ՇՄՆ-ը պարզաբանել է Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությունը
Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարությանն արձագանքել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
«Համաձայն «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» Կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 2-րդ հոդվածի «Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական, վարչական և այլ միջոցներ սույն Կոնվենցիայի դրույթների կենսագործման համար, ներառյալ 1-ին հավելվածում թվարկված` զգալի վնասակար անդրսահմանային ազդեցություն ներգործող պլանավորված գործունեության այն տեսակների համար` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման այնպիսի ընթացակարգի սահմանումը, որը կնախատեսի հանրության մասնակցությունը, ինչպես նաև 2-րդ հավելվածով նախատեսված` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հետ կապված փաստաթղթերի պատրաստումը։
Տվյալ դեպքում նախատեսվող գործունեությունն ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում սև մետաղի ջարդոնի վերամշակումն է, ինչն ընդգրկված չէ Կոնվենցիայի գործունեության տեսակները սահմանող 1-ին Հավելվածում, իսկ Կոնվենցիայի 1-ին հավելվածում ընդգրկված «դոմնային և մարտենյան հալման խոշոր սարքեր և գունավոր մետալուրգիայի ձեռնարկություններ» նախատեսվող գործունեության տեսակները որևէ առնչություն չունի խնդրո առարկա նախատեսվող գործունեության հետ, քանի որ սև մետաղի ջարդոնի ձուլման գործընթացն իրականացվելու է՝ ինդուկցիոն վառարանի կիրառմամբ, որն աշխատում է բացառապես հոսանքով։
Ավելին, նախատեսվող գործունեությունը, հաշվի առնելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածի 5-րդ մասը և 3-րդ հավելվածը, չի կարող դիտարկվել նաև որպես զգալի անդրսահմանային վնասակար աղդեցություն ունեցող գործունեություն՝ ելնելով հետևյալ հիմնավորումներից՝
Կոնվենցիայի 3-րդ Հավելվածով սահմանված չափանիշներն են՝
ա/ ծավալներ. պլանավորված գործունեության տեսակներ, որոնց ծավալները գործունեության տվյալ տեսակի համար խոշոր են, Սև մետաղի ջարդոնի վերամշակման գործունեության տեսակի համար տարեկան 108 հազար տոնա արտադրողականությունը համարվում է փոքր ծավալ։ Նման տեսակի վերամշակման գործարանների արտադրողականությունը հիմնականում սկսվում է 1 մլն տոննայից։
բ/ շրջան. պլանավորված գործունեության տեսակներ, որոնք իրականացվում են էկոլոգիայի տեսակետից հատկապես զգայուն կամ կարևոր շրջաններում կամ դրանց անմիջական հարևանությամբ (օրինակ, Ռամսարյան կոնվենցիայով սահմանված խոնավ հողերը, ազգային այգիները, բնական արգելանոցները, հատուկ գիտական հետաքրքրություն ներկայացնող գոտիները, հնագիտական, մշակութային կամ պատմական հուշարձանները). նաև պլանավորված գործունեության տեսակներ այն շրջաններում, որտեղ պլանավորված տնտեսական գործունեության առանձնահատկությունները կարող են զգալի ազդեցություն գործել բնակչության վրա,
Նախիջևանի տարածքում ամենամոտ բնության հատուկ պահպանվող տարածքն ուղիղ գծով գտնվում է Երասխ գյուղից մոտ 5 կմ հեռավորության վրա, և նախատեսվող գործունեությունը չի կարող որևէ բացասական ազդեցություն ունենալ նշված տարածքների վրա։ Ռամսարի կոնվենցիայով սահմանված խոնավ տարածքներ ևս չկան, իսկ մոտակա թեկնածու Էմերալդ տարածքից ուղիղ գծով հեռու է 12 կմ։ Նախատեսվող գործունեության ազդեցությունը բացառվում է նաև այս տարածքում առկա հնագիտական, մշակութային կամ պատմական հուշարձանների վրա՝ հաշվի առնելով, որ հնարավոր ամենամոտ գտնվող հուշարձանը ուղիղ գծով գտնվում է մոտ 12 կմ հեռավորության վրա։
