ԲԴԽ-ն Հայաստանում դատավորներին հոշոտող օղակի է վերածվել. նախագահն ու մյուս անդամները կարող են պատվավոր դատավոր դառնալ Ադրբեջանում. Սիրանուշ Սահակյան

«Այս պահին Ադրբեջանում պահվող գեթ մեկ ռազմագերի չկա, որի առնչությամբ չկա դատական ակտ: Նրանք բոլորն էլ դատապարտվել են, ուստի այս գործերն էլ պետք է դիտարկել նույն տրամաբանության ներքո: Ադրբեջանը հայ զինծառայողներին Ադրբեջանում պահելու իրավական հիմքեր չունի, բայց, բնականաբար, ցանկանում է պահել՝ քաղաքական գործընթացներում որպես լծակ գործադրելու նպատակով: Բեմականացված դատավարություններ են իրականացվում: Դրանց հիմքում չկան փաստեր, վերաբերելի, թույլատրելի ապացույցներ: Այստեղ մենք կեղծարարության գործարանի արտադրանքի հետ գործ ունենք, և այս գործընթացներն իմիտացվում են ինչպես ներքին լսարանի, այնպես էլ՝ հայերի շրջանում հոգեկան տառապանքներ, ահաբեկումներ տարածելու նպատակով»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց իրավապաշտպան, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով այս տարվա մայիսի 26-ին ՀՀ Սյունիքի մարզի Շիկահողի տարածքից ադրբեջանցիների կողմից առևանգված երկու զինծառայողների՝ Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի նկատմամբ այսօր Սումգայիթի դատարանում արագացված կարգով կայացված վճռին, որով մեր զինծառայողները դատապարտվեցին 11.5 տարվա ազատազրկման՝ շինծու, հորինված մեղադրանքների արդյունքում:

Իրավապաշտպանը նկատեց՝ այս դատավճիռները չեն կայացվել դատարաններում, դրանք գրվել են Ադրբեջանի քաղաքական բարձրագույն իշխանության կողմից:

«Ադրբեջանն այս դատավարության արդյունքը նախ որպես հոգեբանական զենք է օգտագործում՝ ցուցադրելու համար, որ ունի բոլոր հիմքերը տևական ժամանակ հայ զինծառայողներին պահելու նպատակով, և եթե նրանց վերադարձը քննարկվում է, ուրեմն հայկական կողմը պետք է գնա փոխզիջումների: Այդ փոխզիջումները կարող են առնչվել ոչ մարդասիրական խնդիրների: Սա գոնե լավագույն սցենարն է, երբ անազատության մեջ պահվող անձը փոխանակվում է ռազմագերու հետ: Մենք բոլորս գիտենք, որ այս հարցը կախվածության մեջ է դրվում միջպետական նշանակություն ունեցող խնդիրների հետ՝ քարտեզների փոխանցում, բնակավայրերի հայաթափում ու վերադարձ Ադրբեջանին և այլն: Ադրբեջանը շահագրգիռ է  ստանալ իր հանցագործներին, ուստի կարծում եմ՝ գործարք կարող է կայանալ երկու հանցագործների վերադարձի դիմաց»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ այս պարագայում կկիրառվի այն մոդելը, ինչ ադրբեջանցի մարդասպան-դիվերսանտներ Ասկերովի և Գուլիևի դեպքում, և պետք է, որ հայկական կողմը հասնի նրան, որ արտահանձնման դեպքում նախ նրանք իրենց պատիժը կրեն Ադրբեջանում:

«Բացի դրանից, փոխանակում կատարելու պարագայում հայկական կողմի բանակցողները պետք է հասնեն «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի իրացմանը: Խոսելով այն մասին՝ ինչ պետք է անի պետությունը ռազմագերիներին վերադարձնելու համար, և ի՞նչ էր անում, օրինակ, Սերժ Սարգսյանի իշխանությունն Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ, երբ մենք թշնամու տարածքում չունեցանք և ոչ մի մարմին կամ անհետ կորած, Սիրանուշ Սահակյանն ասաց՝ շատ կարևոր է բանակցողի անձը:

«Նման հարցերը հակամարտությունից կամ ակտիվ ռազմական գործողություններից հետո լուծում են ստանում քաղաքական ճանապարհով, որտեղ ներգրավված են լինում մանդատ ունեցող կառույցներ, օրինակ, Կարմիր խաչը: 2016թ., կարծում եմ, այդ բանակցությունները շատ ավելի պատշաճ են ընթացել, և հայկական կողմը, ունենալով նաև ուժեղ բանակցային դիրք, կարողացել է Ադրբեջանին պարտադրել, որպեսզի մարդասիրական խնդիրները ժամանակին իրենց լուծումը ստանան»,- ասաց իրավապաշտպանը:

Վերջինս նշեց՝ այդ ժամանակ էլ ադրբեջանական կողմը նույնն է եղել, նույն հոգեբանությամբ, նույն վարքով:

«Ավելին, նույն իշխանությունների ներքո է գործել Ադրբեջանը: Հասկանալի է, որ անբարեխիղճ և վայրի գործելակերպի դրսևորումներ հատուկ են եղել նաև 2016թ.: Կարող եմ ասել, որ բազմաթիվ դիեր մնացել էին չեզոք գոտում, որոնց մոտենալը ևս կապված էր Ադրբեջանի գործելակերպի հետ: Հակառակ պարագայում այստեղ ևս մարդկային կորուստներ կարող էին լինել: Այս խնդիրներով հանդերձ՝ բանակցություններն ընթացել են այն ճանապարհով, որ դիերը վերադարձվել են, գերիների խնդիր առհասարակ չի եղել, անհետ կորածների հարցեր՝ նույնպես: Բանակցողի անձով, ինչպես նաև մարտական գործողությունների ելքով պայմանավորված՝ Ադրբեջանը զրկված է եղել այն հնարավորությունից, որ չհամագործակցի հայկական կողմի հետ և չկատարի հայկական կողմի՝ առնվազն մարդասիրական պահանջները: Եվ այս բոլոր գործընթացներն իրականացվել են Կարմիր խաչի ներգրավմամբ: Նաև այս կառույցի գործունեության համար են այն ժամանակ առավել բավարար նախադրյալներ եղել: Ես կարծում եմ՝ մարդասիրական խնդիրները ներկայումս մնում են առկախված: Դա ձախողված բանակցողի ցայտուն դրսևորում է»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Ինչ վերաբերում է Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) հուլիսի 3-ին և դրան նախորդող օրերին տեղի ունեցած խայտառակությանը, երբ դադարեցվեցին նախ 4 դատավորների, ապա դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները, Սիրանուշ Սահակյանի գնահատականը միանշանակ էր՝ ԲԴԽ-ն հեղինակազրկել է իրեն:

«Դա ի պատիվ այն ղեկավարող Կարեն Անդրեասյանի, ով չի առաջնորդվում պետական շահերով և իր ամբիցիաների համար զոհաբերում է պետական ինստիտուտներ: Սա կատարում է համագործակցված՝ իր գործընկեր, լավ ընկեր, իր հետ խիստ սերտաճվածություն ունեցող Գրիգոր Մինասյանի հետ»,- ասաց ԲԴԽ-ում դատավոր Աստղիկ Խառատյանի ներկայացուցիչը:

Նա նշեց նաև՝ այդ կառույցը՝ անկախություն, իսկ այնտեղ գործող կազմը՝ անաչառություն չունեն, իրենց համարում են իրավունքից վեր:

«Միակ բանը, որով առաջնորդվում է ԲԴԽ-ն, Կարեն Անդրեասյանի կամակորություններն են: Մի փոքր կոռեկտություն եթե ունենային, անթույլատրելի կլիներ ողջ ժամանակի 80%-ն անցկացնել հեռախոսի մեջ: ԲԴԽ նախագահը փոքր-ինչ զսպվածություն պետք է ունենա… ԲԴԽ նախագահն ու մյուս անդամներն այնպիսի մասնագիտական աճ են ապրել, որ կարող են պատվավոր դատավոր դառնալ Ադրբեջանում: Միակ տարբերությունն ազգությունն է, գործելակերպը գրեթե նույնական է»,- ասաց նա:

Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ երեկ 168.am-ին տված հարցազրույցում հնչեցրած մտքերին, ասաց՝ գործ ունենք փաստերի խեղաթյուրման հետ, ինչի մասնագետներն են և՛ Մինասյանը, և՛ Կարեն Անդրեասյանը, և այստեղ նրանք մրցակիցներ ունենալ չեն կարող:

«Եվրոպական դատարանի համար շատ պարզ է, որ Հայաստանում ԲԴԽ-ի կողմից են տեղի ունենում դատավորների հետապնդումներ: Հայաստանում դատավորներին հոշոտող օղակի է վերածվել այն կառույցը, որն ի սկզբանե կոչված է եղել դատավորներին պաշտպանել գործադիր իշխանությունից: ՄԻԵԴ-ն 9 դատավորների գործերը քննելու է արագացված ընթացակարգերով: Բացի դրանից, այդ գործերով պետք է լինի արագ կոմունիկացիա, այսինքն՝ ծանուցում ՀՀ կառավարությանը: ՄԻԵԴ կայացրած որոշումները հակադրվելու են Գրիգոր Մինասյանի երևակայական Հայաստանի արժեքներին, որովհետև ժողովրդավարական արժեքները Հայաստանում երբեք այնքան չեն անտեսվել ու արհամարհվել, որքան հիմա: Ներկայումս մենք փաստաթղթավորում ենք նաև ԲԴԽ-ի կողմից կատարված քրեորեն պատժելի արարքները և առաջիկա օրերին հաղորդում ենք ներկայացնելու հանցագործության վերաբերյալ, որն առնչվելու է ԲԴԽ որոշ անդամների»,- ասաց իրավապաշտպանը:

Սիրանուշ Սահակյանը նկատեց՝ երբ կգա Արցախի հարցով վերջնական որոշումներ կայացնելու ժամանակը, և դրանք ամբողջովին չեն լինի արևմտյան ազդեցության ներքո կայացված, այն ժամանակ միայն եվրոպական կառույցները կտան այս իշխանությունների գործողությունների ամբողջական և օբյեկտիվ գնահատականը:

Դիտարկմանը, թե մինչ այդ երկրում ավելանում են քաղբանտարկյալները, և արդեն մոտ մեկ ամիս է՝ կալանավորված է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը, իրավապաշտպանն ասաց՝ այստեղ կապ կա անձի գործունեության, արտահայտած տեսակետների և հետապնդման միջև:

«Այն տեղեկատվությունը, որը բացահայտվում է պարոն Աշոտյանի կողմից, առնչվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Այն ահազանգում է մոտալուտ վտանգը, և այդ տեղեկատվության ակտիվ տարածումը կարող է նպաստել հասարակության մոբիլիզացիային, որի պարագայում ՀՀ իշխանությունների և արտաքին ուժերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են ամբողջ ծավալով չիրականացվել կամ առնվազն խոչընդոտների հանդիպել: Այսինքն՝ Արմեն Աշոտյանի հայտարարությունները կարող են նպաստել հասարակության իմունային համակարգի վերակենդանացմանը, որի պարագայում պետության շահերը կարող էին պաշտպանված լինել: Այդ հնարավորությունից զրկելու համար միջոցներ են ձեռնարկվել»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Ըստ նրա՝ դատական համակարգում թեև ունենք պրոֆեսիոնալ, իրենց անձն ու մասնագիտական արժանապատվությունը գնահատող դատավորներ, ընդհանուր առմամբ դատական համակարգն ահաբեկված է: ԲԴԽ-ում տիրող իրավիճակն ու բացահայտ խախտումներով անձի լիազորություններ դադարեցնելը վախերի մեջ են պահում դատավորներին:

«Բազմաթիվ դատավորներ այս իրավիճակում ունակ չեն լինելու դիմադրել: Արմեն Աշոտյանի գործի պարագայում անհատական դատավորի գործոնը կարևոր է, և դժվար կկարողանամ կանխատեսել՝ ինչպիսին կլինի ելքը: Հավանականությունը, որ նորանշանակ դատավորները կարող են անկախ գործել, չափազանց փոքր է»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս