Ինչպե՞ս հասկանալ՝ սառեցված թռչնամիսը որքա՞ն ժամանակ է պահվել խանութում
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ զուգահեռ՝ նմուշառում էր կատարել տեղական արտադրության սառեցված թռչնամսի մի քանի ապրանքանիշերից և հանձնել լաբորատոր հետազոտության։
Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, իրացման ցանցերից մեկում իրականացվող ստուգման շրջանակներում, նմուշներ են վերցրել «Արաքս», «Աշտարակ», «Էրեբունի» և «Գետամեջ» ապրանքանիշների 15.05.2023թ. արտադրության սառեցված հավերից և հանձնել «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ՝ լաբորատոր հետազոտության:
Հաշվի առնելով, որ ՍԱՏՄ-ն, իր գործառույթների շրջանակում, չի կարող առանց հիմքի վերահսկողություն իրականացնել, նմուշներ են վերցվել իրացման այն ցանցից, որտեղ այդ պահին ընթացել է պետական վերահսկողություն (նախատեսված 2023 թվականի ստուգումների ծրագրով): Նմուշառումն արվել է միայն առկա 4 արտադրատեսակից։
Համաձայն լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Արաքս» և «Գետամեջ» ապրանքանիշերի պաղեցված թռչնամիսը՝ սալմոնելա, իսկ «Էրեբունի» ապրանքանիշը՝ ՄաֆանՄՔ ցուցանիշներով չեն համապատասխանել «Թռչնամսի և դրա վերամշակման արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Հիմք ընդունելով հայտնաբերված խախտումները՝ Տեսչական մարմնի կողմից տրվել է 15.05.2023 թվականի արտադրության պաղեցրած հավերի խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, օգտահանելու կամ ոչնչացնելու կարգադրագիր:
«Արաքս Թռչնաֆաբրիկա» և Վլադ Հակոբյանի անվան «Համակցված Կերերի Գործարան» ՓԲԸ-ներում («Էրեբունի» ապրանքանիշ), ինչպես նաև Թռչնաֆաբրիկա «Գետամեջ 2016» ՍՊԸ-ում այս պահին իրականացվում են վերահսկողական միջոցառումներ՝ ստուգումներ:
«Աշտարակ» ապրանքանիշի պաղեցված թռչնամսում խախտումներ չեն հայտնաբերվել:
Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ հնարավոր է, որ իրոք սալմոնելան հայկական թռչնամսի դեպքում առկա է, բայց հնարավոր է, որ դրսից բերված թռչնամիսն է հայկականի անվան տակ վաճառվում:
«Պետք է բացեն, մեթոդոլոգիան նայեն: Կարող է՝ այնքան են պահել, որ վաճառքի կետում է սալմոնելան ի հայտ եկել: Դրա համար պետք է գնան, արտադրությունից սկսեն ու հետագծով գան»,- մեզ հետ զրույցում ասաց Սերգեյ Ստեփանյանը:
Հարցին՝ մարդ ինչպե՞ս իմանա, թե որքան ժամանակ է սառեցված թռչնամիսը պահվել խանութում, թռչնաբույծների միության նախագահը պատասխանեց. «Սառեցված մսի ժամկետը կախված է սառեցման ջերմաստիճանից: Եթե 18 աստիճանում է, ապա մեկ ամիս կարելի է պահել, եթե 30 աստիճանում է՝ մինչև 6 ամիս կարելի է պահել: Դրա համար կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք խանութների սառնարաններում ջերմաստիճանը պահպանվում է: Պետք է նշված լինեն նաև ժամկետները»:
Նշենք, որ սալմոնելոզն աղիքային վարակիչ հիվանդություն է, բնորոշվում է օրգանիզմի ծանր թունավորումով և կլինիկական բազմազանությամբ։ Վարակը մարդուն է փոխանցվում վարակված սննդամթերքի միջոցով։
Սալմոնելոզի հարուցիչը՝ սալմոնելաները (S. typhimurium, S. Enteritidis և այլն), կայուն են արտաքին միջավայրում՝ բաց քաղցրահամ ջրամբարներում, հողում, մսամթերքներում (այդ թվում՝ երշիկեղենում), ձվի մեջ և սառեցրած մսեղենում, սենյակային պայմաններում փոշու մեջ չեն ոչնչանում ամիսներ, իսկ ապխտած, պահածոյացված, աղի մեջ պահպանվող և սառեցրած մթերքներում պահպանում են կենսունակությունը։ Սենյակային փոշում սալմոնելաները կենսունակ են մինչև 60 օր, չորացած արտաթորանքներում՝ մինչև 4 տարի, -10° պայմաններում՝ 4 ամիս։ 18-20° ջերմության պայմաններում լավ զարգանում են տարբեր սննդամթերքում, մասնավորապես՝ կաթնամթերքում և մսամթերքում։ Ոչնչանում են 85° ջերմության պայմաններում 1 ժամվա ընթացքում։
Հիվանդության գաղտնի շրջանը 2-6 օր է, իսկ սննդային վարակման դեպքում կարող է տևել մի քանի ժամ: Վերջինիս դեպքում կլինիկական երևույթները զարգանում են ավելի բուռն։
Սալմոնելոզի հիմնական ախտանիշներն են՝ ջերմության կտրուկ բարձրացում, սարսուռ, թուլություն և բութ ցավեր մկաններում, ախորժակի անկում, անքնություն, սուր ցավեր պորտի շրջանում: Բնորոշ է մի քանի օր տևող սրտխառնոցը, փսխումը (կարող է սկսվել հիվանդության առաջինն իսկ ժամերից) և լուծը, վերջինս կարող է պարունակել արյան հետքեր։