Օջախի վաճառականը

Հայաստանի Հանրապետության լինելիությունը «կադաստրի վկայականի» մակարդակի իջեցնելու՝ Նիկոլ Փաշինյանի անհեթեթ մոտեցումը, բացի հակապետական լինելուց, իր մեջ պարունակում է նաև նրա աշխարհայացքային, հոգեբանությանն ու արժեքային համակարգին վերաբերող շերտեր։ Ամեն ինչ մերկանտիլ չափանիշներով գնահատող Նիկոլ Փաշինյանի համար սեփականությունը, պատկանելությունը կարող է հավաստի լինել միայն «կադաստրի վկայականի» առկայության դեպքում, որը հնարավոր է շոշափել կամ դնել բարձի տակ։

Նրան չի հուզում, որ նախ՝ աշխարհը պետությունների լինելիությունը նման չափանիշներով չի որոշում, և, որ ավելի կարևոր է՝ պետությունը, իսկ ավելի լայն իմաստով՝ հայրենիքը ոչ միայն ֆորմալ, արձանագրված, թղթաբանական մատերիա է, այլ նաև ու առաջին հերթին՝ հոգեբանական, զգայական ապրում, որը պաշտպանելու համար, այո, ֆորմալ, իրավական կառուցակարգերը կարևոր, բայց ոչ միակ միջոցն են։

Բայց «կադաստրային վկայականի» մասին Նիկոլ Փաշինյանի դատողությունները կարող են ունենալ նաև այլ, ավելի թաքնված ու վտանգավոր ենթագիտակցական շերտեր։

Ընդհանրապես, եթե այս դիսկուրսը պրոյեկտենք անշարժ գույքի առուծախի հարաբերությունների վրա (հենց դա է իր գռեհիկ այլաբանությամբ անում Նիկոլ Փաշինյանը), ապա դժվար չէ նկատել, որ սովորաբար սեփականության վկայականի առկայությունը կարևորվում է այդ գույքի հետ որևէ գործարք կատարելիս՝ վաճառք, ժառանգություն և, որ հիմա շատ ընդունված է՝ գրավադրում։ Առանց «կադաստրի վկայականի»՝ որևէ ֆինանսական հաստատություն, որևէ բանկ և այլն, վարկ չի տրամադրում, քանի որ այդ թուղթն է ապահովում գրավադրվող գույքի իրացվելիությունը։

Կարդացեք նաև

Հետևաբար՝ շատ հետաքրքիր է՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն իր այլաբանությունը կառուցում ոչ թե, ասենք, սրբապատկերի (որն այս դեպքում կարող էր շատ ավելի խորը իմաստ ունենալ), այլ «կադաստրի վկայականի» հետ համեմատությամբ։ Արդյոք բացառելի՞ է, որ նրա երևակայությունը կարող է շոշափած լինել երբևէ Հայաստանը գրավադրելու ու այդ միջոցներով, ասենք, վերջին սերնդի ասֆալտապատում իրականացնելու հնարավորությունը։ Բանականությունից դո՞ւրս է թվում։ Այո։ Բայց մի՞թե բանականության մեջ տեղավորելի էին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հանուն ինչ-որ լճի սարերում չկռվելու կամ Արարատի շուրջ քննարկումների դեմ պայքարելու մասին։

«Կադաստրի վկայականի» մասին փաշինյանական դատողությունները հետաքրքիր են մեկ այլ հարթությունում ևս։

Հայկական հոգեբանության մեջ ու արժեհամակարգում առանձնացվում են «տուն» և «օջախ» հասկացությունները՝ բոլորին հայտնի իմաստներով։ Տունը, ահա, ունենում է «կադաստրի վկայականի» կարիք, իսկ օջախը՝ երբեք, որովհետև վերջինը ոչ միայն ու ոչ այնքան աշխարհագրական վայր է, որքան հոգևոր, հոգեբանական, ապրումային պատկանելություն արտահայտող զգացողություն՝ առանց որևէ վկայականի։ Եվ, ի տարբերություն տան, օջախը կառուցվում է այնպիսի արժեքներով, որոնք մատերիալիստական ու բյուրոկրատական չափումների չեն ենթարկվում։

Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը որևէ դեպքում իր այս մտահայեցումները չի կարող արդարացնել խիստ իրատեսականությամբ ու պրագմատիկ քաղաքական հաշվարկներով, ինչի փորձերն իհարկե անում է։

Չի կարող ոչ միայն այն պատճառով, որ անկարող է քաղաքական պրագմատիկ հաշվարկներ կատարել, այլ որովհետև ինքն է տարիներ առաջ նախաձեռնել հայտնի ֆլեշմոբը ու հանրապետության ճանապարհները ծածկել «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքը» կարգախոսներով։ Կյանքը ցույց տվեց, որ Հայաստանը, փաստորեն, իր համար ոչ թե օջախ էր, այլ բնակմակերես, որի «կադաստրի վկայականը» ցանկանում է ստանալ առաջին հերթին՝ Ադրբեջանից։

Աստված պահապան հայ ժողովրդին։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս