Բոլորը մտածեցին, թե մենք հանդարտվել ենք, 5 ամիս է, մեր ձայնը չէր գալիս, բայց չարաչար սխալվում են. անհետ կորածի ծնող
Այսօր Էջմիածնի «Քիմիկների զորամասի» զոհված, գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ՝ պահանջելով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանի հետ հանդիպում, որպեսզի ճշտեն՝ ինչո՞ւ կառույցը որևէ տեղեկատվություն չի հաղորդում իրենց որդիների ճակատագրի մասին։
Մի քանի ժամ ԱԱԾ-ի մոտ սպասելուց հետո, ծնողներին կառույցից փոխանցեցին, որ այսօր ժամը 15։00-ին իրենց կընդունեն, իսկ թե ո՞վ՝ տնօրենը, թե՞ այլ պաշտոնյա, չմանրամասնեցին։
Լրագրողների հետ զրույցում անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ տիկին Անահիտը, ասաց, որ ԱԱԾ-ում այլ ելք չունեն, պետք է ծնողներին ընդունեն։
«Եթե Աբազյան Արմենը չընդունեց, ապա մենք մի քանի օր հետո նորից կգանք, իսկի չենք նեղվի։ Էջմիածնի քիմիկները 2020 թվականի հոկտեմբերի 21-ից առ այսօր անհետ կորած են՝ 2,8 ամիս, և որևէ կառույց մեզ ստույգ պատասխան չի կարողանում տա։ Հիմա քանի որ աղմկահարույց դեպքերից էին Խծաբերդն ու քիմիկների անհետ կորելը, չգիտես ինչու, բոլորը մտածեցին, թե մենք հանդարտվել ենք, 5 ամիս է, մեր ձայնը չէր գալիս, բայց չարաչար սխալվում են։ Մենք ձայն չէինք հանում, որովհետև քրեական գործի քննությունը 5 ամսով հետաձգվել էր, քանի որ ունեինք մեղադրվող կողմ, որը պետք է բալիկ ունենար, իհարկե ունեցել է։ Հիմա արդեն ամիս 30-ին ընթանալու է դատական գործընթացը»,- նշեց տիկին Անահիտը։
Նշենք, որ «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորելու մասին քրեական գործ է հարուցվել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում