Թաքնված եկամուտներն օրինականացնելու ձև են գտել. կոռուպցիա՝ օրը ցերեկով

Մինչ հարյուր-հազարավոր քաղաքացիներ շարունակում են աղքատանալ, երկրում խորանում է աղքատությունը, իշխող քաղաքական թիմը մեծ եկամուտներ է կուտակում, թանկարժեք բնակարանների ու մեքենաների տեր է դառնում, ընդլայնում ունեցվածքը։

Վերջերս էլ սկսել են անհասկանալի թանկարժեք նվերներ ստանալ՝ գումարի ու գույքի տեսքով։

Մինչև իշխանության գալը կամ իշխանության գալու սկզբնական շրջանում նրանք նման ճոխ նվերներ չէին ստանում։ Հիմա արդեն ստանում են։

Կարո՞ղ է այստեղ կոռուպցիոն ռիսկ լինել։ Իհարկե կարող է, այլ հարց, թե որքանո՞վ են քաղաքական թիմի գագաթին նստածները հակված հանձնել իրենց թիմակիցներին։

Կարդացեք նաև

Կոռուպցիայի դեմ իբրև թե «անհաշտ պայքար մղող» իշխանությունները մինչև հիմա պաշտոնյաների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի կամ նրանց կողմից ստացած ճոխ նվերների հետ կապված որևէ բացահայտում չեն արել։ Եվ դա զարմանալի չէ, եթե հաշվի առնենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչպիսի ջանասիրությամբ է պաշտպանում իր թիմակիցներին՝ հնարավոր կոռուպցիոն երևույթների վերաբերյալ բացահայտումներից։ Փաստ է այն, որ գործող իշխանության ներկայացուցիչները 2018-ի հեղափոխություն կոչվածից հետո հսկայական ունեցվածք՝ ֆինանսական միջոցներ և անշարժ գույք են կուտակել:

Նվեր ստանալը, իհարկե, վատ բան չէ։ Բայց երբ պաշտոնյան է դա ստանում, բազմաթիվ հարցեր ու կասկածներ են առաջանում։ Եթե նախկինում սուր քննադատության էր արժանացնում նույն Նիկոլ Փաշինյանը, ապա հիմա՝ ՔՊ-ականների դեպքում, անտեսվում է:

Ո՞վ կարող է երաշխավորել, որ այդ ճանապարհով նրանք չեն փորձում օրինականացնել իրենց թաքնված եկամուտները՝ դա ներկայացնելով որպես նվիրատվություն։

Պետական պաշտոնյան իրավունք չունի ուղղակիորեն զբաղվել տնտեսական գործունեությամբ։ Սա օրենքի պահանջն է։ Բայց այն կիրառելի չէ։

Արտաքուստ կամ փաստաթղթերով պետական պաշտոնյաներն ուղղակիորեն բիզնես գործունեություն չեն իրականացնում։ Օրենքը դա արգելում է։ Սակայն կան այն շրջանցելու բազմաթիվ տարբերակներ. դժվար չէ բիզնեսը գրանցել հարազատների ու մերձավորների անունով կամ հանձնել կառավարման և շարունակել նույն ձևով ղեկավարել ու հովանավորել այն։

Իրականում մեծ տարբերություն չկա, թե այդ պարագայում ում անունով է գրանցված բիզնեսը կամ ում է հանձնված կառավարումը։ Հովանավորչության ձևը սրանից բոլորովին էլ չի փոխվում։

Ցանկության դեպքում բիզնեսը կարելի է հովանավորել՝ ինչպես ուղղակի, այնպես էլ՝ անուղղակի կառավարման միջոցով։
Օրենքով պաշտոնյայի կողմից բիզնես գործունեություն իրականացնելու արգելքն այս առումով ձևական բնույթ է կրում։ Այն, այսպես թե այնպես, չի գործում։

Միամտություն է կարծել, որ պաշտոն ստանձնելուց հետո սեփականատերը դադարելու է պաշտպանել, իսկ հնարավորության դեպքում հովանավորել իր բիզնեսը, կամ որոշումներ ընդունելուց՝ չհետապնդել իր բիզնեսի շահերը։

Երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր, դեմ էր գործարարներին պատգամավորական մանդատ տալուն։ Ասում էր՝ քաղաքականությունն ու բիզնեսը պետք է տարանջատել։ Սակայն իշխանության գալուց հետո իր կուսակցության ցուցակով գործարարներին, այն էլ՝ խոշոր գործարարներին, բերեց խորհրդարան ու պատգամավորական մանդատ տվեց։

Արտաքուստ այս մարդիկ իրենց բիզնեսը տվել են կառավարման, հայտարարում են, որ գործարարությամբ չեն զբաղվում, բայց ո՞վ է հավատում դրան։ Երբ քաղաքականությունն ու բիզնեսը մեկտեղվում են, օլիգարխիայից խուսափել հնարավոր չէ։

Նույնը նաև պետական մյուս պաշտոնյաներին է վերաբերում։ Նրանց չի թույլատրվում զբաղվել բիզնես գործունեությամբ, բայց դա չի նշանակում, թե չեն կարող բիզնես անել այլ ձևերով և հատկապես իրենց հարազատների կամ մերձավորների միջոցով՝ օգտագործելով պետական լծակները։

Պատահական չէ, որ նախկինում գործարարությամբ չզբաղված պետական պաշտոնյաների հարազատներն ու մերձավորները իշխանափոխությունից հետո հանկարծ միանգամից դարձան հաջողակ գործարարներ։

Հասկանալի է, թե դա ինչպես է լինում։
Այդքանից հետո պետք չէ զարմանալ, թե ինչու են նորօրյա պետական պաշտոնյաներն ավելի հաճախ սկսել ճոխ նվերներ ստանալ։ Կապ չունի՝ այդ նվերները ստանում են իրենց հարազատներից ու մերձավորների՞ց, թե՞ «պատահական» մարդկանցից։ Բոլոր դեպքերում դրանք կասկածելի են ու հիմնավորման կարիք ունեն։

Օրինակ՝ նախկին փոխվարչապետ, Երևանի գործող փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անցած տարվա իր եկամուտներում հայտարարագրել է ավելի քան 19 մլն դոլար արժողությամբ 2021թ. արտադրության Volkswagen մակնիշի ավտոմեքենա, որը նվեր է ստացել հորից։ Արտառոց ոչինչ չկա նրանում, որ հայրը որդուն նվեր է արել։ Այլ հարց, որ այդ որդին բարձրաստիճան պաշտոնյա է։

Լինելով բարձրաստիճան պաշտոնյա և ստանալով ոչ պակաս բարձր եկամուտներ, Տ. Ավինյանը հորից, որպես նվեր, ստացել է նաև 11 մլն դրամ։ Եվս 19 մլն 640 հազար դրամ ստացել է Տ. Ավինյանի կինը։

Ո՞վ կարող է երաշխավորել, որ այս նվերները թաքնված եկամուտներն օրինականացնելու փորձ չէ։

Անցած տարի գումարի տեսքով բավական ճոխ նվերներ է ստացել նաև Սուրեն Պապիկյանը, ըստ հայտարարագրի՝ 19 մլն 750 հազար դրամ, 22 հազար դոլար և 13 հազար 400 եվրո։

Ումի՞ց է պաշտպանության նախարարը ստացել այս նվերները։ Ենթադրվում է՝ սրանք հարսանեկան նվերներ են, որոնք հազիվ թե ստացվեին, եթե Սուրեն Պապիկյանը բարձրաստիճան պաշտոնյա չլիներ։ Դա երևում է նաև նրա պաշտոնյա լինելուց ոչ շատ հետո ներկայացված հայտարարագրից, ըստ որի, ուներ շատ համեստ եկամուտներ։

Ժամանակին համեստ եկամուտներ էր հայտարարագրում նաև Ալեն Սիմոնյանը։ Հիմա նրա և նրա ընտանիքի եկամուտները հարյուր հազարավոր դոլարներով են հաշվվում։

Պարզ է, որ հարկ եղած դեպքում, ինչպես Տիգրան Ավինյանը, այնպես էլ՝ Սուրեն Պապիկյանը, Ալեն Սիմոնյանը, նվերներ կամ այլ եկամուտներ ստացած մյուս պաշտոնյաները փորձելու են հիմնավորել իրենց եկամուտների օրինականությունը։ Լինի դա ուղղակի եկամուտ, թե նվերի տեսքով։ Բնականաբար, ոչ մեկը հենց այնպես չի ասում, թե ինքն անօրինական եկամուտ է ստացել կամ թաքնված եկամուտներ է ունեցել։ Ամբողջ խնդիրն այն է, թե արդյո՞ք այդ եկամուտներն ու նվերները կստացվեին, եթե նա պետական պաշտոնյա, այն էլ՝ բարձրաստիճան պաշտոնյա չլիներ։

Բազմաթիվ հարցեր ու կասկածներ են առաջանում, երբ պաշտոնյան թանկարժեք նվերներ է ստանում, թեկուզ և՝ դրանք լինեն մերձավորներից ու հարազատներից։ Բայց սա միայն պաշտոնյաներին չի վերաբերում։ Այդպես է իշխող ամբողջ քաղաքական համակարգում։
Զարմանալի չէ, որ բազմաթիվ անանուն նվիրատվություններ է ստանում իշխող քաղաքական կուսակցությունը, կուսակցության ղեկավարի կնոջ հիմնադրամը։

Ումի՞ց են դրանք ստացվում և ինչի՞ համար։ Այս հարցերն են, որոնք պատասխան են պահանջում, բայց մնում են անպատասխան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս