«Հայաստան» համահայկական հիմնադրամը դրամական աջակցություն է տրամադրել շահառուների, որոնք ցուցակում ներգրավվել են իրենց մահից հետո
Օրերս տեղի ունեցած «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ նիստին ներկայացվել է հիմնադրամի 2022թ. գործունեության մասին գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հաշվետվությունը, նաև, ինչպես նշվում է տարածված մամլո հաղորդագրության մեջ, անդրադարձ է կատարվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությանը և դրա վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից իրականացրած հաշվեքննության եզրակացությանը։
Հաղորդագրության մեջ նշվում է. «…Հոգաբարձուների խորհուրդն արձանագրեց, որ 2020թ. հոկտեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից թվով 9-ը նվիրաբերության պայմանագրերով ՀՀ-ին որպես նվիրաբերություն փոխանցված 52,703,114,113 դրամի չափով գումարն օգտագործվել է նպատակային նշանակությամբ»։
Որոշեցինք ծանոթանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ՀՀ պետական բյուջե որպես նվիրաբերություն փոխանցված միջոցների օգտագործման նկատմամբ իրականացված համապատասխանության ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից պաշտոնապես հրապարակված հաշվեքննությանը։
Հրապարակված հաշվետվության մեջ ՀՀ հաշվեքննիչ պալատը, սակայն, արձանագրել է, որ «Հիմնադրամի նվիրաբերած միջոցների ու պետական բյուջեի առանձին վերցրած որևէ ծախսի միջև ուղղակի կապը բացակայում է և 52.7 մլրդ դրամը փոխանցված գանձապետական հաշվեհամարի շարժով սահմանափակված հաշվեքննություն իրականացնել հնարավոր չէ»։ Հիմնադրամից ստացված միջոցները ծախսվել են ՀՀ կառավարության որոշումներով՝ ըստ առանձին գերատեսչությունների:
«Հաշվեքննության մեջ որպես ընդհանուր թերություն նշվում է, որ չնայած Նվիրաբերության պայմանագրերով սահմանվող այն պահանջին, որ Նվիրաբերությունը ստացողը տրամադրված ֆինանսական միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ պարտավոր է մինչև յուրաքանչյուր հաշվետու ամսվան հաջորդող ամսի 15-ը Նվիրաբերողին ներկայացնել հաշվետվություն նվիրաբերվող միջոցների ծախսման վերաբերյալ, այնուամենայնիվ, ամենամսյա հաշվետվություններ չեն ներկայացվել։ Ուստի, առկա է անհամապատասխանություն նվիրաբերության բոլոր 9 պայմանագրերով սահմանված համապատասխան պահանջի մասով»:
ՀՀ հաշվեքննիչ պալատն արձանագրել է նաև.
- «Աջակցություն Արցախի բնակչությանը» միջոցառման շրջանակներում նշվում է, որ 2020թ. հատկացված միջոցների մասով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Արցախի ֆինանսների նախարարության միջև նվիրաբերության պայմանագրի համաձայն՝ Արցախում աշխատանքները կատարված են համարվում իրականացված աշխատանքների վերաբերյալ ՀՀ ԱՍՀՆ կողմից դրական եզրակացություն տալուց հետո: Սակայն նախարարության կողմից մինչև հաշվեքննության ավարտը նման եզրակացություն չի տրվել: Ուստի, ՀՀ հաշվեքննիչ պալատն արձանագրում է, որ «առկա է անհամապատասխանություն պայմանագրով սահմանված դրույթների մասով»:
- 2021թ. հատկացված միջոցների մասով նշվում է, որ ՀՀ ԱՍՀՆ-ի և Արցախի կառավարության միջև կնքված նվիրաբերության պայմանագրի համաձայն՝ ՀՀ ԱՍՀՆ-ն պարտավոր էր կատարել ծրագրի իրականացման մոնիտորինգ, ինչը, սակայն, չի իրականացվել: Ուստի, ՀՀ հաշվեքննիչ պալատն արձանագրում է, որ «առկա է հսկողական գործընթացի թերացում և անհամապատասխանություն կնքված պայմանագրով սահմանված դրույթների մասով»:
