կարգով և պայմաններում:

Արդարադատության նախարարությունից պատասխանել են, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին կալանավորված անձի մասնակցության ապահովման վերաբերյալ իրավակարգավորումներ գործող օրենսդրությամբ նախատեսված չեն: Այսինքն, բարձրացված հարցը չի գտնվում Արդարադատության նախարարության լիազորությունների շրջանակում, և քրեական վարույթն իրականացնող մարմինն է միայն օժտված համապատասխան գործիքակազմով:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հրապարակային ելույթ էր ունեցել, իսկ հունիսի 27-ին բաց և փակ ձևաչափով հարցուպատասխանի մասնակցել:

Իսկ ավելի վաղ Փաշինյանը և Քննիչ հանձնաժողովը մերժել էին ապրիլի 25-ին՝ հրթիռների գործով անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկը՝ իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, որի ընթացքում կպատասխանեն հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերին:

Իր այս առաջարկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հաստատել էր նաև մայիսի 29-ին տարածած հայտարարությամբ, որտեղ նա մանրամասներ էր հայտնել 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության ընթացքի, այդ թվում՝ Տավուշի մասին կետը հանելու, այդ թեման օրակարգ վերադարձնելու, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից դուրս Փաշինյանի՝ Սյունիքից հայկական զորքերի հետքաշման որոշման մասին:

«Այլ մանրամասների մասին կարող եմ խոսել միայն ԱԺ քննիչ հանձնաժողովում, այն էլ՝ թույլատրելիության սահմաններում բաց, հրապարակային նիստին ՀՀ վարչապետի մասնակցության պայմանով` հետագայում փաստերը որևէ մեկի կողմից չխեղաթյուրելու և չաղավաղելու նկատառումներից ելնելով»,- նշել էր Տոնոյանը մայիսի 29-ի հայտարարության մեջ:

Իսկ հուլիսի 5-ի հայտարարության մեջ, ինչպես վերևում նշեցինք, նախկին նախարարը պատրաստակամություն էր հայտնել Քննիչ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայրում բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու:

Սակայն Տոնոյանի վերջին հայտարարության մեջ բաց և հրապարակային «հարցաքննության» մասին հստակություն չկար, ինչը տարբեր ենթադրությունների տեղիք էր տվել

168.am-ի տեղեկություններով, սակայն, Դավիթ Տոնոյանը Քննիչ հանձնաժողովում ուղիղ եթերով հրապարակային ելույթի մտադրությունից հետ չի կանգնել, ինչպես նաև պատրաստ է թույլատրելիության սահմաններում հրապարակային հարցուպատասխանի:

Ի դեպ, Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ին ասել էր՝ «եթե Դավիթ Տոնոյանը ցանկանա՝ կլինի նաև ուղիղ հեռարձակում»:

Եթե ընդունենք, որ Պաշտպանության նախկին նախարարի՝ Քննիչ հանձնաժողովում ուղիղ եթերով ելույթի հնարավորությունը հաստատված փաստ է, ապա հաշվի առնելով, որ հարցերը կամ հարցաշարը նախապես մշակված և համաձայնեցված են լինելու, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու հանձնաժողովի նիստին, մնում է հուսալ, որ Դավիթ Տոնոյանն իր ելույթի շրջանակում, որի վրա գուցե արդեն սկսել է աշխատել, կանդրադառնա 44-օրյա պատերազմին առնչվող առանցքային հարցերին, ինչպես նաև նախապատերազմյան որոշակի հանգամանքների:

Այլ կերպ՝ Տոնոյանի հրապարակային ելույթը չի լինի միայն պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին և պնդումներին, այլ իր մեջ կպարունակի նաև որոշ չափով «նախահարձակ» տեղեկություններ: Սպասենք իրադարձությունների զարգացմանը:

Տեսանյութեր

Լրահոս