ԵՄ-ն մեկ միլիարդ եվրո է հատկացրել Լիբանանին
Եվրամիությունը մինչև 2027 թվականը Լիբանանին է տրամադրում 1 միլիարդ եվրոյի օգնություն կրթության, սոցիալական պաշտպանության և առողջապահության ոլորտներում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Լիբանանում կայացած մամուլի ասուլիսում։
«Այսօրվա իմ այցը մեծապես վկայում է ԵՄ-ի շարունակական աջակցության մասին Լիբանանին և նրա ժողովրդին․․․․ Մենք հանձնառու ենք տրամադրել ուժեղ ֆինանսական աջակցություն երկրին՝ հաշվի առնելով նրա առջև ծառացած զգալի մարտահրավերները։ 1 միլիարդ եվրոն մինչև 2027 թվականը կտրամադրի այդքան անհրաժեշտ օգնությունը Լիբանանի ժողովրդին և կնպաստի նրա անվտանգությանն ու կայունությանը», – ֆոն դեր Լայենի խոսքերն է մեջբերում Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Բացի կրթության, սոցիալական պաշտպանության և առողջապահության ոլորտներից, աջակցություն կտրամադրվի նաև Լիբանանի զինված ուժերին և անվտանգության այլ ուժերին՝ սարքավորումների ձեռքբերման, սահմանային հսկողության համար վերապատրաստում անցնելու և մաքսանենգության դեմ պայքարի համար։
Ըստ Եվրահանձնաժողովի հաղորդագրության՝ այս աջակցությունը պետք է ուղեկցվի տնտեսական, ֆինանսական և բանկային ոլորտի բարեփոխումներով, կենտրոնանա նաև միգրացիայի հոսքի կառավարման, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի վրա։
2011 թվականից ի վեր ԵՄ-ն Լիբանանին հատկացրել է ավելի քան 3 միլիարդ եվրո։