Խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ. Աշոտյան
«Երևանը, Երևանը պետք է ոտքի կանգնի, որ Կիրանցը կարողանա իր նպատակին հասնել: Եթե Երևանում փոփոխություններ չլինեն, մնացած բոլոր պայքարները շատ գովելի են, բայց վերջնական արդյունքին բերել չեն կարող»,- այսօր դատական նիստից հետո, 168.am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը:
Վերջինս, առիթից օգտվելով, անդրադարձավ օրեր առաջ Ազգային ժողովում (ԱԺ) գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից ներկայացված Դատախազության տարեկան հաղորդման մեջ իր վերաբերյալ տեղ գտած զրպարտությանը:
«Դատախազության տարեկան զեկույցում ինձ հետ կապված զրպարտություն ու կեղծիք է տեղ գտել, և իմ փաստաբանները գլխավոր դատախազից պահանջել են զրպարտության հերքում: Ես հուսով եմ, որ տիկին դատախազը սեփական օրինակով ցույց կտա, որ օրենքն իրականում գոնե ձևական առումով հարգում է»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Վերջինս դատական նիստերի դահլիճից դուրս գալու պահին ասաց՝ Կիրանցեցիներին ուժ ու կորով եմ ցանկանում:
«Ես լինեի դրսում, Տավուշում կլինեի, բայց նորից կրկնեմ, որ խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է: Հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: