Արևմուտքի ծրագիրը՝ արագացված կարգով թուղթ ստորագրել, ռեգիոնը թողնելով խնդիրների մեջ

Մինչ ադրբեջանական ԶՈՒ-ն վերջին օրերին անընդհատ խախտում է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի ուղղությամբ, զուգահեռաբար ապատեղեկատվություն տարածելով, Միացյալ Նահանգները պատրաստվում է առաջիկայում հյուրընկալել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին՝ բանակցային հերթական ռաունդի նպատակով։

Իրավիճակն աննախադեպ է նրանով, որ վերջին ժամանակաշրջանում առաջին անգամ Երևանի, Բաքվի և արևմտյան միջնորդների գնահատականները համընկնում են՝ կողմերը մոտ են Խաղաղության համաձայնագրի ստորագրման, թեև բոլոր հարցերը չէ, որ համաձայնեցվել են։

ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակը հայտարարել է՝ «անհամբեր սպասում են» Բաքվի և Երևանի միջև բանակցությունների նոր փուլին։

«Այո՛, մենք անհամբեր սպասում ենք այս ամիս Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների հերթական փուլին, քանի որ կողմերը շարունակում են ձգտել Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ ապագային: Ինչպես նախկինում եմ ասել, ուղիղ բանակցությունները երկարատև ու արժանապատիվ խաղաղության հասնելու և խնդիրները լուծելու բանալին են։ Միացյալ Նահանգները գոհունակությամբ է արձանագրում, որ Հայաստանն ու Ադրբեջանը այլ ձևաչափերով ևս բանակցում են, այդ թվում՝ նկատի ունեմ ղեկավարների վերջին բանակցությունները»,- ասել է նա։

Հունիսի 12-ին ԱՄՆ-ում սպասվող բանակցություններին ընդառաջ՝ հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ, ով Պետքարտուղարությունից այս խնդրով զբաղվող ամենաակտիվ դիվանագետներից է։

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերին, այդ թվում՝ սահմանազատման ու սահմանային անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրման շուրջ, ընդգծվել է սահմանազատման գործընթացում հնարավոր առավելագույն որոշակիության ապահովման, մասնավորապես 1975թ. քարտեզի շուրջ հանձնառության կարևորությունը: Այս բանակցությունները կդառնան վերջին շրջանում Վաշինգտոնում մասնավորապես մայիսի 1-ից Առլինգթոնում կազմակերպված քառօրյա բանակցություններից հետո երկրորդը նման ձևաչափով։

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության մշտական խորհրդի արտահերթ նիստի իր ելույթում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության շեմին են։ Բայրամովն ասել է, թե Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է Հայաստանի հետ կայուն խաղաղություն ապահովելու համար։

Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթների ընթացքում Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները «հնարավորություն են տվել ավելի լավ հասկանալ կողմերի դիրքորոշումները»։ Սակայն, ըստ նրա, իրենք սպասում են, որ Երևանը քաղաքական կամք դրսևորի՝ լուծելու տարաձայնությունները երեք ուղղություններով, որոնք ձևավորում են խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ քննարկումների օրակարգը:

Այս համատեքստում Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում հիմնական խոչընդոտներն են «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում Հայաստանի անօրինական ռազմական ներկայության շարունակումը», «Ադրբեջանի ներքին գործերին Երևանի միջամտությունը», «Բաքվի և Ղարաբաղի տարածաշրջանի տեղի հայ բնակչության միջև երկխոսության խոչընդոտումը»։ Ներկայացված երեք պահանջներից ոչ մեկով պաշտոնական Երևանը որևէ խոչընդոտ չի ներկայացնում։ Ավելին, Երևանը հայտարարում է, որ Ստեփանակերտի փոխարեն՝ բանակցելու մանդատ չունի, և պետք է ձևավորվի բանակցային մեխանիզմ Բաքվի ու Ստեփանակերտի միջև, սակայն այդ հարցը մատնված է անորոշության։ Եվս մեկ հարց, որից Երևանը խոսում է, դա սահմանազատման գործընթացում քարտեզի հստակեցման հարցն է։

«168 ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ Միացյալ Նահանգները Երևան-Բաքու բանակցություններում իրական միջնորդի ու ուժերը բալանսավորողի դերակատարություն չի կրում։ Արևմուտքը, ըստ նրա, Հայաստանի օգտին, ՀՀ դիրքերի ու դիրքորոշումների ամրապնդման օգտին որևէ ջանք չի ներդնում, այլ աշխատում է, որպեսզի Ռուսաստանը դուրս մղվի տարածաշրջանից, Ռուսաստանին հարկավոր է այդ թղթի կտորը, որպեսզի աշխարհին ցույց տա իր ջանքերի արդյունքը՝ անկախ իրականում այն հանգամանքից, որ համաձայնագրի արագ ստորագրումը որևէ արդյունք չի ապահովելու։

Արեշևի կարծիքով, Արևմուտքը ամենաշատը կարող է հասնել փաստաթղթի ստորագրման՝ կողմերին թողնելով ծանր հարցերի հետ միայնակ։

Նրա կարծիքով, Մոսկվայում ինչ-որ հանդիպումներ տեղի ունենում են, սակայն որևէ լուրջ հարց չի քննարկվում։

«Միևնույն ժամանակ Մոսկվան փորձում է ուղերձ հասցնել, որ խաղաղության հասնելու համար պետք է լուծել ապաշրջափակման ու սահմանազատման հարցերը, որ առանց այդ հարցերի շուրջ համաձայնության՝ հնարավոր չէ խաղաղություն, ու դա ճիշտ դիրքորոշում է, Մոսկվան պետք է կարողանա ճիշտ ու տեղին փաստարկներով սա հասցնել կողմերին։ Մոսկվան լիովին դուրս չի եկել գործընթացից, սակայն նախկին ուժով չի աշխատում, քանի որ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ֆոնին ոչ միանշանակ ու բարդ զարգացումներ են գրանցվում հետսովետական ռեգիոնում։ Մոսկվային այս պահին բավարարում է այն ներկայությունը, ինչ նա ունի, միևնույն ժամանակ՝ ռուսական կողմի համար կարևոր է, որ իրավիճակն ընդհանուր առմամբ իր համար չլինի անակնկալ ու լինի վերահսկելի քիչ թե շատ։ Այն, որ արևմտյան հարթակում, Վաշինգտոնում և Բրյուսելում ինտենսիվ բանակցություններ են ծավալվում, դրվում են բոլոր ջանքերը, որ կողմերը հնարավորինս շուտ հաղթահարեն խոչընդոտները և ստորագրեն համաձայնագիր, միանշանակ է։

Եվ առաջիկա բանակցությունները Վաշինգտոնում միտված կլինեն որոշ տարընթերցումներ հարթելուն։ Սակայն կրկնեմ, արևմտյան հարթակում ՀՀ դիրքերի ամրապնդում, ՀՀ դիրքորոշումների առաջմղում և ՀՀ-ի համար նպաստավոր պայմաններ չեն ապահովվում, հենց այդ պատճառով չկա առաջընթաց բանակցային մեխանիզմի հարցում և ամենայն հավանականությամբ այդ հարցն ինչ որ անորոշ ձևակերպումներ կստանա և որևէ կերպ չի երաշխավորվի, քանի որ Արևմուտքի համար կարևորը փաստաթղթի ստորագրությունն է և ոչ դետալներն ուսումնասիրելը։ Սա է նաև պատճառը, որ նրանք անընդհատ խոսում են ուղիղ բանակցություններից»,- ասաց նա։

Ըստ նրա, Արևմուտքն առաջնորդվում է հստակ ծրագրով․ կազմակերպվում են նախարարական բանակցություններ, քննարկվում որոշ հարցեր, ապա առաջընթաց արձանագրվում Բրյուսելում բարձր մակարդակով։

«Կա հստակ տպավորություն, որ Արևմուտքը փորձում է գործընթացն ավարտին հասցնել այս տարի, բոլոր հանդիպումներն ամիսներ առաջ ծրագրվում են՝ դրանով իսկ կողմերին դնելով մի իրավիճակի մեջ, որում նրանք արդեն պարտավորված են բանակցել Արևմուտքում և չունեն օրակարգ Մոսկվայում։ Բայց կրկնեմ, գլխավորը կողմերի համար այն է, որ առանց այդ մի շարք ուղղություններով հանգամանալից աշխատանքի, հնարավոր չէ որակյալ փաստաթուղթ ստորագրել, որն իսկապես արդյունքի կհանգեցնի, դա անհնար է։ Օրինակ, տարօրինակ է, երբ նման բանակցությունների ժամանակ կան կրակոցներ սահմանին, իսկ ո՞վ է երաշխավորում, որ փաստաթղթի ստորագրումից հետո դրանք չեն լինելու, կամ խնդիրները վերանալու են, եթե ակնհայտորեն երևում է, որ չկան կոնկրետ լուծումներ։ Օրինակ, Երևանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անընդհատ հայտարարում այդ մասին, իսկ Ադրբեջանը չի անում»,- ասաց Արեշևը։

Տեսանյութեր

Լրահոս