Արևմուտքը շեշտը դնում է բանակցությունների արագության և ոչ որակի վրա, որից տուժելու է ողջ գործընթացը․ Լուկիանով
«Հարավային Կովկասում յուրաքանչյուր կողմ կարող է օգտվել ստեղծված աշխարհաքաղաքական անհավասարակշռությունից ու անկայունությունից, ներկայումս դա Ադրբեջանն է փորձում անել բանակցային գործընթացից իր համար անցանկալի կետերը դուրս թողնելու նպատակով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով Արևմուտքում շարունակվող Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի վայրիվերումներին։
Հիշեցնենք, որ այս օրերին Ադրբեջանը ոչ միայն խախտում է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական շփման գծում, այլև հրաժարվեց և հետաձգեց հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսվող նախարարական բանակցությունները։ Ադրբեջանի ԱԳՆ-ն օրերս էլ կոշտ հայտարարություն էր տարածել սահմանազատման-սահմանագծման գործընթացի վերաբերյալ, պայմաններ առաջադրել պաշտոնական Երևանին։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն Բեռլինին ներկայացրել է Հայաստանի իբրև թե հակասական դիրքորոշումները խաղաղ գործընթացի հարցում։
Լուկիանովի խոսքով՝ Երևան-Բաքու գործընթացն ունի լայն աշխարհաքաղաքական համատեքստ՝ Արևմուտքը փորձում է կառչել Կովկասից միջազգային հարաբերությունների համակարգի վերանայման, Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական վակուումի իրավիճակում, և քանի դեռ այդ գործընթացը չի մոտեցել իր ավարտին, չի ուրվագծվել, հարավկովկասյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցնցումները շարունակվելու են՝ ուղեկցվելով բազմաքայլ քաղաքականությամբ, իրավիճակային հայտարարություններով։
Սա, ըստ նրա, թույլ է տալիս կողմերին անընդհատ մանևրել, տեղափոխվել Մոսկվայից Բրյուսել, և այդպես շարունակ։
«Չէ՞ որ, չնայած զբաղվածությանը, Մոսկվան ևս ցանկանում է կողմերի միջև իր միջնորդական դերը պահպանել, իսկ Արևմուտքը լուրջ ռեսուրսներ է դրել, ներկայումս ամենաշահագրգիռ կողմն ու միջնորդն է։ Արևմուտքը վերջին շրջանում նաև բանակցային բարձր տեմպ է հաղորդել գործընթացին՝ կազմակերպելով հանդիպումների շարք, որոնք իրականում միայն մեկ տեսանելի արդյունք են տվել, այն էլ՝ Հայաստանի կողմից քայլի տեսքով։
Սակայն նման գործընթացի հաջողությունը հավասարակշռության և համապարփակության մեջ է, որն Արևմուտքն ակնհայտորեն չի կարողանում ապահովել, քանի որ խնդիր է դրել ոչ թե զբաղվել, մշակել, մոտեցնել կողմերի դիրքորոշումները, հասկանալ այն առանձնահատկությունները, որ ունի այս հակամարտությունը, այլ արագ կնքել խաղաղություն, որպեսզի Ռուսաստանն այլևս երբեք չկարողանա զբաղվել այս ռեգիոնով, անելիք չունենա Հարավային Կովկասում, եթե փորձենք պարզ ձևակերպել։
Չէ՞ որ Հարավային Կովկասում, պետք է անկեղծ լինել, որ այս հակամարտությունը և Մոսկվայի առանձնահատուկ հարաբերությունները Երևանի և Բաքվի հետ Ռուսաստանին ռեգիոնում մշտապես անփոխարինելի ուժ են դարձրել, որի համար Մոսկվան քիչ մեղադրանքներ չէ, որ ստացել է իր հասցեին»,- ասաց քաղաքագետը։ Սակայն նա նաև ասաց, որ որքան էլ ներկայումս ՌԴ քայլերը չեն բավարարում Հարավային Կովկասում և գուցե որոշ երկրների՝ այնտեղ, սակայն ՌԴ ԱԳՆ մոտեցումը և գնահատականը, որ Արևմուտքը «չի հասկանում» Հարավային Կովկասի առանձնահատկությունները, չի տիրապետում ռեգիոնի ու ռեգիոնում առկա խնդիրների պատմությանը, ուստիև չունի համապատասխան փորձ արդյունավետ միջնորդության համար, տեղին է։
«Ուստի չափազանց բարդ իրավիճակ է ուրվագծվում ռեգիոնալ տիրույթում, որտեղ հնարավոր են և իրավիճակային որոշակի, սակայն շատ թվացյալ առաջընթացներ արևմտյան հարթակում, սակայն այդ, այսպես կոչված, առաջընթացը չի փակելու հակամարտությունը և չի վերացնելու ռեգիոնում առկա խնդիրները։ Ուստի վերջնարդյունքում ՌԴ մոտեցումն է ճիշտ դուրս գալու, որ անհրաժեշտ է ավելի երկարատև ու համապարփակ մոտեցում։ Այստեղ շեշտը չպետք է դնել արագության, այլ որակի վրա։ Հենց այդ պատճառով էլ նախորդ փուլում բրյուսելյան գործընթացը տապալվեց, այս տարի որոշում կայացվեց ընդլայնել միջնորդական արևմտյան պլատֆորմն ավելի բարձր արդյունավետության համար, սակայն դա ևս որոշ ժամանակ անց իր էֆեկտը կորցնում է, և կողմերը կրկին հայտնվում են ռազմական էսկալացիայի շեմին, զուգահեռաբար՝ ՌԴ-ն՝ իր ավելի փոքր միջնորդական դերակատարությամբ»,- ասաց Ֆյոդոր Լուկիանովը։