Լավ օրից չէ, որ յուրաքանչյուր 1000 դրամը կարող է գերարժևորվել. տնտեսագետ

Հուլիսի 1-ից բարձրացված կենսաթոշակը համապատասխանում է նվազագույն պարենային զամբյուղին. կառավարության հերթական նիստին «հերթական պատմական ռեկորդն» արձանագրեց Նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է, որ այդ մեթոդաբանությամբ մեր կողմից տրվող բոլոր թոշակառուներն իրենց նվազագույն պարենային կարիքները կարող են հոգալ»,- հավելեց նա:

Տնտեսագիտական տարբեր շրջանակներ, այդուհանդերձ, նշում են՝ այդ բարձրացումներն անհամաչափ են առկա սոցիալ-տնտեսական միտումների ֆոնին, և, որ իրականում կենսաթոշակի գնողականությունն ավելի ցածր է այսօր:

Տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը համոզված է՝ վերջին տարիներին գնաճային լրջագույն միտումները հաշվի առելով, հուլիսի 1-ից բարձրացված կենսաթոշակն առանձնապես մեծ խնդիր չի լուծելու, բայց, միևնույն ժամանակ, հենց նման պայմաններում քաղաքացու համար յուրաքանչյուր 1000 դրամը կարող է լինել աջակցող:

Կարդացեք նաև

«Հատկապես սոցիալական ծանր իրավիճակներում, լավ օրից չէ, որ յուրաքանչյուր հազար դրամը կարող է գերարժևորվել: Բայց, զուգադիպությամբ, վերջին բարձրացումը տեղի ունեցավ գնաճային տեմպի որոշակի թուլացմանը զուգահեռ, ինչը կարող է որոշակիորեն նպաստավոր միջավայր ստեղծել:

Սակայն, գլոբալ առումով, խնդիրը չի լուծվում, որովհետև նվազագույն կենսաթոշակի այս բարձրացումը թեև մոտենում է պարենային զամբյուղի արժեքին, բայց չի ծածկում ամբողջությամբ: Երկրորդը՝ երբ  թանկացումների խնդիրը դիտարկում ենք, բարեկեցության միջին մակարդակի հաշվարկը երբեք չի սկսվում և ավարտվում պարենային զամբյուղի հաշվարկով և եկամուտների համաչափությամբ,- մանրամասնեց նա՝ պարզաբանմամբ,- Նախորդ տարիների ընթացքում ունենք հանրային ծառայությունների լուրջ թանկացում, ինչը ևս մարդու ամսական բյուջեում ծախսեր են, և, հետևաբար, ասել, որ այս վերջին բարձրացումները համարժեք են երկրում ստեղծված իրավիճակին և միջին բարեկեցության պայմաններ ստեղծելու համար, այդպես չէ»:

Տնտեսագետը նկատեց նաև, որ խնդիրը պետք է դիտարկել գնաճային միտումների համատեքստում, քանի որ այսօր գնաճի տեմպի թուլացումը չի  ենթադրում, որ կան երաշխիքներ, թե այդ տեմպը կպահպանվի:

«Ե՛վ ԿԲ զգուշավոր քաղաքականությունը վերաֆինանսավորման տոկոսադրույքի առնչությամբ, և՛ համաշխարհային քաղաքատնտեսական զարգագումներն այսօր պահպանում են ռիսկեր գնաճային ճնշումների ավելացման համար»,- նշեց Լիլյա Ամիրխանյանը՝ հիշեցմամբ, որ Հայաստանի տնտեսության վրա դեռևս պահպանվում է ռելոկանտների գործոնը, որն էապես ազդում է գնաճային միջավայրի վրա:

Տնտեսագետը շեշտեց, որ տևական ժամանակ գնաճի պահպանման պայմաններում օրինակելի դեպքերում՝ զարգացող և զարգացած տնտեսություններում առավել համակարգային և ինստիտուցիոնալ մոտեցում է ցուցաբերվում:

«Խոսքը եկամուտների ինդեքսացիայի պրակտիկայի մասին է: Իհարկե, դա պայմանավորված է նաև պետության հնարավորություններով:

Այսօր  շարքային քաղաքացին տրամաբանական հակասության մեջ կարող է հայտնվել, քանի որ, եթե իշխանությունները պնդում են, որ չունենք տնտեսական խնդիրներ, աննախադեպ աճեր ենք ցույց տալիս (այլ հարց է դրանց վրա ազդող գործոնները, որոնք կանխատեսելիության ու հետագա կայունության հետ կապված խնդիրներ ունեն), քաղաքացին օբյեկտիվ հարցադրում կարող է ունենալ՝ այդ դեպքում ինչո՞ւ է իմ նվազագույն կենսաթոշակը բարձրանում 3000 դրամով»,- ամփոփեց նա՝ այդ հարցի շուրջ բացատրություն տալու Փաշինյանի փորձը հոդաբաշխ չհամարելով:

Ըստ նրա՝ ինստիտուցիոնալ մոտեցման բացակայության պարագայում չկա վստահություն, որ նոր տնտեսական ցնցման կամ հերթական գնաճի դեպքում պետությունը սոցիալապես կանգնած է քաղաքացու կողքին:

Նշենք, որ 2023 թ․ հուլիսի 1-ից միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը բարձրացել են։ Ըստ այդմ՝ նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվել է 36,000 դրամ` 31,600 դրամի փոխարեն, բազային կենսաթոշակի չափը սահմանվել է 24,000 դրամ` 21,000 դրամի փոխարեն, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվել է 1,750 դրամ` 1,600 դրամի փոխարեն։

Տեսանյութեր

Լրահոս