
Ադրբեջանի արտգործնախարարը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարի հետ

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանիի հետ։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով այդ երկրի ԱԳՆ-ին:
Հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանն ու ժողովրդին՝ մայիսի 19-ին ավիավթարի հետևանքով զոհված նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։
Ջեյհուն Բայրամովը նաև նշել է Աբդոլլահյանի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և տարաձայնություններ առաջացնող հարցերի լուծման գործում։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։