գ/ հետևանքներ. պլանավորված գործունեության տեսակներ, որոնք գործում են հատկապես բարդ և պոտենցիալ վնասակար ազդեցություն, այդ թվում` այնպիսի ազդեցություն, որը լուրջ հետևանքներ է առաջացնում մարդկանց, բուսական և կենդանական աշխարհի արժեքավոր տեսակների և օրգանիզմների համար, սպառնալիք են հանդիսանում ազդեցության ենթարկված շրջանի ներկայիս կամ հետագա օգտագործման համար և հանգեցնում են լրացուցիչ բեռնվածության առաջացմանը, որը գերազանցում է արտաքին ազդեցությունների հանդեպ շրջակա միջավայրի կայունության մակարդակը:
Տարածքի ընտրությունը, կիրառվող արդիական տեխնոլոգիան և նախատեսվող բնապահպանական միջոցառումները նվազագույնի կհասցնեն մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը։
Մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցությունը բացառվում է։
Մթնոլորտային օդ արտանետվող գազերը պարունակում են ածխածնի օքսիդ և երկօքսիդ, ջրածին, թթվածին, ազոտ։
Արտանետվող գազերի վրա տեղադրվելու է մաքրման երկաստիճան համակարգ, որի արդյունավետությունը կկազմի 99%։
Ներդրվող համակարգերը կապահովեն մթնոլորտ արտանետվող գազերում վնասակար նյութերի պարունակությունների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից ցածր մակարդակ։ Բացի այդ, մթնոլորտում ցրման պայմանները բարելավելու համար նախատեսվում է գազերի մթնոլորտ արտանետման համար 33-35մ բարձրությամբ խողովակ։
Ինդուկցիոն վառարաններից արտանետվող գազերում փոշու պարունակությունը մի քանի անգամ քիչ է քան աղեղային վառարաններից։
Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը բացառվում է։ Ջրապահանջը նախատեսվում է ապահովել գրունտային ջրերի հաշվին, որոնց մակարդակը տարածքում շատ մոտ է մակերեսին։
Տեխնիկական կարիքների համար ջուրը ծախսվելու է միայն հովացման համար։ Օրական շրջանառու ջրի ծախսը նախատեսվում է 328,8խմ։ Արտադրական գործընթացից ջրերի արտահոսք չի նախատեսվում, գործարանն աշխատելու է փակ շրջանառու համակարգով։
Թարմ ջուրը օգտագործվում է միայն շրջանառու համակարգի լրասնուցման համար։
Կենցաղային կեղտաջրերի համար նախատեսվում է արդիական կենսաբանական մաքրման կայան՝ 95-98 % արդյունավետությամբ:
Մաքրված ջրերը կարող են արտանետվել տարածքում գտնվող ցամաքուրդային ջրանցքներ և օգտագործվել նաև տարածքի ոռոգման նպատակով։
Սահմանային Արաքս գետը գտնվում է 6 կմ հեռավրության վրա։ Վնասակար ազդեցությունը բացառվում է՝ հաշվի առնելով, որ արտադրական գործընթցները չեն նախատեսում որևէ վնասակար արտանետում ջրային ավազան։
Կենդանական և բուսական աշխարհի օբյետների վրա ազդեցությունը բացակայում է։
Այս տարածքում բացակայում է կենդանական և բուսական աշխարհը, դրանց հանդիպելու դեպքում օրենքով սահմանված կարգով կիրականացվեն համապատասխան պահպանության միջոցառումներ։
Հողային ռեսուրսների վրա որևէ բացասական ազդեցություն ևս չի կարող դիտարկվել։
Գործարանը նախատեսվում է կառուցել արդեն իսկ խախտված տարածքում, որտեղ մնացել են կիսաքանդված շինություններ, պատնեշի մնացորդներ և այլն։ Գործունեության ենթակա տարածում բացակայում է հողի բերրի շերտը։
Թափոնների կառավարումը ևս իրականացվելու է սահմանված օրենսդրական պահանջների համապատասխան։ Սև մետաղների ջարդոնը հանդիսանում է ոչ վտանգավոր թափոն։ Սև մետաղաջարդոնի ձուլման արդյունքում առաջանցող խարամը, որը չունի վտանգավորության դաս, նախատեսվում է օգտագործել ճանապարհաշինությունում և այլ նպատակներով՝ այսպիսով, կրճատելով թափոնակուտակումը աղբավայրերում»,- ասված է պարզաբանման մեջ։