Բաժիններ՝

Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ-ն դատապարտում է Վրաստանի խորհրդարանում երկրորդ ընթերցում անցած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը սպառնում է Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։

Գերատեսչությունը նշում է, որ օրինագիծը Կրեմլի ազդեցությունն է կրում և նպատակ ունի «լռեցնելու քննադատներին և վերացնելու Վրաստանի ակտիվ քաղաքացիական հասարակությունը»։

«Այս օրինագիծը և «Վրացական երազանք»-ի հակաարևմտյան հռետորաբանությունը Վրաստանը դնում են վտանգավոր հետագծի վրա: Վրաստանի կառավարության հայտարարություններն ու գործողությունները անհամատեղելի են ժողովրդավարական արժեքների հետ, որոնք ընկած են ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության հիմքում, և դրանով իսկ սպառնալիքի տակ են դնում Վրաստանի ուղին դեպի եվրատլանտյան ինտեգրում», – ասվում է Պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ Արևմուտքի օգնությունը Վրաստանին տնտեսության և ժողովրդավարության զարգացման բնագավառում, որը ցուցաբերվել է 32 տարի շարունակ, «ճիշտ չի բնութագրվում» պաշտոնական Թբիլիսիի կողմից, և դա «արմատապես խարխլում է Վրաստանի կառավարության և ժողովրդի հետ ձևավորված մեր ամուր հարաբերությունները»:

Պետքարտուղարությունը նաև դատապարտել է «բռնության կիրառումը խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ ցույցերը լուսաբանող լրագրողների նկատմամբ» և կոչ է արել իշխանություններին «թույլ տալ բռնություն չգործադրող ցուցարարներին շարունակել օգտվել խոսքի ազատության իրենց իրավունքից»:

Օրինագիծը պարտավորեցնում է ոչ կառավարական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնք իրենց ֆինանսավորման 20 %-ից ավելին ստանում են արտերկրից, գրանցվել որպես օտարերկրյա տերության շահերը քարոզող կազմակերպություն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նման օրենսդրությունն անհրաժեշտ է դրամաշնորհ ստացողների ֆինանսական թափանցիկությունն ապահովելու համար։

Ապրիլի 15-ից ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիստները Թբիլիսիում հանրահավաքներ են անցկացնում օրինագծի դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս