Որքան շուտ կանգ առնեք, այնքան լավ ժողովրդի և ձեր համար. Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ին
Ադրբեջանի քաղաքականությունը, այսպես կոչված, սահմանային ճշգրտումների շուրջ, իր մեջ բավականին վտանգավոր նպատակներ են պարունակում:
Ճիշտ է՝ հայաստանյան իշխանությունը պնդում և փորձում է հասարակության մոտ
տպավորություն ստեղծել, թե իրենք խաղաղություն և անվտանգություն են
բերելու, բայց իրականում այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր սահմաններում,
այս պահին՝ Տավուշի հատվածում, քաղաքական և անվտանգային դետոնացիայի է
հանգեցնելու:
Իշխանության խոստումները խաղաղություն բերելու առումով, մեր հասարակության
համար, վաղուց վերածվել են բլեֆի հենց միայն այն պատճառով, որ բոլորի աչքի
առաջ է այս իշխանության գործունեությունը, որը մարդկանց բացառապես ցավ,
տառապանք, անորոշություն և կորուստներ է բերել:
Ի դեպ, պատահական չէ, որ Ադրբեջանի թելադրանքով, այսպես կոչված, սահմանային
ճշգրտումները հենց Տավուշի վերոնշյալ հատվածներից են սկսվել:
Ադրբեջանը փորձում է օգտվել հայաստանյան իշխանության բացառիկ խոնարհումից և
արագ մխրճվել բոլոր այն հատվածներում, որոնք նրան մարտավարական և
ռազմավարական առավելություն կապահովեն, իսկ Հայաստանին՝ քաղաքական
հպատակություն:
Ընդ որում՝ այն, ինչ այսօր արվում է, այսպես կոչված, դելիմիտացիա/դեմարկացիայի անվան տակ, 2020-23 թվականներին, Ադրբեջանն արեց ուժի կիրառման միջոցով:
Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական մխրճումներն
ավարտելուց հետո թիրախ է ընտրվել Տավուշը, հետագայում անցում է կատարվելու
Նախիջևանի ուղղությանը:
Նպատակը Հայաստանի շուրջ օղակը սեղմելն է, որի պարագայում Ադրբեջանը կստանա
քաղաքական երաշխիք, որ այսուհետև Հայաստանի ցանկացած իշխանություն,
ցանկացած հարցի բանակցման ժամանակ, այլ ելք չի ունենա, քան կատարելու
ադրբեջանական կամքը:
Իրադրության լրջությունն առաջին հերթին նրանում է, որ իշխանությունը ոչ
միայն միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով խաղաղություն չի բերելու, այլ
իրենից հետո հավերժ կռացածի կարգավիճակ է ապահովելու հաջորդ բոլոր
կառավարությունների համար:
Այս ամբիոնից այսօր իշխանությունը պնդում հնչեցրեց, թե՝ մենք գիտենք, թե
ինչպես Հայաստանի անվտանգությունը պաշտպանենք: Ո՛չ, չգիտե՛ք,
ինքնախաբեությամբ մի՛ զբաղվեք, առավել ևս՝ մարդկանց մի՛ մոլորեցրեք:
Կամ ասում եք՝ մենք շատ լավ գիտենք, թե ինչ ենք անում: Սա էլ հիշեցնում է
ձեր քաղաքական առաջնորդի հայտնի խոսքը Արցախի հարցով բանակցությունների
վերաբերյալ, երբ ասում էր՝ ինչ-որ պետք է՝ էն էլ բանակցում ենք:
Թե ինչ եղավ հետո և ինչ դաժան իրականության հետ առերեսվեց մեր ժողովուրդը,
բոլորը գիտեն, այնպես որ՝ մեր քաղաքացիներին երկրորդ անգամ դժոխքի միջով
չանցկացնե՛ք:
Որքան շուտ կանգ առնե՛ք, հեռանա՛ք ու առերեսվեք իրականության հետ՝ այնքան
լավ և՛ մեր երկրի, և՛ ժողովրդի, և՛, ի դեպ, ձեր համար: