Ի՞նչ կապ կա ուկրաինական հակահարձակման և Ադրբեջանի լայնածավալ սադրանքի գործողությունների միջև
Ուկրաինական հակահարձակման առաջին երկու շաբաթներին զուգահեռ՝ էականորեն սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմաններին և ղարաբաղաադրբեջանական շփման գծում։Հատկապես վերջին շաբաթվա ընթացքում գրեթե ամեն օր ԼՂ ՊՆ-ն և ՀՀ ՊՆ-ն հայտնում են Ադրբեջանի ԶՈՒ-ի հրադադարի խախտումների մասին կամ հերքում Ադրբեջանի ՊՆ տարածած ապատեղեկատվությունները։
Մասնավորապես, այսօր ՀՀ ՊՆ-ն հաղորդեց, որ հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Սոթք) և հարավարևմտյան (Երասխ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, իսկ ԼՂ ՊՆ-ն հաղորդեց, որ հունիսի 18-ի ժամը 09:30-ից հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, ՌԴ խաղաղապահ զորակազմը ևս ժամանակ առ ժամանակ հայտարարություններ է տարածում հրադադարի խախտումների մասին։
Վերջին օրերին առանձին դրվագ դարձավ նաև Հակարիի կամրջի վրա ադրբեջանցիների առաջխաղացման և դրոշի տեղադրման փորձը, որը հայ-ռուսական հարաբերություններում տհաճ «խոսակցության» հերթական առիթը դարձավ, քանի որ ՀՀ ԱԳՆ կանչվեց ՌԴ դեսպանը, նրան ներկայացվեց Հայաստանի խիստ դժգոհությունը Հակարիի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Այս ամենի ֆոնին վերլուծության առանձին առարկա է նաև ՀՀ պետական սահմանի որոշ հատվածներում տեղակայված ԵՄ դիտորդների գործունեությունը և դրա արդյունավետությունը ՀՀ անվտանգության համատեքստում։ Տեղ գյուղի դեպքերից հետո վերջին երկու շաբաթների ընթացքում ադրբեջանական սահմանային սադրանքները հերթական լակմուսի թուղթը դարձան ՀՀ-ում եվրոպացի դիտորդների գործունեության արդյունավետությունը վերլուծելու տեսանկյունից։
ՀՀ սահմաններին ԵՄ դիտորդների ներկայացվածության պայմաններում, թեև այն կրում է հարաբերական բնույթ, քանի որ եվրոպական կողմն իր գործունեության գրաֆիկը նախապես տրամադրում է ադրբեջանական կողմին, Ադրբեջանին հաջողվում է իրականացնել իր ռազմական ծրագրերը։ Այստեղ, իհարկե, բավականին ուշագրավ է հիշել օրերս ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը, որ ԵՄ-ն հանձնառու չէ ուժային լծակներ կիրառելով՝ ինչ-որ բան պարտադրել Ադրբեջանին։
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ Ադրբեջանի ակտիվությունը սահմաններին պայմանավորված է աշխարհաքաղաքական ու ռեգիոնալ մի շարք զարգացումներով։ Ըստ նրա, առաջինն այն է, որ Թուրքիայում Էրդողանի վերընտրությունը վստահության նոր չափաբաժին է տվել Ադրբեջանին, երկրորդը՝ աշխարհի զբաղվածությունը՝ և Ռուսաստանի, և Արևմուտքի, ուկրաինական հակահարձակման օպերացիայով։
«Թեև այդ օպերացիան չունի որևէ առաջընթաց, այն կարևոր է քաղաքական տեսանկյունից, նախապատրաստվել է երկար ժամանակ, և այստեղ խնդիրներ են իրականացնում թե՛ Ռուսաստանը, Ուկրաինան, թե՛ Արևմուտքը։ Բնականաբար, այս ֆոնին առավել անկարևոր է թվում այն, ինչ տեղի է ունենում Հարավային Կովկասում, քանի որ փոխհրաձգությունը, սահմանային լարվածությունն այդտեղ մշտական բնույթ է կրում, և այդ ընկալումը ևս խոչընդոտում է գործին։ Կա նաև հայ-ռուսական վատ հարաբերությունների գործոնը, որից Ադրբեջանը վստահաբար օգտվում և օգտվելու է։ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպին, դրան կողմերի արձագանքներին, կարծում եմ, ռուսական կողմը պետք է արձագանքի և պարզաբանի, թե ինչ էր կատարվում։ Իմ տպավորությամբ՝ ռուս խաղաղապահների Ղարաբաղում տեղակայման ողջ ընթացքում պարզապես անընդհատ կազմակերպվում են սադրանքներ, խաղաղապահների գործունեության համար ոչ միանշանակ ու անհարմար իրավիճակներ, որոնք քաղաքական դաշտում ազդում են ՌԴ դիրքերի կայունության վրա։ Վերջին այդ միջադեպը ևս դիտարկում եմ այդպիսինների շարքում և կարծում եմ՝ պետք է լինի արձագանք, թեև Ռուսաստանը ակնհայտորեն ցույց է տալիս, որ չի ցանկանում սրել Հարավային Կովկասում իրավիճակը, ըստ էության գտնվում է քաղաքական ամենապասիվ ռեժիմում, հասկանալով բոլոր մարտահրավերները և տեսնելով Արևմուտքի լուրջ դերակատարությունը և միջամտությունը ռեգիոնի գործերին»,- վերլուծեց Եվսեևը։
Ըստ նրա, Ադրբեջանի ներկայիս սադրանքները պայմանավորված են նաև ԵՄ դիտորդների գործունեությամբ.
«Դիտորդների գործունեության սկզբնական հատվածում Ադրբեջանը զգուշանում էր, մի քանի ամսվա ընթացքում փորձեց հասկանալ, թե ինչպես են աշխատելու ԵՄ դիտորդները, և հարմարվեց իրավիճակին, հասկացավ, որ կարող է խախտել հրադադարը, և դրան չի լինելու արձագանք։ Անձամբ, թերևս, վերջին շրջանում որևէ արձագանք ԵՄ դիտորդներից չեմ լսել, այս դեպքում ո՞րն է այդ գործունեության առավելությունը Հայաստանի համար։ Թերևս միայն այն, որ այնտեղ կանգնած չեն ռուս դիտորդները, այլ եվրոպացիները»,- ասաց Եվսեևը։
Ադրբեջանի նպատակը, նրա խոսքով, չի փոխվել, սադրանքներով հասնել բանակցային բոլոր կետերի ադրբեջանահաճո իրագործմանը.
«Ռազմական ճանապարհը հատկապես Հայաստանի պարտությունից հետո Ադրբեջանին ամենահեշտն է թվում, ավելի հեշտ է այս ճանապարհով ինչ-որ լուծումներ պարտադրել, քան բանակցել։ Հենց այդ պատճառով Ադրբեջանը հրաժարվում է բանակցություններից ու սկսում կրակել, հատկապես, երբ այդ կրակոցներին համարժեք արտաքին արձագանք չի հնչում։ Այս ամենը կանխատեսելի էր, զսպման մեխանիզմները Երևանը պետք է ձևավորած լիներ թե ռազմական, թե դիվանագիտական ճակատներում։ Իսկ ներկայումս ըստ իրավիճակի կամ Ադրբեջանը կսրի՝ ավելի լայնածավալ սադրանքի դիմելով, կամ կբավարարվի փոքր սադրանքներով, թեև դրանք երբեք լուրջ հարց չեն լուծում։ Մեծ սադրանքի հավանականությունը և ռիսկը բարձր է, հատկապես, երբ աշխարհը զբաղված է հակահարձակմամբ, և ուկրաինական ճակատն այսօր ամենակարևորն է թե Արևմուտքի, թե Ռուսաստանի համար։ Բոլոր հարակից որոշումները կայացվում են՝ հաշվի առնելով զարգացումներն ուկրաինական գետնի վրա, և սա, բնականաբար, ապակայունացնում է իրավիճակը Հարավային Կովկասում։ Կրկնեմ, որ սա կանխատեսելի իրավիճակ էր, և Երևանը պետք է պատերազմից հետո արագացված կերպով իր ներուժը զարգացներ, քիչ ապավինելով դրսի ուժերին, որոնք ոչ թե օգնում են այս կամ այն կողմին, այլ մրցակցում են միմյանց դեմ»,- ասաց նա։