Իրավիճակը հրատապ է՝ հնարավորինս շուտ պետք է հանդիպենք ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր ԱԺ-ում երկու ընդդիմադիր խմբակցությունների հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ պարզաբանեց ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին փակ հանդիպման հրավիրելու նպատակը: Ըստ պատգամավորի՝ ՀՀ-ում տարբեր երկրներ իրականացրել են տարաբնույթ ծրագրեր, որոնց նպատակը, ըստ հայտարարվածի՝ Հայաստանում ժողովրդավարության զարգացումը, օրենքի գերակայության ապահովումն է, ինչպես նաև մարդու իրավունքների հետ կապված այլ հարցերի լուծումը։
«Հիմա մենք ուզում ենք շատ հստակ հասկանալ ամեն ինչ, հատկապես այն հայտարարությունների համատեքստում, որ թեպետ շատ ժամանակ իրերն իրենց անուններով չեն անվանվում, բայց շատ զեկույցներում, մասնավորապես՝ վերջին շրջանում, որոշակի արձանագրություններ կան՝ ոստիկանական բռնաճնշումների, բռնի գործողությունների վերաբերյալ։ Դրա համար ուզում ենք փակ ձևաչափի շրջանակներում, որպեսզի չշահարկվի, թե շոու տարրեր կան, առարկայական քննարկումներ անցկացնենք»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի փոխանցմամբ՝ փակ ձևաչափով այս հանդիպման նպատակն է նաև փոխանցել խորհրդարանական ընդդիմության մոտեցումները և գործնականում հասկանալ, թե ինչպիսի մոտեցումներ ունեն այդ կառույցներն ու երկրները ՀՀ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Եթե ընդհանուր ժամանակագրությունը նայենք, ապա հատկապես վերջին շրջանում, գործընթացները տարբեր փուլերով դրսևորվել է, հիմա ակտուալությունն այնքան մեծ է, և կան կուտակված հարցեր, որ անհրաժեշտություն է առաջացել այդ ֆորմատով հանդիպելու համար։ Մեզ համար կարևոր է, որ այդ հանդիպումը տեղի ունենա հնարավորինս շուտ»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում