Բաժիններ՝

Գերշահույթով էին աշխատում, հիմա կաշխատեն շահույթով. Վահագն Սահակյանը՝ օդանավակայանում աշխատող տաքսիների և նոր ավտոբուսների մասին

Երևանում գործարկվել է նոր՝ 100 համարի ավտոբուսը, որն ապահովելու է կապը Ֆրանսիայի հրապարակից դեպի «Զվարթնոց»  օդանավակայան և հակառակ ուղղությամբ:

Ավտոբուսն աշխատելու է առավոտ 07:00-ից մինչև երեկոյան 22:00-ն, 45 րոպե տևողությամբ՝ չբացառելով, որ այն գուցե դառնա քսանչորսժամյա: Գինը 300 դրամ է:

«Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանից փորձեցինք պարզել, թե որքանո՞վ այս փոփոխությունը կնպաստի օդանավակայանում աշխատող տաքսիների գների նվազմանը։

Կարդացեք նաև

«Գերշահույթով էին աշխատում, հիմա կաշխատեն շահույթով: Չեմ կարծում, որ տաքսիների աստղաբաշխական գներն էլ չեն լինի: Օրինակ, Վիեննայում մեկ-երկու անգամ օգտվել եմ տաքսիից, մի քանի անգամ էլ տեղաշարժվել եմ գնացքով: Ոչ միայն սովորական տրանսպորտ, այլև օդանավակայանից քաղաք գնացող գնացք կա: Արագ հասցնում է քաղաք՝ ընդամենը 1-1.5 եվրոյով, իսկ տաքսու գները 30 եվրոյից են սկսվում: Երկուսն էլ զուգահեռ կաշխատեն, բայց այլընտրանք և մրցակցություն պետք է, հակառակ դեպքում գերշահույթ են ունենում»,- պատասխանեց նա:

Հիշեցնենք, ՀՀ կառավարության 2022թ. հունիսի 17-ի նիստում հաստատվել էր օդանավակայանից մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ կատարելու լիցենզավորման կարգը։ Կարգի համաձայն` կազմակերպությունը կամ ԱՁ-ն լիցենզիա ստանալու համար պետք է ներկայացնեն ավտոմեքենայի տեխնիկական անձնագրի, սեփականության վկայականի պատճենը, ուղեսրահում տեղադրված սակաչափիչի ստուգաչափված լինելու մասին տեղեկանք, ծառայություն մատուցող ավտոմեքենաների լուսանկարները։

Սահմանվել է, որ օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող ավտոմեքենան պետք է լինի մինչև 7 տարվա արտադրության, սպիտակ գույնի, գործարանային վառելիքային համակարգով, ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում, տեղադրված սակաչափիչով և «Աերոտաքսի» գրառմամբ ու տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։ Լիցենզավորման պետական տուրքը սահմանվել էր տարեկան 200.000 դրամ։

«ԱԺ-ում հանդիպման ժամանակ ասել եմ՝ 20-30 մեքենայի համար օրենք եք մտածում, երբ 60.000 մեքենա օրենքից դուրս աշխատում է: Երևանում տաքսու շրջանառությունն ամեն օր մոտ 500 միլիոն դրամ է, որից 15 տոկոսն օնլայն հարթակների տերերը տանում են: Դրանից ինչ-որ բան վճարում են պետությանը, որը 20-30 անգամ պակաս է, քան լիցենզիա ունեցող տաքսին պետք է վճարեր: Զբոսաշրջիկը, օդանավակայանից դուրս, ՀՀ-ում մի երկու շաբաթ մնալով՝ օգտվելու է տաքսիների գներից ու զարմանա»,- նշեց Վահագն Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս