Ադրբեջանի բոլոր պահանջները կատարողներն այլոց անվանում են գործակալ. Աննա Գրիգորյան
Ցանկացած իշխանության առաջնային խնդիրը պետք է լինի՝ հանուն ապահով պետության և քաղաքացիների անվտանգության: Միայն Հայաստանում է, որտեղ իշխանության գերնպատակը սեփական իշխանությունն ամեն գնով պահելն է, սեփական անվտանգության խնդիրը լուծելն է: Ձեր կառավարման տարիների արդյունքում Արցախն ամբողջությամբ հայաթափված է, թշնամական զորքերը մխրճված են մեր երկրի ամբողջ տարածքով: Մեր երկիրը շագրենի կաշիի պես փոքրանում է՝ մեկ բանավոր պայմանավորվածությունների, մեկ՝ գաղտնի հակապետական պայմանագրերի, երբեմն էլ՝ հանցավոր անգործության հետևանքով, ինչպես, օրինակ, Տեղ գյուղում: Սրանք չոր փաստեր են՝ ոչ իմ տեսանկյունը: Արդեն պատմություն: Իսկ այսօր Տավուշում տեղի է ունենում այն, ինչ տեղի ունեցավ Սյունիքում տարիներ առաջ: Էլի հանձնվեցին ճանապարհներ, տներ, ու զրո երաշխիք, որ էլ չեն հարձակվի: Ավելին, Սյունիքում զիջումներից հետո ստացանք նոր հարձակումներ:
ԱԺ փոխնախագահներից մեկն է ասում, որ մենք կիրանցցիների հետ միասին կանցնենք այս բարդ գործընթացով: Քանի՞ անգամ եք այդ ժողովրդի մոտ եղել, դուք վաղուց իրականությունը տեսնում եք բացառապես ձեր պադավատների պատուհաններից:
Այն, ինչ տեղի է ունենում Տավուշում, անխոս, միակողմանի զիջումներ են, բայց այս գործընթացում ստի ու ցինիզմի սահմաններն են աներևակայելի:
Քանդել են ամբողջ պաշտպանական բնագիծը, հանձնում են դեպի Վրաստան գնացող միջպետական ճանապարհը, առաջնագիծը բերում-հասցնում են գյուղի դպրոցից բառացիորեն մի քանի մետրի վրա, մի հատ սյուն դնում ու ասում են՝ այ հիմա, ժողովուրդ, դուք անվտանգ եք: Այսինքն՝ անվտանգ չէին, երբ կիլոմետրերով հեռու էր առաջնագիծն իրենց տներից, հիմա անվտանգ կլինեն: Ցինիզմի աստիճանը, էլի:
Կամ ասում եք՝ 25 հա հող է անցել ՀՀ-ին, ումի՞ց է անցել: Մեր վերահսկողության տակ գտնվող հողերը թանկով վաճառում եք ժողովրդին՝ որպես ձեռքբերում, և սրան զուգահեռ՝ չկա գեթ մեկ երաշխիք, որ պատերազմ չի լինի, որ օկուպացված տարածքներից Ադրբեջանը զորքերը կհանի: Չկա, պարզապես գոյություն չունի: Իսկ այն մարդիկ, ովքեր այսօր ասում են՝ վերջ, թույլ չենք տալու հերթական զիջումն իրականացնել մեր կենսական շահերի հաշվին, տարատեսակ անուններ եք կպցնում՝ գործակալ, չգիտեմ ինչ: Այսինքն՝ հոգևորականը, զոհվածի ծնողը, կիրանցցին, ում վկայականները ձեռքին՝ ասում եք՝ դուրս արի քո տնից, այն այլևս ադրբեջական է, կամ դեմ են, որ ադրբեջանցին գա կանգնի գերեզմանների, դպրոցի անմիջապես հարևանությամբ, ասում եք՝ գործակա՞լ են:
Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր պահանջները բավարարածներն այլոց գործակալ լինելու մասին են խոսում, առանց որևէ ապացույցի: Զավեշտ, էլի: Իմիջիայլոց, շարժման մեջ ձեր հարազատներն էլ են, իրե՞նք էլ են գործակալ:
Այսօր ձևավորված համաժողովրդական շարժման բոլոր մասնակիցները գիտակցում են պատմական ողբերգությունները, որի միջով անցել ու անցնում ենք ձեր կառավարման օրոք, ձեր գործողությունների արդյունքում: Այս շղթան պետք է ընդհատվի, շարունակական զիջումների, անվերջ ստի, նվաստացման, ստորացման այս շղթան պետք է ընդհատվի:
Իմիջիայլոց, Նիկոլ Փաշինյանն ինքն է գրել իր քաղաքական մահախոսականը, իր դատավճիռը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում, ուրանալով Հայոց ցեղասպանությունը, անվերջ ստելով, զիջելով տարածքներ, մարդկանց տներ, գերեզմաններ, պատերազմ հայտարարելով մեր ինքնության դեմ, պատմության դեմ, Արարատի դեմ:
Շարժման նպատակն է՝ արձանագրել, իրավաբանորեն արձանագրել այս իշխանության քաղաքական վախճանը: