Շեշտակի նվազել է

Որքան իշխանություններն ավելի շատ են խոսում զբոսաշրջությունը խթանելու ու զարգացնելու մասին, այնքան ավելի քիչ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան։ Տարեսկզբից սկսած զբոսաշրջային հոսքերն անխափան նվազում են։

Առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով Հայաստան էր այցելել 386.700 քաղաքացի, ինչը 47.700-ով պակաս էր նախորդ տարվանից։

3 ամսում 11 տոկոսով քիչ այցելուներ էին եղել, ինչը, պետք է խոստովանել՝ բավական լուրջ անկում է։ Բայց այն, ինչ ունեցանք ապրիլին, նույնիսկ տեղին չէ այդպես անվանելը։ Ապրիլին արձանագրվեց զբոսաշրջային հոսքերի շեշտակի նվազում։ Նախորդ տարվա համեմատ՝ այցելուների քանակը կրճատվեց ավելի քան 24 տոկոսով։

Եթե անցյալ տարվա այդ ամսին 163.900 զբոսաշրջիկ էր եկել, այս տարի այցելուների քանակը կազմեց ընդամենը 123.700` 40.200-ով պակաս։

Կարդացեք նաև

Զբոսաշրջային հոսքերի այսպիսի շեշտակի նվազում, դժվար է հիշել, նախկինում երբևէ եղե՞լ է, թե՞ ոչ։

Տարեսկզբի 4 ամիսների տվյալներով, ունենք այն, որ զբոսաշրջության ոլորտը հայտնվել է խոր անկման մեջ։ Անխտիր բոլոր ամիսներին այցելուների քանակը կրճատվել է։

Հունվարին եկել է 139.500 զբոսաշրջիկ՝ 14.800-ով քիչ, քան անցած տարի։ Փետրվարին այցելուների թիվը կազմել է 117.400՝ 9.8 հազարով պակաս, քան անցած տարի։ Մարտին զբոսաշրջիկների քանակը ռեկորդային անկում գրանցեց. Այցելուները գրեթե 23.000-ով պակաս էին նախորդ տարվանից։ Նախորդ տարի եկել էր՝ 152.800, այս տարի՝ 129.800։ Այցելուների քանակն այդ ամսին կրճատվեց 15 տոկոսով։

Ապրիլին թարմացվեց նաև այդ ռեկորդը։ Հերթական աննախադեպ անկումը գրանցվեց. 24,5 տոկոսով պակաս զբոսաշրջիկ այցելեց Հայաստան, քան նախորդ տարվա այդ ամսին։

Ընդհանուր առմամբ՝ տարեսկզբի առաջին 4 ամիսներին Հայաստան է եկել 510.000 զբոսաշրջիկ։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում եկածների թիվն անցնում էր ընդհուպ 598 հազարից։

Այս տարվա առաջին 4 ամսում 88.000-ով ավելի քիչ այցելու է եղել, քան 2024թ.։

Զբոսաշրջային հոսքերի կրճատումն արդեն իսկ մոտեցել է 15 տոկոսին։ Նվազման տեմպերը մեծ արագությամբ խորանում են։ Այսպես շարունակվելու պարագայում դժվար չէ պատկերացնել, թե ուր ենք հայտնվելու տարեվերջին։

Այս պահին ունենք այն, որ իշխանությունների կողմից այդքան թմբկահարվող զբոսաշրջությունը խթանելու պայմաններում, երկրորդ տարին անընդմեջ Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը տասնյակ հազարներով կրճատվում է։ Ու այդ տեմպերը գնալով խորանում են։ Անցած տարվա առաջին 4 ամիսներին պակաս էր եկել գրեթե 32.000 զբոսաշրջիկ։ Այս տարի զբոսաշրջիկների թիվը կրճատվել է ևս 88.000-ով։

Երկու տարում այցելուները շուրջ 120․000-ով պակասել են։ Պաշտոնական տվյալներով՝ 2023թ. հունվար-ապրիլին զբոսաշրջության նպատակով 630․000 մարդ էր այցելել Հայաստան։ Այս տարի այցելողների քանակն ընդամենը 510․000 է։ Երկու տարում 19 տոկոսով կրճատվել է։

Այսպես էլ զբոսաշրջություն են զարգացնում։ Մեծ-մեծ խոսելուց, գլուխ գովելուց, հասարակությանը մոլորեցնելուց բացի, ոչինչ ի վիճակի չեն անել։ Ինչպես ամենուրեք՝ դատարկաբանությամբ են զբաղված։ Հայաստան մինչև 2,5 մլն զբոսաշրջիկ բերելուց էին խոսում, 2 տարում զբոսաշրջիկների քանակը 19 տոկոսով կրճատվել է։ Առաջիկայում ևս շարունակելու է կրճատվել։

Հեռանկրում հույս չկա, որ զբոսաշրջային հոսքերը կարող են ակտիվանալ։ Հայաստանի հիմնական զբոսաշրջային գործընկերներից մեկը, եթե ոչ՝ առաջինը, մշտապես եղել է Ռուսաստանը, որտեղից մեծ քանակությամբ այցելուներ էին գալիս։ Այն բանից հետո, երբ հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը մեծացավ, զբոսաշրջային հոսքերն աստիճանաբար սկսեցին կրճատվել։ Դրա հետևանքով Հայաստանի տնտեսությունն արդեն հասցրել է միլիոնավոր դոլարների վնասներ կրել։

Գումարները, որոնք զբոսաշրջության ոլորտից մտնում են տնտեսություն, նաև սոցիալական խնդիրներ լուծում շատ քաղաքացիների համար, ովքեր իրենց հացը վաստակում են զբոսաշրջության հաշվին, դադարել են ստացվել։ Արդյունքում՝ մի կողմից՝ տնտեսությունն է տուժում, մյուս կողմից՝ քաղաքացին։ Բյուջեն ևս չի ստանում իր հասանելիք եկամուտները։

Այն, ինչի տեղի է ունենում զբոսաշրջության ոլորում վերջին 2 տարիներին, նույնիսկ քիչ է մտահոգիչ համարելը։ Այցելուների քանակով գրեթե վերադարձել ենք 2019թ. մակարդակին։ Դա նշանակում է, որ այս տարիներին բացարձակ առաջընթաց չի եղել։ Ոլորտին ուղղված պետական միջոցների անիմաստ վատնում է տեղի ունեցել։ Այդ միջոցները, որոնք ծախսվել են, փոխարենը նպաստեին Հայաստանի նկատմամբ զբոսաշրջային հետաքրքրությունների ակտիվացմանն ու այցելությունների ավելացմանը, հակառակն է եղել՝ այցելուների քանակը կրճատվել է։

Կեղծ են այն բոլոր հայտարարությունները, թե այս տարիներին զբոսաշրջությունը Հայաստանում զարգացել է։ Ունենք այն, որ զբոսաշրջային այցելությունների քանակը գրեթե վերադարձել է 6 տարի առաջվա մակարդակին։ Եվ դրա հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ իշխանությունների անմիջական ջանքերով, Հայաստանը վերածվել է զբոսաշրջության համար «ոչ պիտանի» երկրի. Որակով ու առաջարկվող ծառայություններով մեծապես զիջում ենք, բայց թանկությամբ հավասարվել, երբեմն էլ անցել ենք եվրոպական անգամ առաջատար երկրներին։ Բարձր գներն ու ծախսատարությունը վանում են զբոսաշրջիկներին։

Չհաշված անվտանգային այն խնդիրները, որոնց առաջ կանգնեցրել են երկիրը։

Այսքանից հետո հույս ունեն, թե զբոսաշրջությունը Հայաստանում կարող է զարգանալ։ Ամեն ինչ արել են, որ մարդիկ նախընտրեն հեռու մնալ Հայաստանից ու դեռ մտածում են զբոսաշրջությունն ակտիվացնելու մասին։ Զբոսաշրջության խթանման անվան տակ  հերթական խոշոր վարկն են պատրաստվում վերցնել ու բեռը թողնել քաղաքացիների վրա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս