Արդարադատությունը, նույն ընկերությունում փողով կապված՝ Կարեն Անդրեասյանի և Գրիգոր Մինասյանի ձեռքում է. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ կարիք չկա մեկնաբանելու մի խմբավորման հայտարարությունները, որը դրա իրավական ու բարոյական իրավունքը չունի, բայց անդադար պնդում է, թե «Հայաստանում միայն թուրքական ու ադրբեջանական բնակավայրեր են»։

«Ես այստեղ իրենց մեկնաբանելու համար չեմ եկել, բայց իրենց թույլ տված անօրենությունների, անօրինականությունների մասին պարտավոր եմ պատմել։ Հարգելի քաղաքացիներ, դուք պարտավոր եք իմանալ, որ ՀՀ-ում ձեր հարկերի հաշվին ֆինանսավորվում ու բարեփոխումներ են անվանվում գործընթացներ, որոնց արդյունքում Հայաստանը, մեր հայրենիքը պաշտպանող զինվորն իր դիրքը պաշտպանելու համար կրակ բացելու համար կարող է դատապարտվել ու կալանավորվել։ Իսկ ադրբեջանցի դիվերսանտը ժամերի ընթացքում կարող է արդարացվել ու հետ ուղարկվել Ադրբեջան։

Հարգելի քաղաքացիներ, դուք նաև պարտավոր եք իմանալ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, բոլորիս իրավունքները պետական հոգածության ներքո պետք է լինեն, որն իրացնում է այդ պահի իշխանությունը։ Այժմ Բաքվում կան հարյուրավոր գերիներ, որոնց իրավունքներով այս իշխանությունը չի  էլ ուզում զբաղվել, որովհետև իրենց համար գերիները մեռած են, կամ, որ ավելի վատ է «դե, հանցագործ են, ի՞նչ տարբերություն՝ Բաքվի՞, թե՞ Երևանի բանտում կնստեն»»,- շեշտեց Աննա Մկրտչյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց նաև, որ ՀՀ-ում էլ կան քաղաքական պատանդներ, մարդիկ, որ բանտարկվել են միայն իշխանության հրահանգով, ցանկությամբ։ Նրանց ամիսներով, եթե ոչ՝ տարիներով, քննիչներ չեն այցելում, չեն նշանակում  դատական նիստերի օրերը, որովհետև նպատակն արդարադատության դուռը տանելը չէ, այլ այդ ցանկության իրացումն է։

Կարդացեք նաև

«Իհարկե, այս գործընթացներին զուգահեռ՝ Հայաստանում անխոչընդոտ իրականացվում է իրավապահ, իրավական, նաև արդարադատական համակարգի, որքանով այն մնացել է՝ նիկոլականության  վարակումը։ Արդարադատությունը մեկ ընկերությունում տնտեսական շահով, այսինքն՝ միասնական փողով կապված, գտնվում է երկու մարդկանց ձեռքում.  մի կողմից՝ Գրիգոր Մինասյանի, մյուս կողմից՝ Կարեն Անդրեասյանի։ Դե, սրանից այն կողմ էլ ինչի՞ մասին կարելի է երազել։ Մարդիկ իրենք դատավորներին նշանակում են, դատավորներին պատժում են, խրախուսում են։  Եթե այս շղթայի մեջ մի բան էլ բաց են թողնում, անպայմանորեն կգա դատախազությունը, կգա ՔԿ-ն, կգա հեղինակազրկված ԱԱԾ-ն՝ այդ բացերը լրացնելու համար»,- շեշտեց Աննա Մկրտչյանը։

Տեսանյութեր

Լրահոս