«Նիկոլին հանդուրժո՞ւմ եք, ուրեմն՝ ընտրել եք ինքնաոչնչացման ճանապարհը, դառնալու եք նրա զոհը». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը Պուտինի և Ալիևի դաշնակիցն է, որի վառ վկայությունն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։

«Ալիևը երեկ հստակ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ նախագիծ են ներկայացրել և այդ նախագծով Նիկոլը գործում է՝ ահա սա է բոլոր-բոլոր հարցերի պատասխանը։ Չկա միջազգային իրավունք կամ միջազգային հանրություն, կա Ալիև  և նրա կամակատար Նիկոլ։ Բոլորին էլ հայտնի է, թե Ալիևն ում դաշնակիցն է, այդպես դաշնակիցներով, Նիկոլի հետ միասին գործում են Հայաստանի ու հայ ազգի դեմ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Պարույր Հայրիկյանը։

Նա բոլորի ուշադրությունը հրավիրեց այն Ալիևի և Փաշինյանի հնչեցրած  հայտարարությունների վրա, որոնք երկկողմ բանակցում են  ու հայտարարում, թե  իրենց միջնորդներ պետք չեն։

«Երբ երկու քրեական հանցագործներ զրուցում են, իհարկե, նրանց միջնորդներ անհրաժեշտ չեն»,- շեշտեց նա։

Կարդացեք նաև

Ըստ Պարույր Հայրիկյանի, հայ ազգն ուներ պայքարի առաջնորդ, հրաժարվեց նրանից, ուստի դատապարտված է ոչնչացման։

«Եթե դուք ձեր պայքարի առաջնորդին անտեսում եք, նրա ներդրումներն ուրանում, նշանակում է՝ հակառակն եք ընտրում։ Եթե դուք ձեր ապրելու առաջնորդին անտեսում եք, ի՞նչ կարող եմ ասել՝ անտեսեք ու ոչնչացեք, այս ազգը դատապարտված է մեռնելու։

Հիմա, երբ փողոցում քայլում եմ, բոլորը տեսնում են, բարևում, այդ բարևներն ինձ այլևս պետք չեն։

Որոշել եք մեռնե՞լ, ես ոչինչ անել չեմ կարող, Նիկոլին հանդուրժո՞ւմ եք, ուրեմն՝ ընտրել եք ինքնաոչնչացման ճանապարհը, դուք դառնալու եք նրա զոհը»,- ընդգծեց Պարույր Հայրիկյանը։

Այդուհանդերձ այս իրավիճակից Պարույր Հայրիկյանը ելք տեսնում է, ասում է՝ անձամբ 18 տարի բանտերում է անցկացրել, բայց կարողացել է իր հաղթանակը կերտել, որովհետև պայքարել է ստի ու կեղծիքի դեմ։ Հետևաբար, հաղթանակ կերտելու համար անհրաժեշտ է պայքար։

«Չպետք է ամեն մեկն այս իրավիճակում իրեն երևակայի, հիմար խոսքեր դուրս տա։ Կարող են հետևել իմ օրինակին՝ հայտնվել նույնիսկ բանտում, հանուն ժողովրդի ազատության, ինչպես ես եմ արել ժամանակին»,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը։

Տեսանյութեր

Լրահոս