«Մեկը մյուսի վրա է մակագրում. Սպասում եմ՝ գործը մտնի դատարան». Խոսրով պապը հույս ունի վերականգնել հորից ստացած ժառանգության հանդեպ իրավունքը
«Խոսրով Հայրապետի Ավագյանից»՝ մի քանի տարի շարունակ այս նույն մակագրությամբ տարբեր պատկան կառույցների է դիմում 77 ամյա Խոսրով պապը, որպեսզի վերականգնի հայրական տան հանդեպ իր ժառանգության իրավունքը:
Տասնյակ նամակներն ու դիմումները, ինչպես ինքն է պնդում՝ կա՛մ անպատասխան են մնում, կա՛մ վերահասցեավորվում նոր կառույցների՝ մնալով անարդյունք:
«1984 թվականին հայրս մահացավ: Ջանիբեկյան փողոցի թիվ 43 սեփական տունը 106 քմ և 1410 քմ հողամասը հորս անունով էր: Հորս մահից հետո այդ տանը գրանցված էինք 7 եղբայրներիցս միայն ես և երկու եղբայրներս:
1989 թվականին դիմել եմ Շահումյանի նոտարական գրասենյակ, որտեղ նոտարը՝ Սիմոն Մելոյանը, տեղեկացրեց, որ ժառանգության հաստատումը կատարում է առաջին պետնոտարը: Այդ ժամանակ առաջին պետնոտարը Մազմանյանն էր: Նա նայեց բոլոր թղթերը և ասաց, որ՝ տան վրա գրանցված երեք եղբայրներիդ անունով է լինելու ժառանգությունը՝ Խոսրովի, Յախշիբեկի և Ավագի, իսկ փոքր եղբայրս արդեն հաշվառված էր Եղվարդի շրջանի Զովունիում, ուներ սեփականություն,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Խոսրով Ավագյանը՝մանրամասնելով,- Բայց հետո իմացա, որ նրան էլ է հաստատել, հաստատելը մի կողմ դրած՝ 1990 թվականի հոկտեմբեր ամսին Անաստասավան համայնքի թաղային լիազորը իմ ավագ եղբայրն էր՝ Լենդրուշ Ավագյանը, ինձնից գաղտնի համաձայնագիր է ձևակերպում, թե ես և Յախշիբեկը համաձայն ենք հրաժարվել իրենց մասնաբաժնից՝ հօգուտ Ջիվանի: Այդ համաձայնագիրը գրել է կեղծիքով, ու իբր ես ստորագրել եմ:
Այդ ժամանակ ես կալանավորված էի մի գործով, որով հետո ՄԻԵԴ վճռով արդարացում եղավ: 2020 թվականի ապրիլին դատարանից դուրս եկա, և մի երկու օր անց արդեն լուսահոգի կինս, որը երեխաների հետ վարձով էր ապրում, ասաց՝ ժառանգությունը քեզնից խլել են, տվել են եղբորդ՝ Ջիվանին, ինքն էլ արդեն վաճառել է»:
Մեզ դիմած քաղաքացին տեղեկացրեց նաև, որ կրտսեր եղբայրը՝ Ջիվանը, այս համաձայնագրով հայց է ներկայացրել դատարան, իսկ դատարանը մեկ էջանոց վճռով որոշել է, թե տունը պատկանում է Ջիվանին, իսկ հողամասի մի մասը՝ Ջիվանին, մի մասն էլ՝ Յախշիբեկին:
«Այս վճիռը բողոքարկելու համար 2020 թվականին ես դիմել եմ վերաքննիչ դատարան, սակայն հայց ընդունել մերժել են՝ պատճառաբանությամբ, թե փաստաբանս ուշացել է ժամկետներից:
Ես այդ քաղգործը մերժումների հետ ներկայացրել եմ Գլխավոր դատախազություն (այդ ժամանակ Գլխավոր դատախազն Արթուր Դավթյանն էր): Գործն ուղարկվել է Մաշտոցի բաժին, որտեղ հաստատվել է, որ գործը քրեական է, և ներկայացվել է Քննչական կոմիտե: Սակայն 2021 թվականի մայիսի 13-ից՝ գործի հարուցումից մինչ օրս քննություն է ընթանում:
Ի դեպ, ես ունեմ դատական արձանագրություններ, ըստ որոնց՝ 2007 թվականին Ջիվանը խոստովանում է, որ «Խոսրովի ու իմ ընտանիքը 20 տարի ու ավել ոչ մի շփում չենք ունեցել»: Այսինքն՝ ինքն էլ է ապացուցում, որ ես չէի կարող նրան տալ իմ ժառանգությունը»,- հավելեց նա:
Խոսրով Ավագյանը պատմեց նաև, որ հարցի արդար լուծման ակնկալիքով մի քանի անգամ դիմել է Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին, նախկին ու ներկա գլխավոր դատախազներին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին:
«Մեկը մյուսի վրա է մակագրում. Սպասում եմ՝ գործը մտնի դատարան, չգիտեմ՝ ում հրահանգով՝ գործը դեռ Քննչականում է:
Էսպես որ քնցնեն… նկատի ունենալով իմ տարիքը՝ չգիտեմ՝ ինչ կլինի: Էդքան տառապանք տեսած մարդ եմ, հաշմանդամ, վարձակալությամբ եմ ապրում 5 հոգանոց ընտանիքով»,- հուզմունքով նշեց քաղաքացին:
Մեկ այլ գործով Խոսրով Ավագյանի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը տեղեկացրեց. «Ինքն այդ գործով դեռ վկա է. տուժող չեն ճանաչել, որպեսզի որոշում տան՝ կարողանամ մասնակցել: Այդ գործից որևէ տեղեկություն չունեմ՝ ինչ փորձաքննություններ են իրականացվել, և այլն: Դեռ վկայի կարգավիճակ է, դիմումատու է: Որպեսզի փաստաբան ունենա, պետք է իրեն տուժող ճանաչեն»:
168.am-ը գրավոր հարցմամբ կդիմի նաև Քննչական կոմիտե՝ գործի իրավական այլ մանրամասները ներկայացնելու համար: