Բաժիններ՝

Աշխատանքն ու հոգեկան անհանգստությունը

– Հա՛յր, շատ մարդկանց նյարդերը պրկված են լինում, երբ նրանք աշխատանքից տուն են վերադառնում:

– Ես տղամարդկանց խորհուրդ եմ տալիս աշխատանքից հետո եկեղեցի մտնել, մոմ վառել, տասը-տասնհինգ րոպե ժամերգությանը մասնակցել կամ ինչ-որ պուրակում նստել և Ավետարանից հատված կարդալ՝ խաղաղվելու համար: Դրանից հետո թող ժպիտով ու խաղաղված գնան տուն: Քանի որ, հակառակ դեպքում, նրանք դյուրագրգիռ վիճակում կգնան տուն ու կսկսեն հարազատների հետ վիճաբանել: Աշխատանքի վայրում պատահած խնդիրները պետք չէ տուն բերել, դրանք պետք է տան դռան հետևում թողնել:

– Հա՛յր, որոշ մարդիկ, սակայն, արդարացնում են իրենց լարված ու նյարդային վիճակն այն պատասխանատվությամբ, որ կրում են աշխատավայրում, և որն իրենց հոգիներն անհանգստությամբ է լցնում:

– Այն նրանց հոգևոր անհանգստությամբ է լցնում, որովհետև նրանք մոռանում են Աստծու օգնությանը դիմել իրենց գործերում: Ծույլ մարդը, որ մշտապես կրկնում է «ոչինչ, Աստված չի թողնի…», ավելի լավն է, քան այդպիսի մարդիկ: Ըստ իս՝ մարդ ավելի լավ է հասարակ ծառայող լինի, ճիշտ և պատվասիրությամբ կատարի իր աշխատանքը՝ ջանալով պարզեցնել իր կյանքը, բավարարվել անհրաժետով և հանգիստ լինել, քան ինչ-որ գործի կամ արտադրության սեփականատեր լինի և պարբերաբար կրկնի. «Ախր, ինչպե՞ս վարվեմ»: Եվ, սովորաբար, այդպիսի մեծ մարդիկ մեծ պարտքեր են ունենում: Այնուհետև հպարտությունն է խառնվում: «Մի փոխառություն էլ ստանամ և այս բանը կառուցեմ, այնինչը դասավորեմ և կսկսեմ անհոգ ապրել…»,- ասում են այդպիսի մարդիկ, բայց հետո սխալվում են իրենց հաշիվներում, սնանկանում են, և նրանց ունեցվածքը կորում է:

Կարդացեք նաև

Բացի այդ, շատ մարդիկ գլուխը չեն աշխատեցնում իրենց աշխատավայրում: Նրանք անիմաստ ուժասպառ են լինում և չեն կարողանում իրենց հանձնարարված գործը գլուխ բերել: Այնուհետև նրանք ընկնում են մյուսների աչքից և նրանց հոգին անհանգստությամբ է լցվում: Օրինակ՝ մեկն ուզում է ինչ-որ արվեստ կամ արհեստ սովորել, տարիներ շարունակ ուսուցչի մոտ կամ ուսումնական հաստատություն է գնում, սակայն, անուշադիր լինելով, չի կարողանում առաջադիմել, որովհետև գլուխը չի աշխատեցնում: Մարդը պետք է հասկանա, թե ինչ է իրեն անհրաժեշտ աշխատանքի համար և այդ բացը լրացնի:

Օրինակ՝ դեռևս աշխարհիկ լինելով և ատաղձագործ աշխատելով՝ տեսա, որ կահույք պատրաստելու համար խառատահաստոց է անհրաժեշտ: Ի՞նչ անեի: Խառատ փնտրեի ու խնդրեի, որպեսզի օգնե՞ր ինձ: Ո՛չ, ես ձեռք բերեցի այդ հաստոցն ու սովորեցի ինքս աշխատել դրանով: Էլի մի որոշ ժամանակ անց տեսա, որ պետք է պտուտակավոր սանդուղքներ պատրաստել: Ես նստեցի, վերհիշեցի երկրաչափությունն ու հանրահաշիվը, և սովորեցի այդպիսի սանդուղքներ պատրաստել:

Եթե գլխով չաշխատես, կտանջվես: Այս ամենով ուզում եմ ասել, որ մարդ պետք է գլուխն աշխատեցնի, որովհետև աշխատանքի ժամանակ հաճախ բազմաթիվ խնդիրներ ու բարդություններ են առաջանում: Մարդը լավ վարպետ է դառնում, երբ գլուխն աշխատեցնում է և իմանալով, թե ինչպես վարվի ամեն կոնկրետ իրավիճակում՝ կսկսի առաջ գնալ: Ամբողջ հիմքը դրանում է: Գլուխն ամեն ինչում պետք է արդյունավետ ուժ լինի: Հակառակ դեպքում մարդը թերզարգացած է մնում և իզուր ժամանակ է կորցնում:

Հայր Պաիսիոս Աթոսացի 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

surbzoravor.am 

Տեսանյութեր

Լրահոս