- «Միանվագ դրամական աջակցություն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հաշվառված քաղաքացիներին» միջոցառման շրջանակներում շահառուների ցանկում հայտնվել են 49 անձանց անուններ (23-ը՝ 2020թ. ցուցակում, 26-ը՝ 2021թ.-ի), որոնք ցուցակում ներառվել են շահառուի մահից հետո։ ՀՀ վերաքննիչ պալատն արձանագրել է, որ «Արդյունքում, միջոցառման վճարման ցուցակներում վերը նշված 49 անձանց մեջ առկա են ընդհանուր 29 շահառու, որոնք ցուցակներում ընդգրկվել են մահվան օրվանից հետո, և որոնց գծով կատարվել են վճարումներ»:
- «Դրամական օգնություն Արցախում հաշվառված քաղաքացիներին» միջոցառման շրջանակներում /միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել այն քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի հաշվառում կամ փաստացի բնակվում են ԱՀ-ում, սոցիալական աջակցությունը տրամադրվել է յուրաքանչյուր քաղաքացու (չափահաս և անչափահաս) չորս ամիս ժամկետով դրամական օգնության ձևով/ հաշվեքննությամբ պարզվել է, որ թվով 124 քաղաքացիներ չեն գտնվել ՀՀ-ում կամ ԱՀ-ում, սակայն ստացել են դրամական աջակցություն: Ուստի, «առկա է անհամապատասխանություն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դրույթների մասով»:
Նույն միջոցառման շրջանակներում ՀՀ ԱՍՀՆ-ի և ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության միջև կնքված «Դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագրերով նախատեսվում է, որ ՀՀ ԱՍՀՆ-ն պետք է իրականացնի նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման մոնիտորինգ, ինչը, սակայն, չի իրականացվել: Ուստի, առկա է հսկողական գործընթացի թերացում և անհամապատասխանություն կնքված պայմանագրերով սահմանված դրույթների մասով:
- Ռազմական դրությամբ պայմանավորված առողջապահական միջոցառումների իրականացման նպատակով «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին երկու անգամ հատկացվել են գումարներ (105.0 մլն դրամ և 65.0 մլն դրամ)՝ առանց ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ պայմանագիր կնքելու»:
- «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից դեղերի և բժշկական նշանակության ապրանքների բախշումը պատշաճ կարգով իրականացնելու նպատակով Ford Transit Van 470 ջերմային ռեժիմ պահպանող բեռնատար (21.0 մլն դրամ արժողության) և RENAULT DOKKER բեռնատար (8.0 մլն դրամ արժողության) մեքենաներ ձեռք բերելու համար հատկացվել էր 29.0 մլն դրամ։ ՊՈԱԿ-ը հրատապ է համարել ավտոմեքենաների ձեռքբերման պահանջը, սակայն Ford Transit Van 470 բեռնատար մեքենայի համար անհրաժեշտ ջերմային կահավորումն իրականացրել է ձեռքբերումից 6 ամիս անց միայն»։
Հետաքրքրական է, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը հիմնադրամի կողմից ծախսված միջոցների նպատակայնության վերաբերյալ «դրական եզրահանգում» կարծիքն է տալիս այն պարագայում, երբ այս գերատեսչությունն ինքն է իր ձեռքով մատնանշում բոլոր վերոթվարկված կոպտագույն խախտումները, անհամապատասխանությունները, և, առավել ևս, արձանագրում է մահացած մարդկանց անուններով դրամական աջակցությունների դուրս գրման փաստը, ինչն արդեն իսկ շատ լուրջ խախտում է՝ անկախ դրամական աջակցության ծավալից։
Շատերը հավանաբար կհիշեն, որ 2021թ. սեպտեմբերի 15-ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Հայկ Մամիջանյանի հարցին ի պատասխան, պնդեց. ««Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները ծախսվել են այն նպատակների համար, որոնք նախատեսված են հիմնադրամի կանոնադրությամբ, և աուդիտը, եթե չի արձանագրել կամ հրապարակել, դա կհրապարակի քննիչ հանձնաժողովը, որևէ այլ հանձնաժողով… Աշխարհում չկա որևէ այլ հանձնաժողով, որ բացի իմ ասածից՝ կարողանա արձանագրել որևէ այլ բան, որովհետև որևէ այլ բան տեղի չի ունեցել և տեղի ունենալ չէր կարող պարզապես»։
Սակայն ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից հրապարակած հաշվեքննությունը, որտեղ պարզ տեքստով արձանագրվել է, որ բացակայում է ուղիղ կապը հիմնադրամի նվիրաբերած միջոցների ու պետական բյուջեի առանձին վերցրած որևէ ծախսի միջև և 52.7 մլրդ դրամը փոխանցված գանձապետական հաշվեհամարի շարժով սահմանափակված հաշվեքննություն իրականացնել հնարավոր չէ, երբ բերվում են խախտումների ցցուն օրինակներ, այդ թվում՝ մահացած մարդկանց անուններով դրամական միջոցների դուրս գրում, ռեզոնանս է ստեղծում Փաշինյանի պնդման ու փաստերի միջև։ Որքան դժվար է եղել թաքցնել վերոնշյալ բոլոր խախտումները, որ դրանց առկայության մասին արձանագրել է Փաշինյանի կառավարության ներքո գործող ՀՀ հաշվեքննիչ պալատը։
Երկու տարի շարունակ խորհրդարանական ընդդիմությունը հենց այս նույն խնդրի մասին էր բարձրաձայնում, որ չկա նվիրաբերված միջոցների ու կառավարության կողմից կատարված ծախսերի փաստական ապացույցներ, և հենց այս անհանգստությունն էր առիթ դարձել, որ 2021թ. հոկտեմբերին, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։ Հանձնաժողովը կասկածի տակ էր առել 44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված ֆինանսական միջոցների զգալի մասի, իսկ ավելի կոնկրետ՝ 52 միլիարդ 700 միլիոն դրամի (ավելի քան 107 մլն դոլար) օգտագործման նպատակայնությունն ու թափանցիկությունը։
Հիշեցնենք, այդ 52 միլիարդ 700 միլիոն դրամը հիմնադրամը նվիրատվության ձևով փոխանցել էր ՀՀ կառավարությանը, իսկ միջոցները հավաքագրվել էին հիմնադրամի կողմից Հայաստանում և սփյուռքում անցկացված «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք-արշավի շրջանակներում, որը նախաձեռնվել էր այն բանից հետո, երբ 2020թ. սեպտեմբերի 27-ին Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում որոշում էր կայացվել դրամահավաք կազմակերպելու նպատակով դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, ինչը հիմնադրամը չէր մերժել։ Միջոցները ՀՀ պետական բյուջե էին փոխանցվել թվով 9 որոշումներով, որոնցից և ոչ մեկը, ինչպես ընթացքում հայտնի դարձավ, չէր ուղարկվել այդ ժամանակ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ հանդիսացող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին։
2023թ. տարեսկզբին հայտնի դարձավ, որ Հաշվեքննիչ պալատն ավարտել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված այդ միջոցների օգտագործումն ուսումնասիրելու գործընթացը, սակայն հաշվեքննության արդյունքները տևական ժամանակ պահվում էին՝ պատճառաբանվելով, թե վերջիններս պետական գաղտնիք են պարունակում և հրապարակման ենթակա չեն։ Արդյունքները, ինչ-որ հրաշքով, հասանելի դարձան սույն թվականի մարտի վերջին, ինչը շատ տարակուսելի էր, քանի որ մինչ այդ խոսվում էր հրապարակման ոչ ենթակա կետերի առկայության մասին։
Հաշվի առնելով 2020թ.-ին հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցված միջոցների ոչ թափանցիկ վատնումը, անհամապատասխանությունները, մահացած մարդկանց անուններով գումարների դուրս գրումները, թերևս, Հայաստանի և սփյուռքի մեր հայրենակիցները պետք է առավել պահանջատեր լինեն՝ բացառելու համար, որ իրենց կողմից նվիրաբերված գումարը, որն իրենք ուղղել են և շարունակում են ուղղել՝ ծառայելու ի նպաստ Հայաստանի և Արցախի, չծախսվի անհայտ նպատակով կամ չհայտնվի որևէ մեկի գրպանում։