ԱՄՆ-ը պետք է արգելի թուրքական ու իսրայելական զենքերի վաճառքը Բաքվին․ Ջոն Էվանս
«Արցախում ցեղասպանության վտանգ կա, և մեր խնդիրն է՝ պաշտպանել հայերի կյանքը Լեռնային Ղարաբաղում»,- այս մասին ժամեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությանը նվիրված լսումների ժամանակ ասել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Էվանսը։
Ջ. Էվանսն իր խոսքը սկսեց պատմական ակնարկով, վկայություններով, թե երբ են հայերը հայտնվել Արցախում, ապա հիշեցրեց նաև Ստալինի դերակատարության մասին՝ նշելով, որ Արցախը պատմականորեն առանձնահատուկ վայր է եղել, և պատմությունը ևս դա է ցույց տալիս.
«Ես պնդում եմ, որ հայերն Արցախում բնիկ ժողովուրդ են, նրանք այնտեղ պատմություն ունեն, չպետք է մեկ բնիկ ժողովրդին մյուսներից տարբերակենք, այս մարդիկ, բնիկ ժողովուրդները հարգանքի արժանի են»,- ասաց Էվանսը՝ հավելելով, որ կցանկանար, որ նույնպիսի մոտեցում ունենար Ադրբեջանն այս հարցում։
Դեսպան Էվանսն ասաց, որ շատ է քննարկումների առարկա դառնում այն, թե արդյոք կա՞ ցեղասպանության վտանգ Արցախում։ Նրա վստահեցմամբ, այդպիսի վտանգ Արցախում կա։
«Այսօր այստեղ նաև ասվեց, որ երկրորդ ցեղասպանությունն արդեն սկսվել է, դա մի փոքր վիճահարույց պնդում է, սակայն իսկապես դրա վտանգը կա և դրա հիմքը միայն 1915 թվականի իրադարձությունները չեն, այլ արձանագրված գործողությունները և Ադրբեջանի պաշտոնյաների, քաղաքական գործիչների հայտարարությունները, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքական գործիչների հայտարարությունները»,- նշեց դիվանագետը։
Զուգահեռաբար Ջոն Էվանսն արձանագրեց, որ թեև ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խումբը չի գործում, սակայն այն մշտապես յուրահատուկ հարթակ է եղել, որն ԱՄՆ վերջին վարչակազմը թերագնահատել է, և դա ևս նպաստել է այդ խմբի տապալմանը, ինչը ձախողում էր։ Նա նշեց, որ այսօր իրենց խնդիրն է՝ պահպանել հայերի կյանքը Ղարաբաղում ցեղասպանության վտանգի պայմաններում։ Ըստ նրա՝ 907 բանաձևը չպետք է շրջանցվի, և դա պետք է արվեր Բայդենի կողմից՝ Ցեղասպանության ճանաչմանը զուգահեռ։
«Ես չգիտեմ, թե դիվանագիտական շփումներում ինչ է կատարվում, սակայն, կարծում եմ, տեղին կլինի զգուշացնել մեր դիվանագետներին և թուրքական ու իսրայելական զենքերի վաճառքը Բաքվին արգելել։ Մինսկի խմբի բոլոր անդամները, բացի Թուրքիայից, որը տեխնիկապես այդ խմբի անդամ է, մնացած բոլորը հիմնականում պահպանում էին ռազմական հավասարակշռությունը Կովկասում։ ՌԴ-ն թերևս ամենամեծ դերակատարությունն է ունեցել երկու կողմերին զինելու հարցում, սակայն երբ իսրայելական ու թուրքական բարձր տեխնոլոգիական ԱԹՍ-ներն ու այլ սարքավորումները մտան տարածաշրջան՝ էլ չնշեմ F-16-երի մասին, ապա սա իսկապես հիասթափեցնող էր, դա փոխեց իրավիճակն ու մեզ բերեց այնտեղ, որտեղ մենք հիմա ենք»,- ասաց Էվանսը։