Փաշինյանն այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին. Վարդան Հարությունյան
Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լսեցի Փաշինյանի հարցազրույցը։
Անվիճելի է, որ Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխիքը խաղաղությունն է, հարեւանների հետ թշնամության բացակայությունը եւ հաշտ միջավայրը, որտեղ կարելի է ապրել անվտանգ ու, խելք ու հմտություններ ունենալու պարագայում, զարգանալ։
Տարիներ շարունակ անզիջում դիրքերից հանդես եկող, փոխզիջումներով խնդիրը լուծելու տարբերակները մերժող Փաշինյանը, փաստորեն, աղետալի պատերազմից, ջախջախիչ պարտությունից, անդառնալի կորուստներ արձանագրելուց հետո, երբ փոխզիջման ոչ մի տարբերակ չկա այլեւս, երբ նոր ձեւավորված հանգամանքները զիջումներ են միայն թելադրում, հանգել է խաղաղության անհրաժեշտության մտքին։ (Այստեղ կարելի է տխուր ժպտալ)։
Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները նա հենց խաղաղության ու հաշտության անհարժեշտությամբ էր պայմանավորում։
Բայց այդպես էլ չպատասխանեց լրագրողի ամենակարեւոր հարցին՝ կա՞ վստահություն, որ Ադրբեջանն էլ իր հերթին է հետ քաշվելու Հայաստանի սուվերեն տարածքից։ Մի քանի անգամ շրջանցեց այս հարցը, ինչից կարելի է եզրակացնել, որ չգիտի, պատասխան չունի։ Իսկ այսօր սա ամենակարեւոր հարցն է։
Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանից հետ քաշվելու պատրաստ լինելու մասին հստակ հայտարարություն դեռ չի հնչել։
Հետեւաբար՝ չի բացառվում, որ կարող ենք դառնալ նոր անակնկալների ականատեսներ»։