Կառավարությունը ձեռքերը լվացել է. դատարկաբանություն և hուսադրող՝ ոչինչ
Գյուղացին կրկին կոտրած տաշտակի առաջ է. քիչ է` կարկուտն է ոչնչացնում բերքը, եղածն էլ չեն կարողանում նորմալ գնով իրացնել։ Մեկնարկել են մթերումները, իսկ գները ոչ մի կերպ չեն տեղավորվում գյուղացիների ակնկալիքների մեջ։ Դրանք անհամեմատ ցածր են, քան նախորդ տարի։
Նախորդ տարի ծիրանի մթերումները սկսվեցին 600-700 դրամով, այս տարի՝ 300-350 դրամով։ Գները երկու անգամ ցածր են։ Գյուղացին տուժում է, իսկ կառավարությունը ոչինչ չի անում նրանց հոգսը թեթևացնելու համար։
Այսքան տարի իբր գյուղատնտեսություն են զարգացնում, մեծ փողեր են դնում, բայց արդյունք չկա։ Միակ երևացող «արդյունքն» այն է, որ գյուղացուն դրել են վարկային մեծ պարտավորությունների տակ ու խեղդում են։
Գյուղացին ամեն անգամ մի խնդրի առաջ է կանգնում, իսկ կառավարությունը, խոսելուց բացի, այլ բան չի կարողանում կամ չի ուզում անել։
Ծիրանի մթերման գները ցածր են, մարդիկ հուսահատ ճանապարհ են փակում, պահանջում են բարձրացնել գները, կառավարությունը փոխարենն այս իրավիճակից ելքեր առաջարկի, արդարացումներ է փնտրում։ Էկոնոմիկայի նախարարն ասում է՝ այլ երկրները սուբսիդավորում են իրենց գյուղմթերքները, ինչի պատճառով մեր ապրանքները չեն կարողանում արտաքին շուկաներում մրցակցել նրանց հետ։
Ժամանակին, երբ Հայաստանում ևս գործում էին գյուղատնտեսության սուբսիդավորման տարբեր ծրագրեր, Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը վերցրեցին ու փակեցին։ Հիմա դժգոհում են, որ ուրիշները սուբսիդավորում են, մենք՝ ոչ։
Բոլոր ծրագրերը վերացրեցին ու թողեցին միայն վարկերի տոկոսների սուբսիդավորումը։ Արդյունքը տեսնում ենք. 5 տարի է՝ գյուղատնտեսությունը միայն անկում է գրանցում։ Այսքանից հետո չեն հասկանում, որ իրենց ընտրած ճանապարհը ճիշտ տեղ չի տանում։ Անցած տարի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող փոքր վարկերի սուբսիդավորումն էլ հանեցին, բայց տեղն այդպես էլ ոչինչ չառաջարկեցին։
Այդքանից հետո ուզում են, որ գյուղատնտեսությունը զարգանա։ Ժամանակին հայտարարում էին գյուղատնտեսության մեջ հեղափոխական փոփոխություններ անելու մասին, այսօր տեսնում ենք այդ փոփոխությունների արդյունքները։ Գյուղացին չի կարողանում նույնիսկ աճեցրած բերքն իրացնել։
Եվ սա միայն ծիրանին չի վերաբերում։ Կարտոֆիլը հազարավոր տոննաներով մնաց, փչացավ։
Վաղը մյուս գյուղմթերքների մթերումների ժամանակ են նույն խնդիրներն առաջանալու։ Արդեն այժմվանից էկոնոմիկայի նախարարը գուժում է, որ խաղողի մթերումները ևս հարցականի տակ են։
«Վտանգ կա, որ 2023թ. խաղողի բերքն ամբողջությամբ չի գնվի։ Այս պահին իրավիճակը հուսադրող չէ»,- օրերս Ազգային ժողովում խրոխտ դեմքով հայտարարեց Փաշինյանի սիրելի Վահան Քերոբյանը։
Արդեն տևական ժամանակ խոսվում է, որ «Երևանի կոնյակի գործարանը» հեռանում է ռուսական շուկայից, դադարեցրել է արտադրանքի առաքումները, և հնարավոր է՝ այս տարի նաև մթերումներ չանի։ Եթե դա իրականություն դառնա, ապա չափազանց մեծ հարված է լինելու խաղողագործներին, քանզի «Երևանի կոնյակի գործարանը» խաղողի հայաստանյան ամենամեծ գնորդն է։
Մթերումների խնդիրները մեծամասամբ կապված են ռուսական շուկայի հետ։ Գյուղմթերքի իրացման հիմնական շուկան եղել ու շարունակում է մնալ Ռուսաստանը։ Բազմաթիվ գյուղատնտեսական ապրանքներ այստեղ են արտահանվում ու իրացվում։ Այնինչ՝ վերջին ամիսներին ռուսական ռուբլին բավականաչափ արժեզրկվել է ու խնդիրների առաջ կանգնեցրել՝ ինչպես ընդհանրապես տնտեսության այլ ճյուղերին, այնպես էլ՝ գյուղմթերքներ արտադրողներին։
Ռուբլու արժեզրկման հետևանքով արտահանողները ֆինանսական լուրջ կորուստներ են կրում. եթե անցած տարի 1 ռուբլին փոխանակում էին ընդհուպ 6,5-7 դրամով, այս տարի ստիպված են փոխանակել 4,5-4,6 դրամով։
Ռուբլու արժեզրկման ազդեցությունը թուլացնելու համար պիտի բարձրացնեն վաճառքի գները, կամ նվազեցնեն մթերման գները։ Նախընտրել են նվազեցնել մթերման գները, որովհետև իրացման գները բարձրացնելու դեպքում բախվում են մրցունակության հետ։ Չեն կարողանում մրցակցել այլ երկրների ապրանքների հետ, որոնք սուբսիդավորման արդունքում ավելի մրցունակ են։
Խնդիրը, սակայն, միայն ռուբլու արժեզրկումն ու այլ երկրների կողմից իրենց գյուղատնտեսությունը սուբսիդավորելու մեջ չէ։ Մեր պարագայում ազդում է նաև դրամի չափից դուրս ամրապնդումը։ Եթե դրամն այդքան ամրապնդված չլիներ՝ ռուբլու արժեզրկման ազդեցությունը կլիներ, բայց այդքան մեծ չէր լինի։
Մեր արտահանումը, նաև գյուղմթերքի արտահանումը կրկնակի ճնշման տակ է ռուսական շուկայում։ Այլ երկրներ արտահանելու պոտենցիալ էլ չկա։ Կառավարությունն էլ ոչինչ չի անում գյուղացուն օժանդակելու համար։
Բայց սա տեղային խնդիր չէ միայն գյուղատնտեսության համար։ Այդ խնդիրը կա նաև գյուղմթերքի վերամշակման ոլորտում։
Ռուբլու արժեզրկման ու դրամի ամրապնդման հետևանքով բազմաթիվ արտադրող-արտահանողներ բախվում են ֆինանսական լուրջ դժվարությունների։ Ու փոխարենը այս մարդկանց օժանդակեն՝ կառավարությունը Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտին է օժանդակում։ 25 միլիոն դոլար անցած տարի տվեցին՝ որպես ուղղակի հատուցում, այս անգամ էլ ուզում են թեթևացնել հարկային բեռը։ Իսկ արտադրողները, այդ թվում՝ գյուղմթերքներ արտադրողները, ոչ մի օժանդակություն չեն ստանում՝ փոխարժեքների ազդեցություններից առաջացած կորուստներն ինչ-որ չափով մեղմելու համար։
Մինչդեռ՝ դատելով ստեղծված իրավիճակից, փոխարժեքների ազդեցությունն առաջիկայում դեռ երկար է զգացվելու արտահանման վրա։ Եվ ոչ միայն ծիրանի ու խաղողի, վերամշակող արդյունաբերության, այլև մյուս բոլոր այն գյուղմթերքների պարագայում, որոնց իրացման հիմնական շուկան Ռուսաստան է։
Թե ի՞նչ է մտածում կամ ի՞նչ է պատրաստվում անել ոչնչից գլուխ չհանող Նիկոլ Փաշինյանը և իր կառավարությունը, չենք տեսնում. խոսելուց ու դատարկ խոստումներ տալուց բացի, այլ բան չգիտեն։ Ժամանակին գյուղտնտեսությունը զարգացնելու, նոր տեխնոլոգիաներ կիրառելու, արտադրողականությունը բարձրացնելու խոստումներ էին աջ ու ձախ շռայլում։ Տեսնում ենք, թե այդ խոստումները որքանով են կատարվել, որքանով է զարգացել ու հզորացել գյուղատնտեսությունը։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