Փաշինյանի նախկին թեզերն այլևս չեն աշխատում. այժմ մեղադրանքներն ուղղելու է անհայտ դավաճանների ու Ռուսաստանի ուղղությամբ. Քաղաքագետ

Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին։ Գրեթե երկու ժամ նա հանդես եկավ ելույթով՝ թղթից կարդալով, երբեմն-երբեմն կարդացածը բանավոր խոսքով մեկ անգամ ևս հաստատելով, ներկայացրեց սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տեղի ունեցած իրադարձությունները։ Ելույթն ավարտելուց հետո, հանձնաժողովը որոշում կայացրեց, որ Նիկոլ Փաշինյանին հարցեր կուղղեն մեկ շաբաթ անց՝ հունիսի 27-ին, մինչդեռ հանձնաժողով ներկայացած մյուս հրավիրյալ անձանց՝ նախկին պաշտոնյաների հետ զրույցներն անցկացվել են փակ նիստերում, որոնք տևել են մի քանի ժամ, որոշ դեպքերում՝ երկու օր: Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ նիստը հեռարձակվում էր ուղիղ եթերով։

Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը սենսացիոն հայտարարություն է անելու։

Ի՞նչ նոր տեղեկություններ հաղորդեց Նիկոլ Փաշինյանը, և առհասարակ նրա մասնակցությամբ նիստի բաց անցկացնելն ինչ նպատակ է հետապնդում։

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Միքայելյանն անդրադառնալով այս հարցերին՝ նշեց, որ որքան էլ ժամանակն անցնի, Նիկոլ Փաշինյանի թույլ կետը շարունակելու է մնալ 44-օրյա պատերազմը կամ Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի ու Արցախի դեմ։

«Հիմա որքան էլ ժամանակն անցնի, իրադարձությունները ցույց են տալիս, որ նա Ալիևի հետ համահանցակից է, կամ, ամեն դեպքում, դրա կասկածի տեղ կա։ Բացի այդ, եթե նույնիսկ պատկերացնենք, որ ինքը համահանցակից չէ, ապա ամեն դեպքում նրա գործողությունների արդյունքում մենք պարտվել ենք, կամ, որ ինքը մեղավորություն չունի՝ երևի միայն ինքն է այդպես մտածում։ Եվ պարզ է, որ Փաշինյանը փորձում է այս ամենի տակից դուրս գալ։

Հայտարարությունները, թե սենսացիոն բացահայտում ու հայտարարություն է լինելու, սա տիպիկ փաշինյանական քարոզչական հնարք է, այնպես որ, այստեղ զարմացնող բան չկա։ Իրենք միշտ են նման բան ասում, թե՝ այնպիսի բան ենք ասելու… և այս ամենի նպատակը մեկն է, որպեսզի մարդիկ անընդհատ սպասեն ու սպասումներ գեներացնեն։ Սակայն այս հնարքը լավ է աշխատում այն պարագայում, երբ մարդիկ վստահում ու սիրում են իրենց ղեկավարին, կամ նա բարձր վարկանիշ ունի։ Պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազել է, հիմա ամենացածրն է, և հավանաբար 20 տոկոսից ավելի քիչ է վստահության վարկանիշը։ Հետևաբար՝ դժվար է ասել, թե նման վարկանիշով որքան կարող են աշխատել Փաշինյանի հնարքները»,- նշեց Հրանտ Միքայելյանը։

Ըստ քաղաքագետի՝ պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք։ Նախ՝ Նիկոլ Փաշինյանը միշտ փորձելու է շրջանառել պատերազմի թեման, հատկապես այժմ, երբ փորձում է Արցախը հանձնել Ադրբեջանին։ Երկրորդ՝ Նիկոլ Փաշինյանը երբեք չի կարողանալու դուրս գալ պատերազմի թեմայի տակից, որովհետև նրա ամբողջ կառավարումն ասոցիացվելու է պատերազմի հետ։ Ավելին, նա խոսելու այլ թեմա պարզապես չունի։

«Փաշինյանը շարունակելու է խոսել պատերազմից ու պարտությունից, մարդկանց կարծիքները շեղելով իրենից, թե ինքն է մեղավոր։ Հիշեցնեմ, ավելի վաղ Շուշիի հանձնման համար նա մեղադրում էր Սեյրան Օհանյանին, հետո՝ Գագիկ Ծառուկյանին, շրջանառում էր նաև Վանեցյանի անունը։ Այն ժամանակ նրանց էր մեղադրում, քանի որ իր քաղաքական հակառակորդներն էին, իսկ հիմա ասում է, որ ամբողջությամբ չպետք է բանակին վստահել, այսինքն՝ անցել է բանակի տոտալ քննադատությանն ու արժեզրկմանը։ Ստացվում է՝ բանակն արժեզրկեց, հասցրեց պարտության ու հիմա այդ պարտության վրա խաղում է»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ քաղաքագետը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիաներն աշխատում էին մինչև այն պահը, երբ պարտության վերաբերյալ որևէ մեկը որևէ բան չգիտեր։ Փորձում են մարդկանց ուղղորդել, թե եղել է համակարգային դավաճանություն, փնտրել դրսից դավաճաններ, ի դեմս Ռուսաստանի՝ շրջանառության մեջ դնել, թե ռուս-թուրքական դավադրություն կա, և ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր։

«Մեղավորությունը նախկինների վրա գցելու փորձերն այժմ գրեթե չեն աշխատում, բացի Նիկոլի ամենաուժեղ աջակից խմբերից, այլևս դրան որևէ մեկը չի հավատում։ Մարդիկ արդեն տեսնում են, որ իրենց խաբում է։ Այնպես որ, այժմ մեղադրանքները հիմնականում ուղղելու է անհայտ դավաճանների ու Ռուսաստանի ուղղությամբ»,- եզրափակեց Հրանտ Միքայելյանը։

Տեսանյութեր

Լրահոս