«Թուրքիան Հայաստանի հետ կհաստատի հարաբերություններ, երբ կզգա, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթաց կա». Նուբար Չալըմյան

Հունիսի 14-ին Կառավարության հետ հարցուպատասխանից առաջ  լրագրողները ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել էին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Էրդողանի վերջին հայտարարությունները, որոնցից մեկը վերաբերում էր  «Զանգեզուրի միջանցքին»։ Իսկ Էրդողանը, Բաքվից վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման խնդիրն Իրանի հետ է կապված, այլ ոչ թե հայկական կողմի։

Արարատ Միրզոյանը, սակայն, ինչպես լրագրողներին, այնպես էլ ԱԺ նիստերի դահլիճում ասել էր, որ Էրդողանի այդ հայտարարությունը չի մեկնաբանելու։

Էրդողանի հայտարարությունը չմեկնաբանելը կամ դրան չարձագանքելն ի՞նչ է նշանակում։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանն անդրադառնալով այս հարցին, նշեց, թե գուցե հայկական կողմն այս հարցի վերաբերյալ պայմանավորվածություն ունի իրանական կողմի հետ։

Կարդացեք նաև

«Բնականաբար, դիվանագիտության մեջ սա ընդունված է, այս ոճը։ Չի բացառվում, որ Արարատ Միրզոյանի նման պատասխանը նախապես պայմանավորված է եղել Իրանի հետ։ Այսինքն՝ չի բացառվում, որ Իրանը չցանկանալով փչացնել հայ-թուրքական հարաբերությունները, հարցի պատասխանատվությունը վերցրել է իր վրա, որ Հայաստանը գուցե դեմ չէ այս «միջանցքի» բացմանը, բայց Իրանը դեմ է։ Սա դիվանագիտական ժեստիկուլյացիա է, չի բացառվում, որ դիվանագիտական խաղ է։ Կոպիտ ասած՝ Իրանն ասել է՝ թող ինձ վրա, հասկանանք մյուս կողմի ռեակցիան»,- պարզաբանեց Նուբար Չալըմյանը։

Ինչ վերաբերում է հունիսի 3-ին Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցին և վերընտրված նախագահ Էրդողանի երդմնակալությանը մասնակցելուն, Նուբար Չալըմյանն ընդծեց, որ ակամայից հիշում է 1996 թվականը, երբ Թուրքիայի ղեկավար Թուրգուտ Օզալը մահացավ և ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան 3-4 հոգով ինքնաթիռով գնաց Թուրքիա։ Բնականաբար, դիվանագիտական հարաբերություններ չկային, և ՀՀ նախագահը, որպես բարի կամքի դրսևորում՝ մի քանի ժամով գնացել էր Անկարա և մասնակցել Օզալի հուղարկավորությանը։

«Այս այցից հետո երկու երկրների հարաբերություններում որոշակի բաներ մեղմվեցին, նույնիսկ հիշում եմ, որ 2007 թվականին, երբ վախճանվեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Թուրքիան նույնպես, որպես բարի կամքի դրսևորում և փոխադարձության սկզբունքը հաշվի առնելով՝ Հայաստան ուղարկեց իր պատվիրակությանը՝ ոչ թե նախագահի, այլ՝ Արտաքին գործերի նախարարի գլխավորությամբ։

Նիկոլ Փաշինյանի այցին Թուրքիա և երդմնակալության արարողությանը մասնակցելու արդյունքներին սրտատրոփ չենք սպասելու, թե ինչպիսի մեծ փոփոխություններ պետք է լինեն, սառույցը վերջապես կոտրվեց, հայ-թուրքական հարաբերություններին վերջապես սպասվելու է մեծ ապագա և այլն՝ ո՛չ։ Նույնիսկ այդ ժեստը մեր կողմից կարող է նպաստել հետագա քայլերին, բայց միշտ պետք է հիշենք ու չմոռանանք, որ Թուրքիան Հայաստանի հետ կհաստատի հարաբերություններ այն ժամանակ, երբ կզգա, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթաց կա։ Հիմա այս առաջընթացը չկա, հանրությանն ամեն դեպքում այդպես է ներկայացվում, սակայն մենք չգիտենք՝ խորքային առումով արդյոք կա՞ առաջընթաց, թե՞ ոչ»,- եզրափակեց Նուբար Չալըմյանը։

Տեսանյութեր

Լրահոս