Չարիքը, սատանան Երևանում է նստած, Կիրանցում տեղի ունեցողը չարի հետևանքն է. Սամվել Նիկոյան
ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը Նիկոլ Փաշինյանի՝ երեկ հանրային հեռուստաընկերությամբ հնչեցրած հայտարարությունը, թե՝ «Եթե Կիրանցի դպրոցի մոտ երեխաները չեն ուզում ադրբեջանցի զինվորականների տեսնել, կարող են ծառ տնկել կամ պատ կառուցել», որակեց հիմարություն։
«Դա մեր պետության, մեր ժողովրդի ամոթն է, խայտառակությունը, որ երկրի ղեկավար կոչված մարդը կարող է նման հիմար մտքեր արտահայտել»,- ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Նիկոկյանը։
Մեջբերելով դատարանի դահլիճում Արմեն Աշոտյանի հայտարարությունը՝ «Խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ», հաստատելով՝ ընդգծեց, որ պայքարը Կիրանցի ու մյուս բոլոր սահմանամերձ գյուղերի, ամբողջ Հայաստանի, մեր հայրենիքի համար՝ Երևանում է։
«Չարը, չարիքը նստած է Երևանում։ Ինչ տեղի է ունենում Տավուշում՝ հետևանք է չարագործության, պայքարը չարի դեմ է։ Միշտ ասում եմ՝ ողջունելի է, հազար խոնարհում այն մարդկանց, ովքեր Կիրանցում, Տավուշում պայքարում են, բայց խնդրի լուծումը Երևանում է, չարիքը Երևանում է: Այդ խնդիրը մենք, դուք, բոլորս պետք է լուծենք»,- շեշտեց Ս. Նիկոյանը։
Սամվել Նիկոյանի կարծիքով՝ չնայած Նիկոլ Փաշինյանին աջակցում են դրսից՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Արևմուտքը, բայց հնարավոր է իրավիճակը փոխել, որանքով էլ զարմանալի է, բայց Նիկոլ Փաշինյանը որոշ առումով ձեռնտու է նաև Ռուսաստանին։
«Բոլորն ուզում են այստեղ տեսնել թույլ, կամազուրկ մի մարդու, որի հետ կվարվեն այնպես, ինչպես իրենք են ցանկանում: Այստեղ բոլորն իրենց խնդիրն են լուծում, Թուրքիան ու Ադրբեջանը, Արևմուտքը, Ռուսաստանը Նիկոլի ձեռքով լուծում են իրենց խնդրը, դրա համար նա բոլորին ձեռք է տալիս»,- ընդգծեց Սամվել Նիկոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում