Նոյեմբերի 9-ից հետո որտե՞ղ է եղել Աշոտ Փաշինյանը՝ տա՞նը, թե՞ Ներքին Խնձորեսկի տարածքում
Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 44-օրյա պատերազմին որդու՝ Աշոտ Փաշինյանի մասնակցությանը:
Նա նախ նշել է՝ երբ իմացել է, որ իր որդին որպես կամավոր, այդ թվում՝ իր կոչով, զինվորագրվել է, չի հետաքրքրվել, թե կոնկրետ որտեղ է, այլապես կստացվեր, որ մյուսներին իր որդին չի համարում:
«Ես գաղափար չեմ ունեցել՝ որտեղ է: Անգամ չի հետաքրքրել՝ իրեն թիկունքայի՞ն տեղ են պահում, առաջնագծո՞ւմ է, վտանգավոր է, վտանգավոր չէ։ Ես ինքս ինձ՝ որպես ՀՀ վարչապետ ու քաղաքացի, արգելել եմ որևէ ձևով հետաքրքրվել, թե որտեղ է իմ որդին, կամ օրն ավարտվեց՝ ի՞նչ է տեղի ունենում»,- շեշտել է Փաշինյանը և հավելել.
«Առաջին անգամ հետաքրքրվել եմ նոյեմբերի 9-ից հետո, արդեն ինքը վերադարձել էր, տանն էր։ Երբ պատերազմից հետո հանդիպում էի անհետ կորած զինվորների, զոհվածների հարազատների հետ, և մամուլում ու այլ շրջանակներում հարց էր ծագել, թե որդիս ձևական է գնացել պատերազմ, հարցեր էին տալիս, թե ինչպես է ստացվել, որ նա վերադարձել է, մյուսները՝ ոչ։ Առաջին անգամ այդ օրն եմ հետաքրքրվել, թե ինքը որտեղ է եղել, այդ ժամանակ եմ իմացել, որ ինքը հետախուզական խմբի մեջ առաջադրանք է ունեցել առաջնագծում փոքր խմբով, լինելով ջոկի հրամանատար՝ ընկել է հրետակոծության տակ, և իր ծառայակիցը, որի հետ խրամատում կամ ուղղակի գետնին պառկած են եղել՝ մարմիններով իրար հպված, ու մյուս զինվորը զոհվել է։ Կամ զինվորի գլուխն է դրված եղել իր մարմնի վրա, կամ իր՝ նրա վրա: Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ բեկորը որոշել է, որ վարչապետի որդին չպետք է զոհվի, այլ մյո՞ւս զինվորը, բեկորային հրետակոծությունից է զոհվել»:
Այնուհետև Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, օգտվելով Աշոտ Փաշինյանի պատերազմական ուղու վերաբերյալ 168.am-ի հոդված-ուսումնասիրությունից, հայտնել է, որ իր որդու գնդից պատերազմական գործողությունների ընթացքում 21 անձ զոհվել է:
Փաշինյանը լավ է անում, որ մեր ուսումնասիրությունից օգտվում է, սակայն, ցավոք, այնքան էլ ուշադիր չի եղել:
Մասնավորապես, նա այսօր ասաց, որ նոյեմբերի 9-ից հետո, այսինքն, երբ արդեն ստորագրված էր եռակողմ փաստաթուղթը, երբ դադարեցվել էին մարտական գործողությունները, որդին տանն է եղել: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը չի հստակեցնում, թե նոյեմբերի 9-ից հետո կոնկրետ երբ է որդին տանը եղել: Բայց տեղեկացնենք, որ դեռ այս տարի հունիսի 12-ին ՀՀ պաշտտպանության նախարարությունը 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ նշել էր, որ ռազմական դրության ժամանակ ձևավորված զորամասը, որի կազմում Աշոտ Փաշինյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին, «2020թ. նոյեմբերի 9-ից հետո ընդգրկված է եղել մարտական հերթապահության Ներքին Խնձորեսկի տարածքում»:
«Համաձայն ՀՀ Կառավարության 10.12.2020թ. N 2003-Ն որոշման պահանջների՝ 2020թ. դեկտեմբերի 17-ին Աշոտ Փաշինյանը սահմանված կարգով արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր»,- հավելել են ՊՆ-ից:
Ի՞նչ է ստացվում՝ Աշոտ Փաշինյանը իր զորամասի հետ նոյեմբերի 9-ից հետո չի՞ եղել մարտական հերթապահության Ներքին Խնձորեսկի դիրքերում:
Եվ հետո՝ Նիկոլ Փաշինյանը, որ ամբողջ պատերազմի ժամանակ Ֆեյսբուքում էր անցկացնում, չի՞ տեսել նախկին իմքայլական պատգամավոր Վարազդատ Կարապետյանի 2020 հոկտեմբերի 12-ի գրառումը, թե իբր կամավորական բժշկից նամակ է ստացել, որում նշվում էր.
«Ես հիմա Գորիսի հիվանդանոցում եմ, Ջաբրայիլից զինվոր են բերել ազդրի հրազենային կոտրվածքով: Ասի, հերոս ջան, ասեց՝ հերոսը Փաշինյանի տղեն ա, գրադը խփեց, սաղ փախան, մի քանի հոգի մնացին ու Աշոտը»:
Նույնատիպ տեքստով գրառումներ ֆեյսբուքյան իրենց էջերին անմիջապես տեղադրել էին նաև իմքայլական այլ պատգամավորներ, ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանը, անգամ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:
Հետաքրքիր է՝ Փաշինյանը պատերազմի օրերի՞ն է իմացել, որ կինը՝ Աննա Հակոբյանը, Կոռնիձորի կամ, ինչպես ինքն էր պատերազմից հետո ասել՝ Գորիսի խրամատներում է եղել, թե՞ այդ մասին էլ պատերազմից հետո շատ ուշ է իմացել, երբ արդեն կնոջ հետ տանն է հանդիպել: