Պաշտպանության նախարարությունը չի ծախսում իրեն հատկացված գումարները. չեն կարողանո՞ւմ, թե՞ չեն ուզում

Օրերս ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված հաշվետվությունից, որը վերաբերում է 2023թ. առաջին եռամսյակի պետական բյուջեի կատարողականին, հայտնի դարձավ, որ բյուջեի ծախսերում առկա է 130 մլրդ դրամի շեղում, ու այդ թերակատարման «պատասխանատվության» առյուծի բաժինը ընկել է ՀՀ պաշտպանության նախարարության վրա։

Կհիշեք հավանաբար, թե ինչպիսի խանդավառությամբ էին գործող իշխանական թիմի ներկայացուցիչները և վարչապետն անձամբ հպարատանում այն փաստով, որ 2023թ.-ի բյուջեով ՊՆ-ին հատկացվելիք միջոցները նախորդ տարվա համեմատ աննախադեպ ավելացել են, իսկ ավելի կոնկրետ՝ 49.7%-ով։ Սակայն տարվա առաջին երեք ամիսների ամփոփումը ցույց տվեց, որ բավարար չէ միայն ավելացնել հատկացվող գումարի չափը, պետք է նաև կարողանալ այդ գումարը նպատակային ծախսել կամ, առնվազն, ցանկություն ունենալ անել դա։

Մեջբերում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված հաշվետվությունից. «Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության ապահովման ծրագրի շրջանակներում օգտագործվել է շուրջ 59.3 մլրդ դրամ կամ նախատեսված միջոցների 53.2%-ը: Շեղումը հիմնականում պայմանավորված է ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմանների բարելավման և ռազմական կարիքների բավարարման միջոցառումների կատարողականով»: Հավելենք՝ բացի այն, որ արձանագրվել է ՊՆ պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի իրականացման խիստ ցածր կատարողական, փաստացի ծախսերը նույնիսկ 12.8%-ով պակաս են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Կառավարությունը ձևականորեն պաշտպանությանը հատկացնում է մեծ գումարներ, սակայն այդ գումարները չեն ծախսվում։ Արդյո՞ք կարելի է ենթադրել, որ սա հասարակությանը մոլորեցնելու նոր մարտավարություն է, և իրականում Հայաստանի ներկայիս իշխանությունները մտադրությունն էլ չունեն ուժեղացնել ՀՀ պաշտպանական դիրքերը՝ չցանկանալով զայրացնել հարևան թշնամի երկրին կամ գուցե չցանկանալով խախտել ներքին որևէ պայմանավորվածություն։ Ստիպված ենք կրկնել, որ 44-oրյա պատերազմից հետո ՀՀ ներկայիս իշխանությունները որևէ շոշափելի գործուղություն չեն իրականացրել դիրքային պայմանների բարելավման ուղղությամբ, թշնամու՝ ՀՀ սահմաններից առաջխաղացման արդյունքում նոր դիրքերում պատշաճ ինժեներաշինարարական աշխատանքներ չեն տարվել։ Ցավով պետք է հիշեցնել հրդեհի պատճառով 15 զինծառայողի կյանք խլած ողբերգությունը։ Իսկ ո՞վ գիտի, թե քանի նման անմխիթար պայմաններ ունեցող շինություններ կան, որոնք ծառայում են որպես զինանոց։ Եվ թող փորձ չկատարվի կրկին մեղքը գցել նախկին իշխանությունների վրա. 2019թ.-ից առ այսօր, որի ընթացքում եղել է նաև լայնածավալ պատերազմ, այս իշխանություններն էին ու են պատասխանատուն ՀՀ զինված ուժերի բոլոր դրսևորումների համար։ Եվ ևս մեկ անգամ ծագում է նույն հարցը՝ եթե կա գումարը, ինչո՞ւ չեն անում՝ չեն կարողանում, թե՞ չեն ուզում։

44-օրյա պատերազմը, դրանից հետո նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագիրը և դիլետանտների կողմից վարվող արտաքին քաղաքականությունը Հայաստանն ու Արցախը կանգնեցրել են մի իրավիճակի առջև, երբ գրեթե ամեն օր սահմանին արձանագրվում է հրադադարի ռեժիմի խախտում, թշնամին անարգել առաջ է գալիս ու դիրքավորվում, բանավոր պայմանավորվածություններով հողեր են հանձնվում, թշնամին ապօրինի շրջափակում է ու բլոկադայի մեջ ամիսներ շարունակ պահում մի ամբողջ պետություն, իսկ մյուս կողմից առկա է բանակի մարտունակությունը ու բարոյահոգեբանական վիճակը բարելավելու և նյութատեխնիկական ապահովվածությանը պատշաճ մակարդակի հասցնելու լրջագույն խնդիր։ Ու այս ամենի ֆոնին մենք տեսնում ենք, որ Պաշտպանության նախարարության ներկայիս կազմը պարզապես ի զորու չէ հաղթահարել այս բոլոր մարտահրավերները։

Իրականում, եթե ցանկություն են ունենում, շատ լավ էլ կարողանում են գումարը ծախսել՝ հաճախ տրամադրվածից էլ ավել։ Պատերազմից հետո կառավարության բազմաթիվ որոշումներ են եղել, որոնցով բյուջեով հատկացված միլիոնավոր գումարներից զատ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հավելյալ միջոցներ են հատկացվել ՀՀ վարչապետի աշխատակազմին՝  Փաշինյանի նստավայր հանդիսացող կառավարության շենքի վերանորոգման, նոր գույքի ու սպասարկող մեքենաների ձեռքբերման, Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի անձնական PR-ի համար լայնածավալ միջոցառում կազմակերպելու համար, և այսքանով այս ցուցակը չի սահմանափակվում։

ՀՀ պաշտպանության ապահովման ծրագիրը Պաշտպանության նախարարության համակարգի գործունեությունն ապահովող հիմնական ծրագիրն է։ Դրա շրջանականերում նախատեսվում են Զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային ու տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքաքսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի ու զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսապահովման պահանջների բավարարման ծախսերը։ Փաստացի, ունենալով բավականաչափ գումար, ՊՆ-ը կտրուկ շեղումով է իրականացնում իր պատասխանատվության տակ գտնվող ծրագրերը։ Իրապես խայտառակ պատկեր է. պետությունը անվտանգային ու գոյաբանական լրջագույն վտանգի առաջ է կանգնած, ու թվում է թե բոլոր ռեսուրսները պետք է ուղղվեն անվտանգության ու պաշտպանության վրա, բայց արի ու տես, որ պատերազմից հետո անգամ երկրի պաշտպանության համար պատասխանատու թիվ մեկ գերատեսչությունը մատը մատին չի տալիս։

Տեսանյութեր

Լրահոս